Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատման գործընթացը դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա»․ կառավարությունը հաստատեց ՀՀ-Ադրբեջան հանձնաժողովի աշխատակարգը

Դեկտեմբեր 14,2023 12:50

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը հաստատելու մասին» որոշումը։

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ասաց, որ աշխատակարգով սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման ու համատեղ աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը։

«Մասնավորապես, սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամը եւ վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջեւ համաձայնությամբ։ Նիստերը հանձնաժողովների նախագահների միջեւ համաձայնությամբ, որպես կանոն, անցկացվում են հաջորդաբար ՀՀ կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին կամ երրորդ երկրների տարածքներում, ինչպես նաեւ տեսակոնֆերանսի ձեւաչափով։ Այն դեպքում, երբ նիստերն անցկացվում են հանձնաժողովներում ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմն ստեղծում է դրանց անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ ապահովում եւ երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Նախագծի ընդունումը կարեւոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում, որի վրա հենվելով՝ հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը»,- ասաց փոխնախարարը։

Նա հավելեց, որ աշխատակարգի ընդունման արդյունքում ՀՀ եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռնվում ստեղծել հիմքեր՝ սահմանազատման եւ սահմանազատման գործընթացների, դրանց իրավական եւ տեխնիկական ասպեկտների մշակման համար՝ հետագայում երկու պետությունների միջեւ պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու ու ստորագրելու նպատակով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այս փաստաթուղթն այս պահին կազմակերպչական հարցեր է պարունակում։ «Այսինքն՝ ինչպես ենք հարաբերվելու եւ ինչպես ենք կազմակերպելու հանդիպումները։ Հաջորդ փուլում պետք է մշակենք մի այլ կանոնակարգ, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Այդ փաստաթղթով արդեն մեթոդաբանություն էլ պետք է նկարագրենք եւ կոնկրետ սահմանումներ պետք է տանք, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ, ինչը գերկարեւոր է, եւ ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ։ Կարծում եմ՝ այդ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակվեն կոնկրետ փաստաթղթերով եւ տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձեւաչափով»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ այսօր այս փաստաթուղթը հրապարակելու են։

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ այս որոշումով սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, որը շատ կարեւոր է։ Մենք գաղտնի փաստաթուղթ չենք հաստատում, լինելու է հրապարակային, որը նաեւ շատ կարեւոր է, որպեսզի մեր հանրությունը փորձագետները հնարավորություն ունենան ծանոթանալ, թե ինչ կառուցակարգերի շրջանակներում է տեղի ունենալու սահմանազատման աշխատանքը, հետագայում նաեւ անդրադարձ կլինի սահմանագծման գործընթացին։ Ընդհանուր առմամբ կա ըմբռնում, որ հնարավորինս, ինչքան պայմանները թույլ են տալիս, ակտիվացնել աշխատանքը եւ փորձել առաջընթաց գրանցել այս ուղղությամբ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031