Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ընկան Հադրութն ու Շուշին, ով էր օպերացիայի հեղինակը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 14,2023 10:16

Շարունակում ենք հրապարակել ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ Արցախի դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում տրված ցուցմունքից դրվագներ։ Նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ գործով քննիչը Սամվել Բաբայանին հարցրել է, թե պատերազմի ժամանակ ով էր ստանձնել Արցախի Հանրապետության հարավային ուղղության պաշտպանության պատասխանատվությունը, ինչն էր նշված ուղղությամբ անհաջողությունների պատճառը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ռազմական գործողություններն ընթանում էին Արցախի հարավում, եւ կարծիք կա, որ այստեղ կրած մի քանի պարտությունն է եղել ճակատագրական եւ բեկումնային պատերազմի հետագա ընթացքի համար։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այդ ուղղությամբ իրավիճակը կտրուկ փոխելու իր առաջարկներն էր արել. 2020թ․ դեկտեմբերի 12-ին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը քարտեզի վրա ցույց տալով օպերացիայի պլանը՝ նշել էր, որ ինքը կոնկրետ առաջարկ է արել, իսկ Մովսես Հակոբյանը հրաժարվել է մասնակցել այդ օպերացիային՝ իր հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով։

Պատերազմի ավարտից տասն օր անց՝ 2020թ․ նոյեմբերի 19-ին, Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում արձագանքել էր Բաբայանի ասածներին եւ հիմնավորել, թե ինչու է այն ժամանակ մերժել այդ առաջարկը։

Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ, եւ նրա մասնակցությամբ հրամանատարական կետում խորհրդակցություն է տեղի ունենում, որտեղ էլ հաստատվում է հարավային ուղղությամբ ռազմական գործողության պլանը՝ Սամվել Բաբայանի առաջարկով։

Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ գործողությունների հետեւանքով է հայկական կողմը կորցրել իր ռեզերվը։ «Մենք կորցրել էինք մեր ամբողջ ռեզերվը, եւ հարավային դարպասում բանակն այլեւս հնարավորություն չի ունենում մխրճված հակառակորդի դեմն առնելու»,- հայտարարել է նա։

Հարավային թեւի անհաջող օպերացիայի վերջնակետում էր, որ թշնամին վերցրեց Հադրութը, ճեղքեց Շուշիի դարպասներն ու գրավեց բերդաքաղաքը։ Սամվել Բաբայանն իր ցուցմունքում հերքում է այն փաստը, որ ինքն է եղել օպերացիայի առաջարկն անողը։ Ավելի վաղ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Հրապարակի» հետ զրույցում այս առնչությամբ ասել էր, որ Սամվել Բաբայանը հարցաքննության ժամանակ ամեն ինչ գցել է այլոց վրա՝ նշելով, որ ինքը որեւէ կապ չի ունեցել, ֆունկցիա չի ունեցել, կողքից նայողի դերում է եղել։

Այժմ ներկայացնենք Սամվել Բաբայանի ցուցմունքից մի հատված։

Քննիչ․ «Արցախի Հանրապետության նախագահի կամ արցախյան այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ երբեւէ քննարկե՞լ եք պատերազմի ընթացքը, եւ ինչպիսի՞ դիրքորոշում ուներ Արայիկ Հարությունյանը՝ պատերազմը կանգնեցնելու կամ այն շարունակելու հետ կապված»։

Սամվել Բաբայան․ «Պատերազմի ընթացքում ես եւ Արայիկ Հարությունյանը պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքը, նա եւս համոզվել էր, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չէ դիմակայել հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն, սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ։ Վստահ եմ, որ վերը նշված բացթողումները չլինելու դեպքում հնարավոր էր հասնել հաջողության»։ Հիշեցնենք, որ բացթողումների մասին նույն ցուցմունքում Սամվել Բաբայանն ասել էր․ «Զորահավաքը սխալ էր պլանավորված։ Զորահամալրվող անձնակազմն ըստ մասնագիտությունների եւ տարածքների ճիշտ չէր բաժանված։ Այսինքն՝ ըստ զինվորական մասնագիտությունների բաշխված չէր անձնակազմը, իսկ անձնակազմը ծանոթ չէր տեղանքին եւ ընդունակ չէր կատարել մարտական խնդիրը․․․»։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031