Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներն այսօր բողոքի ցույց արեցին կառավարության շենքի մոտ։ «Այստեղ հավաքվել են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ շահագործողները, ամեն մեկն իր համար է գնել այդ մեքենան։ Կառավարությունը որոշում է ընդունել՝ մեքենաները մաքսազերծել սուբսիդավորման ծրագրով, որն իր մեջ պարունակում է 30 տոկոս, որը պետք է վճարեն վարորդները։ Սակայն այդ 30 տոկոսը հարցի լուծում չէ, մեզ հարկադրված տանում են մաքսազերծման, որի հնարավորությունն այսօր այստեղ հավաքվածներից որեւի մեկը չունի, որովհետեւ խոսք է գնում մեծ գումարների մասին»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ իրենց մեքենաները մաքսազերծելու համար դեկտեմբերի 30-ը, ներառյալ` իրենց ժամկետ է տրվել։ «Այսինքն՝ տրվել է ընդամենը 25 օր ժամանակ, աստղաբաշխական թվեր, որը հնարավոր չէ վճարել։ Խոսքը 2 մլն դրամից սկսած գումարների մասին է, դիմացն էլ Նոր տարի է, ոչ ոք դրա հնարավորությունը չունի։ Այդ մեքենաները շահագործողները բոլորն էլ իրենց մեքենաները բերել են ավելի էժան գներով, եւ իրենց մեքենայից թանկ մաքսազերծում են պահանջում։ Պլյուս բնապահպանական հարկ են ուզում, միայն բնապահպանական հարկը կազմում է 1500-2000 դոլար»,- հավելեց ցույցի մասնակիցը։
Մասնակիցները նշեցին, որ ցանկանում են, որպեսզի կառավարության որոշումը վերանայվի՝ մաքսազերծման արժեքի ու բնապահպանական վճարի մասով։ Ըստ նրանց՝ իրենք հանդիպել են ՊԵԿ նախագահի հետ, ներկայացրել են իրենց տեսակետը, որ հնարավորություն չունեն այդ գներով մաքսազերծվում իրականացնել։ «Սակայն այդ հանդիպումից 2 օր հետո այդ որոշումն առանց քննարկման ընդունվել է՝ 30 տոկոս մաքսազերծման գնով եւ 100 տոկոս բնապահպանության վճարով։ Մենք պահանջում ենք, որ հանդիպում լինի կառավարության անդամների, նաեւ վարչապետի հետ, որովհետեւ 10 տոկոսից ավելի վճարում ոչ ոք ի վիճակի չէ կատարել»,- ասացին ցույցի մասնակիցները։
Նշենք, որ կառավարության որոշմամբ երրորդ երկրներից «ձեւական» ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման գումարի մի մասը կվճարի պետությունը, եթե մաքսազերծումն իրականացվի մինչեւ դեկտեմբերի 30-ը։
Կարդացեք նաև
Ըստ որոշման՝ պետությունը մաքսազերծման փոխհատուցման գումար կտրամադրի այն քաղաքացիներին, ովքեր մինչեւ 2023-ի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով 3-րդ երկրներից ներմուծել են մարդատար ավտոմեքենա եւ դեկտեմբերի 5-30-ը կկատարեն մաքսազերծումը․ «Մինչեւ 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենայի դեպքում փոխհատուցվելու է վճարման ենթակա գումարի 40%-ը, քաղաքացին կվճարի 60%-ը, 5 տարուց ավելիի դեպքում՝ վճարման ենթակա գումարի 70%-ը կվճարի պետությունը, 30 տոկոսը՝ քաղաքացին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ