Լրահոս
Օրվա լրահոսը

Բլե՞ֆ, թե՞ ստի պերեդոզ

Դեկտեմբեր 14,2023 14:30

Կառավարության 2021-2026 թվականների գործողության միջոցառումների ծրագիր. ձախողված կառավարություն

Մի օր, երբ կգա հանրային ադեկվատության ժամանակն ու քաղաքական գնահատական կտրվի թավշյա եւ սիրո իշխանազավթմանը, Արցախի կործանման ու Հայաստանի պետականության հաշմանդամության այս տարիները հայ ժողովրդի պատմության դասագրքերում կարձանագրվեն որպես պատմության սեւ էջեր։ Իսկ հիմա թավշյա բլեֆի ու ստի պերեդոզի շքերթը, ցավոք, դեռ շարունակվում է։ Այս իշխանությունը կեղծել է ոչ միայն հանրային էմոցիաներն ու զգացմունքներն ու դրանց թառած՝ զավթել իշխանությունը, այլ նաեւ՝ իր բոլոր պաշտոնական եւ դե յուրե հաստատված փաստաթղթերում խաբել է ժողովրդին։

Թերթենք կառավարության 2021-2026 թվականների գործողության ծրագիրն ու հասնենք ԵՄ-ի կողմից նախատեսված փաթեթին։ Իհարկե, ստի պերեդոզի այս փաստաթղթում, որը բուռն օվացիաներով ընդունվեց Ազգային ժողովում, յուրաքանչյուր ոլորտում սուտ եւ չկատարված ծրագրերի դափոններով արձանագրումներ կան, օրինակ, «Լեռնային Ղարաբաղ» պարբերությունն ընդհանրապես ստի մանիֆեստ է, քանզի Նիկոլի իշխանությունը, 2021-ի հունիսին՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա խոստանալով, կրկին զավթեց իշխանությունը, իսկ արդեն օգոստոսին՝ կառավարության հնգամյա ծրագրում, որի ավարտին դեռ երկու տարի կա, գրեց՝ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Այսպիսով, 2021-ի հերթական իշխանազավթումից հետո, երբ հանրությանն այլ նախընտրական ծրագիր էր ներկայացվել, օգոստոսին, Ազգային ժողովը կառավարության հնգամյա ծրագրում հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը արտաքին քաղաքական գերակայություն համարելու դրույթը, դրանից անմիջապես հետո Նիկոլի իշխանությունն Արցախն անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչին էլ հետեւում է Արցախի բռնի տեղահանումը։ Սույն հնգամյա ծրագրում բլեֆի եւ ստի պերեդոզի մի մեծ հատված էլ «նվիրված» է ԵՄ-ի հետ նախանշված ծրագրերին։ Թավշյա իշխանազավթումից անմիջապես հետո, 2018-ին՝ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից, 2019-ին՝ Մերկելի ու ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո, Նիկոլը բոլոր հարթակներից ավետեց ամենասպասված լուրի մասին՝ «շուտով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը մտնելու է ուժի մեջ եւ դա մեր իշխանության ժողովրդավարության ձեռքբերումներից է»։

Ավելին, 2018-ին արդեն Նիկոլը խոստանում էր, որ ամենաուշը 2019-ին հայ բազմաչարչար քաղաքացին Եվրոպա մուտքի ազատականացված վիզայից օգտվելու՝ թավշյա իշխանության նվերն է ունենալու։ Բնականաբար, խոստացված թավշյա խոստումներն անցան, մուտքի ազատականացման շուրջ ԵՄ-Հայաստան բանակցություններն այդպես էլ մնացին թղթի վրա ու տեղափոխվեցին մեկ այլ փաստաթուղթ՝ կառավարության 2021-2026 թվականների ծրագիր։ Առ այս պահը ԵՄ-ի հետ հարաբերությունների առանցքային խնդիրներից մեկի շուրջ՝ մուտքի ազատականացման շուրջ բանակցություններ չկան, ու ամեն անգամ, երբ ՀՀ որեւէ պաշտոնյա այդ հարցը բարձրացնում է եվրոպական հարթակներում, միացյալ Եվրոպան սույն թեման միանգամից «ցրում է»։

Ի դեպ, այդ խնդրում ոչ միայն որեւէ դրական տեղաշարժ չկա, այլ կա խիստ բացասական հետընթաց։ Որեւէ իշխանության ժամանակ ԵՄ մուտքի վիզա ստանալն այսքան բարդ չի եղել, ինչպես թավշիստների իշխանության ժամանակ է։ ԵՄ բազմաթիվ երկրներ ուղղակի, առանց որեւէ հիմնավորման տոտալ մերժում են անգամ բուժման եւ ուսանելու մեկնող ՀՀ քաղաքացիներին ԵՄ մուտքի վիզա տրամադրել, իսկ Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների որոշ հյուպատոսություններում աննախադեպ բարգավաճում է կոռուպցիան։ Բայց այս ամենի մասին Նիկոլի կառավարության հնգամյա ծրագրում որեւէ բառ չկա։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031