Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը կրում է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագիրը: Այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ տիկին Ռաբաբ Ֆաթիմա,
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախագահ պարոն Լեվոկմամբ Պլամբե,
Կարդացեք նաև
Հարգելի նախարարներ,
«Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրի ներքո անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպման հարգելի ներկայացուցիչներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում այս կարևորագույն թեմայով կարևորագույն միջոցառումը կազմակերպելու և ներկա գտնվելու առիթով:
Պիտի արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ, մենք ժամանակի ընթացքում նաև վերանայում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարումն այն առումով, որ սովորաբար մեր առաջին ընկալումն այն է, որ տրանսպորտային կոմունիկացիաները կարևոր են ապրանքների և մարդկանց տեղափոխության համար: Բայց վերջին շրջանում նաև մեր օրակարգերի բերումով մենք արձանագրում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարման կարևորությունը տարածաշրջանային կայունության, անվտանգության և ընդհանրապես՝ խաղաղության պահանջի և խաղաղության հաստատման բերումով, որովհետև մեր համոզմունքն այն է և մենք այդ համոզմունքն արտահայտում ենք թեմային առնչվող բոլոր միջազգային հարթակներում, որ խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է և առկայություն: Իսկ այդ կապերն ակնհայտորեն չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների:
Սա է պատճառը, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որն, ըստ էության, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է և որն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ:
Դուք երևի տեղյակ եք, որ ավելի քան 30 տարի Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են, և այսօր մենք շատ ենք խոսում տարածաշրջանային երկրները և կոմունիկացիաները բացելու հնարավորության մասին: Շատ կարևոր եմ համարում այս հեղինակավոր լսարանում արձանագրել Հայաստանի պատրաստակամությունը շատ կոնկրետ և գործուն քայլեր իրականացնելու մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ, ինչը գործնականում արտահայտում է մեր նախագիծը հետևյալում:
Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում, նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով: Առաջինը՝ հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ և երկրորդը՝ հարավային ուղին, որն այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Ընդ որում, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և ընդհանրապես՝ արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղով: Այս պատրաստակամությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես և այսօր նույնպես արտահայտում ենք:
Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք, ընդ որում, կարող են ունենալ հյուսիսային ուղի, այսպես ասած՝ միջին ուղի և հարավային ուղի, որը, ինչպես տեսնում եք, նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար: Ըստ էության, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-ի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքով:
Ընդ որում՝ մենք նույնը խնդիրը և պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանրապես՝ միջազգային տնտեսական հարաբերությունների և մշակութային, քաղաքական կապերի և ընդհանրապես՝ գլոբալ անվտանգության հարցերի վրա:
Շատ կարևոր է արձանագրել, թե որոնք են այս սկզբունքները, որոնք մեր կարծիքով, պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկման հիմքում: Ավելի ճիշտ՝ ոչ միայն մեր կարծիքով, այլև դրանք միջազգայնորեն ընդունված ակնհայտ սկզբունքներ են:
Առաջինն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են:
Հաջորդ խնդիրը և սկզբունքը հետևյալն է՝ յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաներում սահմանային հսկողությունը, մաքսային հսկողությունը և անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ դրանցով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այս խնդրի լուծման համար, ներառյալ՝ անվտանգությունն ապահովելու համար, վերջերս Հայաստանի կառավարության որոշմամբ Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում, որի առանձնահատուկ նպատակը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է:
Հաջորդ սկզբունքը հետևյալն է՝ բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցության համար: Երկրները ենթակառուցվածքներն օգտագործում են հավասարության և փոխադարձության սկզբունքի հիմա վրա:
Վերը հիշատակված սկզբունքների շրջանակներում կարող են տեղի ունենալ ընթացակարգերի որոշ պարզություններ փոխադարձության և հավասարության սկզբունքով:
Հարգելի ներկաներ,
Ինչպես նկատեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այս քարտեզում արտահայտում է հիմնականում երկաթուղիները և ճանապարհները, կարող է օգտակար լինել նաև Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, գազատարների կառուցման և անցման համար: Իհարկե, սա շատ ավելի մեծ գործընթաց է և նախագիծ է, քան տարածաշրջանայինը, ինչպես արդեն ասացի, միջազգայնորեն էական ազդեցություն կարող է ունենալ:
Թեմային հետ առնչվելով, ըստ էության, այս նախագիծն առնչվում է դեպի ծով ելք չունեցող երկու երկրների Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանին:
Այսօր էլ, ըստ էության, մենք դեպի ծով ելքի հնարավորություն ունենք բարեկամական, եղբայրական Վրաստանի և բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով: Բայց մենք կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի դեպի ծով ելքի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները, և նաև ընդհանուր առմամբ, մուլտի մոդալ բեռնափոխադրումների ավելի լայն հնարավորություններ կստեղծի, ինչպես նաև նշված ուղղություններով շատ էական հնարավորություններ կարող են բացվել նաև խողովակաշարերի համար, մալուխների համար, էլեկտրահաղորդման գծերի համար:
Բայց, իհարկե, այս ամենը հնարավոր է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն: Հիմնական հարցը, որ հնչում է՝ ինչքանո՞վ է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև և ի՞նչ սկզբունքների շրջանակներում այն պետք է տեղի ունենա:
Ինչպես նշված է այս սահիկում, հիմնական սկզբունքները երեքն են, որոնցից մեկին ես, ըստ էության, արդեն անդրադարձա, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնությունները պիտի տեղի ունենան երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Առաջին սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառակուսի կիլոմետր:
Հաջորդը սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Նրանց համար, ովքեր գուցե լավ տեղեկացված չեն, ասեմ, որ Ալմա-Աթայի հռչակագիրը մի փաստաթուղթ է, որով երկու իրողություն արձանագրվեց: Առաջինը, որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի և երկրորդը, որ խորհրդային հանրապետությունները, տվյալ դեպքում՝ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած 12 հանրապետություններն անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով: Հետևաբար՝ վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների, և ստորագրած երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ սահմանների հիման վրա:
Շատ կարևոր է արձանագրել, որ այս երեք սկզբունքները, պայմանավորվածություններն արձանագրվել են Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքներով, մասնավորապես, մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման արդյունքներով: Եվ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից և սկզբունքներից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական: Իմ կողմից ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունը նշված պայմանավորվածություններին: Հիմնական հարցը, որ ծագում է՝ ինչքանո՞վ է հավանական, որ առաջիկայում, մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի:
Ընդհանրապես, նաև այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք վկայում կամ խոսում են այն մասին, կամ կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Եվ օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն:
Բայց, քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացել է գերեվարված անձանց փոխանակություն, և Հայաստանի 31 ներկայացուցիչներ և 1 զինվորական Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի կողմից վերադարձվել է Հայաստանին, ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա:
Եվ կուզենայի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին:
Հարգելի ներկաներ,
Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրի ներքո անցկացվող հանդիպման առիթով: Այս կարևոր խորհրդաժողովին մաղթում եմ հաջողություն, որովհետև քննարկվող թեման շատ կարևոր է, և ինչպես արդեն ասացի, ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, անվտանգային, մշակութային և գլոբալ կայունությանն առնչվող համատեքստ: Համոզված եմ, որ այսօրվա հանդիպման քննարկումները, եզրակացություններն իրենց նպաստը կբերեն մեր տարածաշրջանի, դեպի ծով ելք չունեցող երկրների և ընդհանրապես գլոբալ զարգացմանը, կայունությանը և անվտանգությանը:
Շնորհակալ եմ»:
Երևանում ընթացող միջոցառումը հանդիսանալու է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում:
Միջոցառմանը մասնակցում են 30-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Բոտսվանայի և Նեպալի արտաքին գործերի նախարարները, Զիմբաբվեի, Էսվատինիի և Լեսոթոյի տրանսպորտի նախարարները, Մալավիի զբոսաշրջության նախարարը, Պարագվայի և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարները, Տաջիկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի տրանսպորտի փոխնախարարները:
Միջոցառմանը մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատիանա Մոլչանը, ՏՐԱՍԵԿԱՅԻ Գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալը:
Տեսաուղերձներով հանդես կգան ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարները:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ