Լրահոս
Օրվա լրահոսը

Երազ, որը դարձավ կտավներ ստեղծելու պատճառ

Դեկտեմբեր 14,2023 12:30

Հովհաննես Շարամբեյանի  անվան ժողովրդական արվեստների թանգարանում օրերս կայացավ  աբստրակտ ոճի նկարիչ Արկադի (Արկո) Հովհաննիսյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Հոգու արտացոլանք» խորագրով։

Երկու տարի է, ինչ նա սկսել է զբաղվել նկարչությամբ, մինչեւ այդ սովորել է իր ծննդավայր Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում, ապա՝ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետում, հետո՝ Պետական կառավարման ակադեմիայի հանրային ֆինանսների կառավարում բաժնում։

«Սկսեցի նկարել 2022 թվականի հունվար ամսից, երբ երազումս մի անհայտ ձայն ինձ ասաց, որ պիտի սկսեմ նկարել… Գնացի նկարչական պարագաների խանութ՝ գնեցի այն ամենը, ինչն անհրաժեշտ էր նկարելու համար, ու սկսեցի ստեղծագործել։ Նկարներս սկսեցի տեղադրել իմ սոցիալական ցանցերում, դրանից հետո սկսեցի մեր հայ հայտնի նկարիչներից խորհուրդներ եւ ճիշտ նկարելուն տիրապետելու ձեւաչափերն  իմանալ։ Ունեմ 130 արված աշխատանք, որոնցից 38-ն են գտնվում ցուցասրահում։ Մի քանի նկարներ արդեն գտնվում են Հայաստանի, Ամերիկայի, Ղազախստանի,  Ռուսաստանի եւ եվրոպական մի շարք երկրներում ապրող անհատների անձնական հավաքածուներում։ Իմ բոլոր նկարներում հոգուցս մի մասնիկ կա, դրանցից յուրաքանչյուրը դաջված են կտավներիս մեջ, դրա համար էլ բոլոր նկարներս առանձնահատուկ կերպով եմ սիրում, եւ առանձնացնել՝ դժվարանում եմ»,-նշեց նկարիչը։

Արկոն ասում է, որ նկարելուց առաջ չի որոշում, թե ինչ պիտի նկարի, սկսում է սեւով, երբեմն՝ սպիտակ գույնով, ամենակարեւորն այն է, որ միջավայրը, որտեղ կարողանա ստեղծագործել, պետք է լինի լուռ եւ անկաշկանդ. «Միտքդ պետք է ծանրաբեռնված չլինի, իսկ հոգիդ պիտի ազատ լինի։ Քանի որ ընտանիքում միայն ես եմ զբաղվում նկարչությամբ, ինչ-որ տեղ մտածում եմ, որ այդ տաղանդը ժառանգել եմ տատիկիցս, ով գորգագործ եւ ներկարար է եղել»։

Հարցին թե՝ ո՞րն է նկարչի ազատ ստեղծագործելու միջավայրը, պատասխանեց. «Հիմնականում նկարում եմ տանիքում, որովհետեւ այնտեղ պատերով սահմանափակված չես, ազատ տարածությունը շատ է։ Որքան բարձր ես երկնքին, այնքան Աստծուն մոտ ես, որքան նրան մոտ ես, հասկանում ես, որ գործերդ կհաջողես»։

Որպես ուսուցիչ, ով առանցքային դեր է ունեցել նկարչի կյանքում, Արամ Ապերյանն է։ Ասում է. «Ես նրանից առաջին հերթին սովորեցի  չափազանց աշխատասեր լինել եւ չհուսահատվել։ Մի անգամ Ապերյանը եկավ Հայաստան, եւ մենք Արմեն Լոռենց Հարությունյանի հետ միասին գնացինք Դսեղ, միասին նկարեցինք եւ այդ ժամանակ էլ նրանցից մասնագիտական խորհուրդներ ստացա։ Նորահայտ նկարչին  շատ է օգնում ավելի լավ ստեղծագործել, երբ իրեն հավատում են, Արամ Ապերյանը իր առանցքային մեծ դերն է ունեցել դրանում»։

Արկադի Հովհաննիսյանը խոսեց իր կտավներից մեկի մասին. «Կտավը կոչվում է «Քաղաք ուրվական», այն նկարել եմ 2022 թվականին, երբ Շուշին ու Հադրութը հայաթափվեցին, հիմա էլ,  որքան էլ որ Արցախ աշխարհում մարդիկ բնակվեն, միեւնույն է, այն ամայի ու դատարկ է, քանի որ այն մեր հողն է, որտեղ պիտի հայեր ապրեն»։

Հավելենք, որ մեր զրուցակցի ցուցահանդեսներին սպասում են հայրենի քաղաքում՝ Նոյեմբերյանում, ինչպես նաեւ Գյումրիում։

Արկադի Հովհաննիսյանն ապագա նկարիչներին խորհուրդ է տալիս անդադար ստեղծագործել, աշխատասեր լինել, եւ հավատալ սեփական ուժերին. «Երբ քեզ հավատում են, ոգեւորում ու խրախուսում, դու ամեն բան կարող ես իրագործել»։

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031