Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավատալ բարձր գաղափարներին

Դեկտեմբեր 14,2023 10:00

Ավելի քան 150 համաշխարհային գործիչներ՝ Նոբելյան մրցանակակիրներ, խոշոր գործարարներ, պետությունների նախկին ղեկավարներ կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայերին՝ ներառյալ հումանիտար գործիչ Ռուբեն Վարդանյանին:

Քանի որ «Առավոտն» արդեն 2 ամսից ավելի է՝ որեւէ գործնական կապ չունի Ռուբենի եւ նրան առնչվող կառույցների հետ, ես, կարծում եմ, կարող եմ անկաշկանդ գրել իմ կարծիքը նրա մասին:

Ես բարձր եմ գնահատում Ռուբենի գործունեությունը Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում: Այն ներդրումները եւ բարեգործությունները, որոնք նա արել է, բացառապես «խաղաղ» բնույթ են կրում եւ ուղղված են տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, քաղաքացիական հասարակության զարգացմանը: Մեր դավադրապաշտները, որոնք նույնիսկ հիմա ասում են, որ նա «Պուտինի ուղարկած մարդն է», կարո՞ղ են ասել, թե ինչով են Դիլիջանի միջազգային դպրոցը կամ «Տաթեւեր» ճոպանուղին (որը վերջերս աշխարհում լավագույնն է ճանաչվել)  «պուտինյան նախագծեր»: Եվ, ի դեպ, ի պաշտպանություն Վարդանյանի եւ այլ հայ կալանավորների՝ նամակը սատարողների թվում ոչ մի ռուսաստանցի գործիչ չկա:

Մենք ապրում ենք համատարած անհավատության եւ ցինիզմի մթնոլորտում, եւ այդ պայմաններում շատ դժվար է համոզել, որ մարդկային վարքի համար կարող են լինել «իդեալիստական» դրդապատճառներ: Որ կարող են լինել անձինք, որոնք պատրաստ են զոհաբերել հարմարավետությունը, բարեկեցությունը, ֆիզիկական ազատությունը եւ նույնիսկ կյանքը՝ հանուն այն գաղափարների, որոնց հավատում են: Ռուբենի հետ անձնական կարճատեւ շփումների ժամանակ ես նրան հենց այդպիսին տեսա: Շարքային քաղքենուն շատ ավելի հեշտ է համոզել, որ ամեն ինչ արվում է հանուն փողի, պաշտոնի, փառքի կամ էլ՝ ինչ-որ մեկի հրահանգով:

Այնպես որ, Ռուբեն Վարդանյանի դեպքում աշխատում է ոչ միայն հայաստանյան իշխանամետ քարոզչությունը, այլեւ վերը նկարագրված պարզ հոգեբանական մեխանիզմը: Ավելի ճիշտ՝ առաջինը (քարոզչությունը) հիմնվում է երկրորդի (քաղքենու մտածողության) վրա: Պարզունակ ներաշխարհ ունեցող մարդիկ չեն կարող հավատալ, որ հնարավոր է ապրել ոչ թե մանր կրքերով ու խարդավանքներով, այլ՝ ավելի բարձր գաղափարներով, եւ հենց այդ պատճառով էլ ամեն տեղ կրքեր ու խարդավանքներ են փնտրում: Շատերը չեն կարող հրաժարվել իրենց խղճուկ պաշտոնից կամ մանդատից, էլ ո՞ւր մնաց՝ չեն կարող պատկերացնել, թե ինչպես է հնարավոր հրաժարվել աշխարհի տաքուկ անկյունում կյանք վայելելուց:

…Թշնամու բանտում ցանկացած հայի գտնվելը ցավ է: Համենայնդեպս, ցավ պիտի լինի հայերի համար: Բայց, ինչպես տեսնում ենք, ավելի  մեծ ցավ են ապրում այլազգիները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շնորհակալություն Արամ Աբրահամյանին օբյեկտիվ վերլուծության համար։
    Իսկ վերջաբանը սթափեցնող է և պետք է դառնա մեր ազգային ամոթը (իհարկե, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք դեռ չեն կորցրել այդ զգացողությունը)։

  2. Հ.Շ. says:

    Թուրքերի կողմէ ձերբակալուած Արցախի ղեկավարների մէջ, Ռուբեն Վարդանյանի պարագան, իւրայատուկ է:

    Արդարեւ, իր պարագային միայն, ո՛րեւէ տեսանկիւնից – այսինքն, ներառեալ թրքականը – լիովին ու բացարձակապէս անհիմն է այս անձին ձերբակալութիւնն ու բանտարկութիւնը:

    Որովհետեւ ինք, որեւէ մարտական գործողութեան հետ երբեք չէ ունեցած որեւէ կապ:

    Այս իրողութիւնն է որ թերեւս իրականանման կը դարձնէ նրա *Փութինի մարդը* լինելու վարկածը: Քանզի դա կը մնայ բացատրութեան կարելիութիւն մը, թէ ինչու զինք ձերբակալեցին ու պահում են բանտում:

    Կամ էլ, թուրքերը ուզում եմ պարզապէս իր – եւ իր տնտեսական շրջանակի ընկերների – հարստութիւնից օգտուել: Եւ ուրեմն սակարկութիւնը կը վերաբերի փրկագինի գումարին: (Ինչպէս որ Փաշինյանը անում է, հետապնդելով Հայաստանի հարուստները)  :

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031