JAMnews. Հինգ կին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրում Վրաստանի ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, միտրոպոլիտ (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու բարձրագույն կոչում, ինչպես նաև այդ կոչումը կրող անձ) Նիկոլոզ Պաչուաշվիլիին։
«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է լրագրող Նաստասյա Արաբուլիի նյութը, որտեղ մի կին բացահայտ և չորս կին անանունության սկզբունքով պատմում են այն մասին, թե ինչպես են տարբեր ժամանակներում դարձել միտրոպոլիտի կողմից սեռական ոտնձգությունների զոհ:
Կինը, որը բացահայտ հայտարարել է, որ ինքը բարձրաստիճան հոգևորականի զոհն է դարձել, 33-ամյա Լելա Կուրտանիձեն է։ Նա ասել է, որ իրենից ավելի քան մեկ տասնամյակ է պահանջվել քաջություն հավաքելու և այդ մասին բարձրաձայնելու համար: Ինքը՝ միտրոպոլիտը, կնոջ պատմությունը համարում է զրպարտություն, որի նպատակն իր հեղինակությանը վնաս հասցնելն է։
Բացի Լելայից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը զրուցել է այլ կանանց հետ, որոնցից ոմանք խոսում են ոտնձգությունների, ոմանք՝ սեռական բռնության մասին։ Նրանցից մեկը պնդում է, որ ինքը անչափահաս է եղել, երբ միտրոպոլիտի կողմից սեռական ոտնձգությունների զոհ է դարձել։ Մյուսի պատմությունը տեղի է ունեցել Վրաստանի սահմաններից դուրս՝ Գերմանիայում։ Երկու կանայք այնպես, ինչպես Լելան, ծանոթացել են Նիկոլոզ Պաչուաշվիլիի հետ Ջավախեթի կատարած արշավի ժամանակ, երբ ուսանող են եղել։
Կարդացեք նաև
Սա առաջին դեպքն է, երբ մի քանի կանայք հրապարակայնորեն մեղադրում են վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան անդամին սեռական բռնության մեջ:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ երկար տարիներ Վրաստանի ուղղափառ եկեղեցին եղել է երկրի ամենահեղինակավոր և ազդեցիկ կազմակերպությունը:
62-ամյա Նիկոլոզ Պաչուաշվիլին ամենաբարձր աստիճանի եպիսկոպոս է, միայն կաթողիկոս-պատրիարքն է նրանից կոչումով բարձր։
Վրաստանի անվտանգության ծառայության՝ 2021 թվականին արտահոսք եղած գրառումներում, որոնք հիմնականում նկարագրում են հոգևորականների անձնական կյանքի դիտարկման մանրամասները, Նիկոլոզ Պաչուաշվիլիի մասին ասվում է.
«Միտրոպոլիտը բնութագրվում է որպես կիրթ, գիտուն ու ճկուն մարդ… Նրա բացասական կողմը համարվում է իգական սեռի նկատմամբ վերաբերմունքը։ Հայտնի է, որ նա ինտիմ հարաբերություններ ունի երիտասարդ կանանց ու միանձնուհիների հետ, որոնք թեմում ուխտագնացություններ են իրականացնում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: