Լրահոս
Օրվա լրահոսը

Գազայում մարդասիրական հրադադարի մասին բանաձևին ՀՀ-ն կողմ քվեարկեց

Դեկտեմբեր 14,2023 12:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների 153 կողմ, 10 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Պաղեստինի և 17 այլ պետության կողմից ներկայացված բանաձևը, որը, լուրջ մտահոգություն հայտնելով Գազայի հատվածում ծավալվող աղետի, պաղեստինցի խաղաղ բնակիչների տառապանքների և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն պաղեստինցի և իսրայելցի խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտության առնչությամբ՝ կողմերին պահանջում է անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել, առանց նախապայմանի անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին, արտոնել մարդասիրական հասանելիություն և հարգել մարդասիրական պարտավորությունները, հատկապես խաղաղ բնակիչներին պաշտպանելու հետ կապված:

Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին: Կողմ են արտահայտվել նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը:

Դեմ քվեարկող 10 երկրներից էին Իսրայելը և ԱՄՆ-ն:

Ի թիվս այլ պետությունների` Վրաստանը, Գերմանիան և Ուկրաինան ձեռնպահ մնացին քվեարկության ժամանակ:

Նախքան բանաձևի ընդունումը, ավստրիական պատվիրակությունն առաջարկեց ամրագրում մտցնել բանաձևում, ըստ որի՝ պատանդների ազատ արձակմանն առնչվող մասում կնշվեր, որ պատանդները պահվում են «ՀԱՄԱՍ-ի և այլ խմբավորումների կողմից»: Ավստրիացիներն առաջարկում էին նաև «մարդասիրական հասանելիություն» եզրույթից առաջ ներդնել «անհապաղ» բառը:

89 կողմ, 61 դեմ և 20 ձեռնպահ ձայներով Գլխավոր ասամբլեան մերժեց ավստրիական առաջարկությունը:

Հայաստանը կողմ էր: Կողմ էին նաեւ Իսրայելը, ԱՄՆ-ն, Վրաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը:

Դեմ արտահայտվեցին Պաղեստինը, Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը և Պաղեստինին հավատարիմ արաբական երկրները:

Ադրբեջանը քվեարկությանը չմասնակցեց:

Ամերիկյան կողմի առաջարկը, որով Գլխավոր ասամբլեան անվերապահորեն կմերժեր և կդատապարտեր «հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից ձեռնարկված զազրելի ահաբեկչական հարձակումն Իսրայելի վրա, ինչպես նաև անձանց պատանդավորումը», նույնպես չընդունվեց:

Կողմ էր 84 պետություն, դեմ՝ 62, ձեռնպահ՝ 25: Հայաստանը կողմ քվեարկեց, իսկ քվեարկության պատկերը գրեթե նույնն էր: Ադրբեջանը կրկին չմասնակցեց քվեարկությանը:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031