Վանդալիզմի հերթական դրսևորումը
Ադրբեջանցիներն ավերել են Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում։
Սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել։
Քաշաթաղում բնակություն հաստատած ադրբեջանցիները տեղեկացրել են, որ այնտեղ կառուցվելու է հանգստի կենտրոն և ռեստորան։ Մինչդեռ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշում է, որ Աղանուս գյուղում իրականացված շինարարական աշխատանքները կատարվել են կամայականորեն և շինարարական աշխատանքների վերաբերյալ որևէ թույլտվություն չի տրվել։
Կարդացեք նաև
Ադրբեջանական moderator.az կայքը հայտնում է, որ տարածքի բնակիչները պահանջում են անհապաղ դադարեցնել շինարարությունը և համապատասխան կառույցներին հաշվետվություն ներկայացնել տարածքում կատարված ապօրինի աշխատանքների մասին։
«Ի՞նչ կարիք կար այս գեղատեսիլ վայրի ծառերը կտրելու ու այդ տարածքի կանաչն ու զովությունը վերացնելու համար, ինչ է թե ճանապարհ սարքեն: Սա իսկական էկոցիդ է, ուրիշ անուն չունի սա: Դա էլ հո հայերը չեն արել», – նշված է լրատվականի հոդվածում:
Արցախի հուշարձանների մշտադիտարկման խումբ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն