Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ միայն թունավորումների ու մարսողական խնդիրների դեպքում․ ակտիվացրած ածուխի օգտագործման առավելություններն առողջության համար

Դեկտեմբեր 14,2023 09:30

Ակտիվացրած ածուխը ստանում են ածխածնով հարուստ նյութերի՝ տորֆի, փայտի, կոկոսի կեղևի գերտաքացման միջոցով․ ակտիվացման այդ գործընթացի արդյունքում ածուխը վերածվում է խիստ ներծծող նյութի, որը կարող է կապվել մոլեկուլների, իոնների կամ ատոմների հետ և հեռացնել դրանք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ակտիվացրած ածուխը երաշխավորվել է որպես շտապօգնության միջոց գերդոզավորման կամ թունավորումների դեպքում։ Սակայն այսքանով չի սահմանափակվում ակտիվացրած ածուխի օգտագործման շրջանակը․ մասնագետները նշում են այս միջոցի հետևյալ առավելություններն առողջության համար․

1. Ակտիվացրած ածուխը նպաստում է երիկամների առողջությանը

Ակտիվացրած ածուխը կարող է նպաստել երիկամների աշխատանքին՝ ֆիլտրելով թունավոր նյութերն ու դեղանյութերը։ Այս նյութն ավելի արդյունավետ է սպիտակուցային նյութափոխանակության արգասիք հանդիսացող միզանյութի ձևավորման արդյունքում առաջացած տոքսինների հեռացման համար։
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ակտիվացրած ածուխը կարող է բարելավել երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց երիկամների գործառույթն ու նվազեցնել աղեստամոքսային համակարգի բորբոքումը։

2. Օգնում է ազատվել գազերից

Համարվում է, որ ակտիվացրած ածուխը կարող է վերացնել աղիների գազերը և թեթևացնել որովայնի փքվածությունը։ 2020 թ․-ին հրապարակված հետազոտությունում նշվում է․ «Ակտիվացրած ածուխը կարելի է արդյունավետորեն օգտագործել աղեստամոքսային համակարգում գազերի նվազեցման համար․ այն մատչելի, անվտանգ ու օգտագործման տեսանկյունից պարզ մեթոդ է, որի արդյունքը նկատելի է մեծահասակների որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ»։

3. Պայքարում է փորլուծության դեմ

Ակտիվացրած ածուխը կարող է օգտագործվել փորլուծության բուժման համար, քանի որ կանխում է այն մանրէների ու դեղանյութերի ներծծումն օրգանիզմում, որոնք կարող են փորլուծություն առաջացնել։ Ընդ որում, ակտիվացրած ածուխն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունի, քան
հակալուծային դեղամիջոցները։

4. Մաքրում է խմելու ջուրը

Մարդիկ վաղուց ի վեր օգտագործում են ակտիվացրած ածուխը խմելու ջրի մաքրման համար։ Այնպես, ինչպես աղիներում ու ստամոքսում, ջրում էլ ակտիվացրած ածուխը կարող է փոխազդեցության մեջ մտնել ու կլանել այնտեղ պարունակվող տոքսինները, պեստիցիդներն ու այլ քիմիական նյութերը։ Ակտիվացրած ածուխը կարող է օգնության գալ այն պայմաններում, երբ կա ջուրը ֆիլտրելու անհրաժեշտություն։

5. Սպիտակեցնում է ատամները, հոգում բերանի խոռոչի առողջության մասին

Բերանի խոռոչի, ատամների խնամքի, սպիտակեցման համար նախատեսված բազմաթիվ միջոցներ կան, որոնց հիմքում ակտիվացրած ածուխն է․ այն փոխում է բերանի խոռոչի pH հավասարակշռությունը՝ նպաստելով կարիեսի, բերանի տհաճ հոտի, լնդերի հիվանդությունների կանխարգելմանը։
Ակտիվացրած ածուխը նաև սպիտակեցնում է ատամները՝ կլանելով ատամնափառն ու սննդի մանրագույն մասնիկները, որոնք երանգավորում են ատամները։
Սակայն կարևոր է հիշել, որ այս միջոցն ատամների խնամքի համար պետք է չափավոր օգտագործել՝ էմալի վնասվածքներից խուսափելու համար։

6. Կիրառվում է մաշկի խնամքի, հոտազերծման համար

Ակտիվացրած ածուխը նաև արդյունավետ է տեղային օգտագործման դեպքում։ Տարատեսակ դիմակների, խնամքի միջոցների կազմում գտնվող այս բաղադրամասը կապում է թունավոր նյութերը, փոշին, մանրէներն ու քիմիական նյութերը, որոնք կարող են մաշկի վրա պզուկների և այլ խնդիրների առաջացման պատճառ դառնալ։ Ակտիվացրած ածուխը նաև հոտազերծիչ ազդեցություն է գործում։
Այն կերակրի սոդայի հետ միասին կարելի է օգտագործել որպես հոտազերծիչ ամենատարբեր վայրերում, օրինակ՝ սառնարանում։

7․ Օգտագործվում է որոշ դեղամիջոցների գերդոզավորման դեպքում

Ակտիվացրած ածուխը հաճախ է օգտագործվում որպես շտապօգնության միջոց դեղամիջոցների գերդոզավորման կամ թունավորումների դեպքում։
Կարող է կիրառվել ոչ ստերոիդային հակաբորբոքային, հանգստացնող դեղամիջոցների, կալցիումական անցուղիների պաշարիչների և այլ պրեպարատների գերդոզավորման հետևանքները կանխելու համար։ Այդպիսի դեպքերում ակտիվացրած ածուխը պետք է հնարավորինս արագ ընդունել՝ մինչ այդ միջոցները կհասցնեն ներծծվել օրգանիզմում։

Ակտիվացրած ածուխը չի կարող օգնել երկաթից, լիթիումից, նավթամթերքից և մի շարք այլ միջոցներից առաջացած թունավորումների դեպքում։

Կողմնակի ազդեցություններ

Ակտիվացրած ածուխի կողմնակի հնարավոր ազդեցություններն են փորկապությունն ու մուգ կղանքը, հազվադեպ՝ աղիների խցանումը, ջրազրկումը։
Ակտիվացրած ածուխ օգտագործելու նպատակահարմարության մասին պետք է մտածել, եթե կան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աղիների արյունահոսությունը, խցանումը, անցքեր աղիներում, քրոնիկ ջրազրկում, դանդաղ մարսողություն, վերջերս կատարված վիրահատություն և այլն։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031