Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ է, որ դատախազությունն ուզում է իր կարած գործն ավարտին հասցնի». Սերժ Սարգսյանը՝ մեղադրական ճառի մասին

Դեկտեմբեր 14,2023 16:22

«Պարզ է, որ դատախազությունն ուզում է իր կարած գործն ավարտին հասցնի, բայց հաջորդ նիստին կլսեք նաեւ պաշտպանների առարկությունները»,- այսօր «Դիզվառելիքի գործով» նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դիզվառելիքի գործով» նիստում այսօր պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հիշեցնենք, նրա նկատմամբ, դեռ նախաքննության փուլում, կիրառվել էր հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը, որը հետագայում ևս մնացել էր ուժի մեջ: Պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ այս ընթացքում Սերժ Սարգսյանը դրսեւորել է պատշաճ վարքագիծ՝ չխուսափելով եւ որեւէ կերպ չխոչընդոտելով քննությանը, նաեւ գործը մտել է վերջին փուլ, որտեղ գործի քննությանը խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու որեւէ պատճառաբանություն անիմաստ է լինելու: Բացի այդ, Սերժ Սարգսյանն ի սկզբանե մերժել է վաղեմության ժամկետի հիմքով հակընդդեմ հայցի ներկայացումը, իսկ մեղադրող դատախազն իր ճառում այսօր պահանջեց նրան մեղավոր ճանաչել՝ ազատելով պատժի կիրառումից՝ վաղեմության ժամկետի հիմքով:

Դատախազն առարկեց՝ չընդունելով պաշտպանի ներկայացրած փաստարկները: Նա պնդեց, որ ընտրված խափանման միջոցը դեռեւս պիտանի է եւ անհրաժեշտ է:

Միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ 17.30-ին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Դիզվառելիքի գործով» դատավարությունը:

Հիշեցնենք, որ այդ գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031