«Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արտահանողներին օգնենք՝ երրորդ ուղղությամբ ապրանքներ արտահանելիս»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ «Մեր մյուս տարվա պլանների մեջ կա բազմաթիվ ուղղություններով ջանքերը մեծացնել, որպեսզի արտահանման դիվերսիֆիկացիա լինի։ Մենք չենք ուզում ինչ-որ երկրի հաշվին ուրիշ երկրի հետ հարաբերությունները լավացնել, ուղղակի գիտենք, որ մեծ պոտենցիալ կա բազմաթիվ այլ ուղղություններով, բացի արդեն առկա աշխատող ուղղություններից»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքների մոտ 40 տոկոսը ներկայում Ռուսաստանի Դաշնություն է գնում։
Ըստ Քերոբյանի՝ կառավարության այսօրվա ընդունած որոշումներից մեկը վերաբերում էր ԵԱՏՄ-ի եւ Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրին։ «Դա եւս շատ կարեւոր քայլ է, որպեսզի մեր առեւտրային շրջանառությունն Իրանի հետ ընդլայնվի։ Եթե ուղղությունների մասին ասեմ, ապա մեզ համար այսօր ամենագրավիչ ուղղությունները Արեւելյան Ասիայի երկրներն են՝ Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա։ Իհարկե, նաեւ Մերձավոր Արեւելքն է մեզ համար կարեւոր ուղղություն, արաբական երկրներ, Եվրոպա, ԱՄՆ, բոլոր ուղղություններով ունենք մեծ պոտենցիալ»,- հավելեց նախարարը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ