Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպիվակովն ու Դուրգարյանը պարտական են մեկմեկու

Դեկտեմբեր 14,2023 13:00

Հարցազրույց իսպանաբնակ ջութակահար, դիրիժոր եւ մանկավարժ Հմայակ Դուրգարյանի հետ

– Մաեստրո, դուք վաղուց ճանաչված անուն եք թե մեր հանդիսատեսի, եւ թե արվեստագետների շրջանում, եզակի այն երաժիշտներից եք, ով տասնամյակներ ապրելով ու ստեղծագործելով արտասահմանում, ամեն տարի հանդես է եկել հայրենիքում, հիմնականում ձեր հարազատ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Վերջերս էլ ղեկավարեցիք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի կամերային նվագախումբը (ղեկավար՝ Արմեն Կարճյան), հնչեցնելով Բախի, Վիվալդիի, Հայդնի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես եկան ջութակահար Աստղիկ Վարդանյանը եւ հոբոյահար Հովհաննես Պապիկյանը։ Համերգից հիացական տպավորությունները հասել են մեզ։ Հանդիսատեսը հատկապես նշում է ձեր ղեկավարությամբ համերգի ավարտին հնչեցրած Հայրապետական օրհներգը։ Ինչ-ինչ պատճառներով սա մեր առաջին հանդիպումն է ձեզ հետ։ Նպատակը մեկն է. հոդվածի միջոցով հրավիրել կինովավերագրողների կամ ֆիլմարտադրողների ուշադրությունը ձեր  հարուստ ու հետաքրքիր ստեղծագործական կյանքին եւ կարիերային։ Ուրեմն կխնդրեինք սկսել սկզբից. ծնվել եք Գյումրիում…

– Արմատներս՝ հորական կողմը, Էրզրումից են։ Մայրս դաշնակահարուհի էր։ Իհարկե, 82 տարվա բարձունքից հեշտ չէ հիշել ու դետալ առ դետալ ներկայացնել ապրածս տարիները, բայց փորձեմ։ 7 տարեկան էի, ինձ էլ՝ շատ երեխաների նման, տարան երաժշտական դպրոց՝ ընդունելության քննությունների։

Այն տարիներին, երբ ստանում էիր երեք 5 թվանշան, ընդունվում էիր դաշնամուրային բաժին, երկու 5, մեկ 4-ի դեպքում՝ լարային բաժին։ Ես հինգերով հանձնեցի քննությունները, բայց իմ ցանկությամբ ընդունվեցի ջութակի դասարան։

– Ինչո՞ւ ջութակի։

– Ինչպես այն ժամանակ, հիմա էլ այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Պարզապես շատ էի սիրում այդ գործիքը, ուզում էի անպայման ջութակ նվագել։ Հիմա որ թռիչքներով պատմեմ, ոչինչ, չէ՞ (ժպտում է- Ս. Դ.)։ Սովորեմ էլ Գյումրիի երաժշտական դպրոցում, ապա Կարա-Մուրզայի անվան երաշտական ուսումնարանում՝ հիանալի ուսուցիչ Վարդան Գրիգորյանի դասարանում: 1961թ.-ին տեղափոխվեցի Երևան և ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիան՝ Կարպ Սամվելիչ Դոմբաևի դասարան: 1962թ.-ին Զարեհ Սահակյանցի ղեկավարությամբ ստեղծեցինք Հայաստանի առաջին կամերային նվագախումբը, որտեղ ես աշխատեցի մինչև 1969 թվականը: Հենց այդ տարի էլ Երևանում մասնակցեցի անդրկովկասյան երաժիշտ կատարողների մրցանակաբաշխությանը՝ ստանալով երկրորդ մրցանակը և լաուրեատի կոչում: Դա ինձ հնարավորություն տվեց, որ մեկնեմ Մոսկվա՝ ընդունվելու Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ աշխարհահռչակ Բ. Վ. Բելինկիի դասարան: Մի քանի ամիս անց Բելինկին երաշխավորեց իմ դասավանդումը ԽՍՀՄ միակ երաժշտական տասնամյա դպրոցում՝ կոնսերվատորիային կից:

1972 թվականին ես մրցույթով աշխատանքի անցա ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում՝ Եվգենի Սվետլանովի ղեկավարությամբ: Այս կոլեկտիվի հետ աշխատեցի տասը տարի, շրջելով աշխարհի համարյա բոլոր երկրները: Զուգահեռ նվագում էի Ռուդոլֆ Վարշայի եւ Լեւ Մարկիզի ղեկավարած կամերային նվագախմբերում։ 1982թ. տեղափոխվեցի «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբ, որտեղ աշխատեցի մինչև 1993 թվականը:

– Իսկ ինչպե՞ս եղավ ջութակահարից դիրիժոր անցումը, գիտենք, որ դուք չունեք համապատասխան կրթություն։

– Շատ անվանի դիրիժորներ չունեն հենց դիրիժորական կրթություն, այդ թվում՝ իմ լավ բարեկամ Սպիվակովը կամ Յուրի Բաշմետը եւ այլն։

– Այնուամենայնիվ, որտե՞ղ եւ ե՞րբ առաջին անգամ հանդես եկաք որպես դիրիժոր։

– 1984 կամ 85 թիվն էր, «Վիրտուոզների» հետ համերգներ ունեցանք Գյումրիում։ Երկու, թե երեք ստեղծագործություն ղեկավարելուց հետո, ինձ համար անսպասելի, Սպիվակովը դիրիժորական փայտիկն ուղղելով ինձ, շրջվեց դեպի հանդիսատեսը եւ հայտարարեց, թե հաջորդ երկը կղեկավարի իր հարազատ ընկերը՝ ձեր համերկրացի Հմայակ Դուրգարյանը։ Ինձ ոչինչ չէր մնում, քան ենթարկվել մաեստրոյին, մանավանդ, անկեղծ ասած՝ դա իմ սրտով էր։ Ես էլ ջութակս փոխանցեցի նրան, մի խոսքով՝ տեղերով փոխվեցինք։

– Կուզեինք լսել ձեր պատմությունը, թե ինչպես հայտնվեցիք Իսպանիայում։ Մենք ընդամենը գիտենք, որ դա 1990-ականների վատ տարիներին էր, երբ Իսպանիա հյուրախաղերի մեկնած 23 երաժիշտներից կազմված Սպիվակովի նվագախմբից ընդամենը երեք երաժիշտ վերադարձավ։ Դա, բնականաբար, ցնցող երեւույթ էր եւ շատ լավ ենք հիշում տարածված խոսակցությունները…

– Խոսակցությունները մեզ էլ են հասել։ Այդ առիթով ասեմ, որ 1990թ. «Մոսկվայի վիրտուոզները» Աստուրիայի թագավորական ընտանիքի հրավերով մի քանի տարի աշխատելու նպատակով մեկնեց Իսպանիա։ Կնքվել էր աշխատանքային պայմանագիր։ Ես հիմա իմ մասով ասեմ. պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 1994թ.-ին, ես աշխատանքի հրավեր ստացա Աստուրիայի իշխանական սիմֆոնիկ նվագախմբից, դառնալով կոնցերտմայստերի օգնական։ Այս նվագախմբի հետ էլ հյուրախաղեր եմ ունեցել աշխարհով մեկ, զուգահեռ դասավանդում էի Օվիեդոյի համալսարանում ու կոնսերվատորիայում, վարպետության դասեր անցկացնում ԱՄՆ-ում, Իտալիայում, Պորտուգալիայում, Կոլումբիայում նաեւ Հայաստանում։ Այս պահին հիշեցի, որ Գյումրիում ժամանակին անցկացվում էր «Վերածնունդ» միջազգային մրցույթը, որի ժյուրիի աշխատանքներին քանիցս մասնակցություն եմ ունեցել։ Որպես հրավիրյալ դիրիժոր էլ աշխատել եմ սիմֆոնիկ եւ կամերային բազմաթիվ նվագախմբերի հետ եւ առանց չափազանցության ասեմ, որ մշտապես համերգային ծրագրերում հնչեցրել եմ հայ դասականների գործեր եւս։

Կադրեր Գյումրիում կայացած համերգից։

– Մաեստրո, դուք շփվել եք 20-րդ դարի աշխարհահռչակ կոմպոզիտորների եւ երաժիշտների հետ։

– Այո, Խաչատրյան, Շոստակովիչ… Հիշում եմ՝ կվարտետի կազմում, երբ վատառողջ էր Բեթհովենի անվան կվարտետի երաժիշտներից մեկը, աշխարհահռչակ երաժիշտներ Նատալյա Գուտմանի, Օլեգ Կագանի, Միխայիլ Տոլպիգոյի ընկերակցությամբ Շոստակովիչի տանը առաջին անգամ հնչեցրինք նրա ստեղծած վերջին՝ 15-րդ կվարտետը։

– Կկիսե՞ք մեր դիտարկումը՝ դուք պարզապես կամերային երաժշտության նվիրյալ եք։

– Իհարկե։ Միանշանակ։ Այո, պետք է մեծ սիրահար լինես, որ անմնացորդ տրվես կամերային երաժշտությանը, որը ծանր, միեւնույն ժամանակ՝ հետաքրքիր ժանր է, որ պահանջում է մեծ պատասխանատվություն։ Տեսեք, 82 տարեկան եմ, բայց այդ ժանրի երաժշտությունը իմ մեջ է, գուցե այն 1984թ. «Վիրտուոզներ» տեղափոխվելիս ինձ ներարկել են, պատվաստել, չգիտեմ (ժպտում է- Ս. Դ.)…

– Ստացվում է՝ դուք Սպիվակովին եք պարտական, Սպիվակովն էլ՝ ձեզ, քանի որ իր ապագա կնոջ հետ ծանոթացել է ձեր միջոցով։

– Այդպես է ստացվում։ Երեւանում Սպիվակովի եւ մի քանի երաժիշտների հետ հյուրընկալվեցինք Զարեհ Սահակյանցի տանը, որտեղ պատերին Սաթիի լուսանկարներն էին, այդ թվում՝ Անուշի կերպարում (1983թ. էկրան բարձրացավ Մարատ Վարժապետյանի ռեժիսուրայով «Անուշ» ֆիլմ-օպերան, Սաթի Սահակյանցի գլխավոր դերակատարմամբ, բայց հնչում էր Գոհար Գասպարյանի ձայնը- Ս. Դ.)։ Սպիվակովը միանգամից տարվեց այդ լուսանկարներով եւ ինձ ընդամենն ասաց, որ մոսկովյան առաջիկա համերգին հրավիրեմ Սաթիին։ Այդպես էլ եղավ։

– Մաեստրո, աշխարհում մոլեգնում է պատերազմը…

– Կյանքիս ընթացքում պոլիտիկայով չեմ զբաղվել, դրա համար մասնագետներ կան։ Մի լավ ընկեր ունեմ՝ կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը, ում հետ սովորել ենք Գյումրիի ուսումնարանում։ Ամեն Աստծո օր խոսում ենք, մտքեր փոխանակում տարբեր ոլորտներից, բացի քաղաքականությունից։ Դա չի նշանակում, թե չունեմ իմ կարծիքը, Մարտունն էլ՝ իր։ Գուցե ծեծված արտահայտություն ասեմ, բայց արվեստն է փրկելու աշխարհը։

– Իսկ ինչքա՞ն ապրենք, որ տեսնենք փրկված աշխարհ։

– Ինչքան որ պետք է։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031