Aravot.am-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ արդեն երկրորդ ամիսն է՝ հաշմանդամություն ունեցողները չեն կարողանում ստանալ Կառավարության որոշմամբ իրենց՝ անվճար տրամադրվող դեղերի մեծ մասը, իսկ պոլիկլինիկաներից պատասխանում են, որ դեղերը վերջացել են, դեկտեմբերին նույնպես չեն տրամադրվելու, քանի որ արդեն տարին ավարտվում է:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ խնդիրը Երեւանի քաղաքապետարանի տիրույթում է, նախարարությունը տրամադրում է միայն ինսուլին, տուբերկուլյոզի, հոգեկան հիվանդությունների, չարորակ գոյացությունների, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, մալարիայի, ցրված սկլերոզի եւ այլ ծանր դեպքերի համար նախատեսված դեղերը: «Մնացածի համար մենք գումարը տրամադրում ենք Երեւանի քաղաքապետարանին, որովհետեւ պոլիկլինիկաները քաղաքապետարանի ենթակայությամբ են գործում»,-փոխանցեցին նախարարության լրատվականից:
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը, եւ ինչ խորհուրդ է տալիս քաղաքապետարանը արդեն 2 ամիս դեղեր չստացած ու հատկապես անվճարունակ քաղաքացիներին:
«Այս տարի ամռան վերջում փոփոխություն եղավ մարդկանց ֆունկցիոնալության գնահատման մեջ, եւ դեղորայք ստացող մարդկանց թիվը մոտավորապես 20 տոկոսով ավելացավ (3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք եւս արդեն օգտվում են անվճար դեղեր ստանալու իրավունքից): Դրան գումարվեցին նաեւ մեր՝ Արցախից տեղահանվածները:
Կարդացեք նաև
Տեղեկացնեմ, որ գնումները լինում են տարվա սկզբից, հաշվարկը տարվա սկզբի համար էինք արել, բայց ինչպես արդեն նշեցի՝ մեկ անգամ 20 տոկոսի աճ տեղի ունեցավ խումբը փոփոխելուց, մեկ անգամ էլ արցախցիներն ավելացան, նաեւ դեղորայքի ցանկը փոխվեց, այդտեղ էլ մի փոքր աճ ունեցանք: Այնպես որ, նորմալ է, որ դեկտեմբեր ամսվա համար որոշ պոլիկլինիկաներում խնդիրներ ունենանք:
Այս պահին մյուս տարվա տենդերները հայտարարված են՝ արդեն ավել չափով կլինեն դեղերը: Ինչ վերաբերվում է գումարին, ՀՀ Առողջապահության նախարարությունն իսկապես լրացուցիչ գումար տրամադրել է, եւ այդ առումով խնդիր չկա: Բայց, օրինակ, մասնավոր դեպքեր կան, երբ դեղորայքի փոխարինողն առաջարկում է պոլիկլինիկան, սակայն մարդիկ չեն ցանկանում դա վերցնել»,-ասաց Դավիթ Կարապետյանը: Նա հավաստիացրեց, որ այս պահին գնումներով ձեռքբերված դեղերը կան պոլիկլինիկաներում, որոնք բացակայող դեղերի փոխարինողներն են:
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը հավելեց, որ դեղորայք ստացող անձանց քանակն արդեն պարզել են, բոլոր կարիքները գնահատված են, մրցույթը հայտարարված է, ուստի ակնկալում է, որ եթե մատակարարման եւ այլ խնդիրներ չլինեն, հունվարի սկզբին դեղերը հասանելի կլինեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ