Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանաչել մեղավոր եւ ազատել քրեական պատասխանատվությունից». Դատախազի պահանջը՝ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի համար

Դեկտեմբեր 14,2023 15:46

Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Գեւորգ Հարությունյանին ճանաչել մեղավոր եւ ազատել քրեական պատասխանատվությունից, քանի որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքից անցել է ավելի քան 10 տարի, իսկ այդ դեպքում, ՀՀ ՔՕ-ն սահմանում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են. այսպիսի պատժաչափ պահանջեց հանրային մեղադրողն այսօր ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության նախկին վարչության պետ Գեւորգ Հարությունյանի համար: Հանրային մեղադրողը պահանջեց նաեւ, որ ամբաստանյալների խափանման միջոցների հարցը թողնել անփոփոխ, ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը նույնպես թողնել անփոփոխ:

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Դիզվառելիքի գործով» դատավարությունը:

Մեղադրող դատախազը ներկայացրեց մեղադրական ճառը՝ 37 էջից բաղկացած: Ճառի վերջին հատվածում փաստվում է, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին՝ դիտավորությամբ կատարված արարք է, այն կոռուպցիոն բնույթի հանցագործություն է, որը մեծագույն չարիք է, որը խոչընդոտում է պետական համակարգերի, քաղաքացիական հասարակության գործունեությունը, ժողովրդավարական հասարակարգի ստեղծումը

Այլ մանրամասները՝ տեսանյութերում

 

 

Հիշեցնենք, որ այդ գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով դատախազությունը նաեւ քաղաքացիական հայց է ներկայացրել՝ Սերժ Սարգսյանից, Բարսեղ Բեգլարյանից, Սերգո Կարապետյանից, Սամվել Գալստյանից եւ Գեւորգ Հարությունյանից պահանջում են հօգուտ պետության բռնագանձել մոտ 490 մլն դրամ գումար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031