Սկիզբը՝ այստեղ:
«Սուտ է, չի համապատասխանում իրականությանն այն պնդումը, թե մենք չենք կարողանում ազդեցություն ունենալ ադրբեջանական հասարակության վրա», կարծում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:
Քաղաքականության հետազոտական կենտրոնի կազմակերպած` «Ապատեղեկատվություն եւ կեղծ խոսույթներ. հիբրիդային սպառնալիքներ» թեմայով համաժողովում համապարփակ զեկույցով հանդես եկավ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը` «Անվտանգության հակադրումը ժողովրդավարությանը. քաղաքական իրավիճակի եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ կեղծ խոսույթները՝ ընթացող հակամարտությունների համատեքստում։ Ովքե՞ր են դերակատարները, որո՞նք են դիմակայունությունն ամրապնդելու հնարավորությունները» թեմայի շրջանակներում։
Նա հայտնեց, որ սեպտեմբերի 19-ի բախումներից եւ դրան հաջորդած բոլոր զարգացումների` Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանությունից հետո, բառացիորեն վերջերս ավարտել են հետազոտություն` խոսույթների, նարատիվների, շրջանառվող առանցքային ուղերձների վերաբերյալ, որի տվյալները հանրայնացրեց: Մինչ հետազոտության ներկայացումը, տիկին Բաղդասարյանն անդրադարձավ որոշ տեսական-առանցքային գաղափարներին, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է խոսույթը, դիսկուրսը, նարատիվը, ինչ տարբերություններ կան դրանց մեջ:
Կարդացեք նաև
«Հատկապես հակամարտության համատեքստում մեծ խզվածքներով եւ հայկական, եւ ադրբեջանական տեղեկատվական բաց հարթակներում շրջանառվում են տարբեր նարատիվներ, առաջ են մղվում դիսկուրսներ: Նարատիվները դրանք փոքրիկ պատմություններ են, որոնց հիման վրա հանրային տարբեր խմբերում ձեւավորվում են դիսկուրսներ: Դիսկուրս ձեւավորելու համար նախեւառաջ պետք է լինի սոցիալական հիմք, այսինքն, դիսկուրսն առանց սոցիալականացման, առանց տարբեր խմբերի` հնարավոր չէ առաջ մղել: Օրինակ, երբ ասում ենք, ՀՀ իշխանություններն առաջ են մղում այս դիսկուրսը, իսկ ընդդիմությունն առաջ է մղում այն դիսկուրսը, այսինքն, նկատի է առնվում առնվազն այն, որ կան հանրային խմբեր, չափելի խմբեր, որոնք սատարում են, ընկալում են այդ դիսկուրսը որպես պարզ ճշմարտություն, որպես իրականությանը համապատասխանող ինչ-որ պնդում: Հայ-ադրբեջանական էթնիկ հակամարտության համատեքստում ցանկացած դիսկուրս, նարատիվ միաժամանակ հասցեագրվում է երեք լսարանների: Բավական չէ որեւէ մի բան հայտարարելը եւ շրջանառելը, շատ ավելի կարեւոր է, թե այդ հայտարարությունն ու այդ նարատիվի շրջանառումը ինչ ազդեցություն է ունեցել լսարանների վրա, արդյո՞ք չափելի է այդ լսարանը եւ ընդհանրապես, ազդեցի՞կ են արդյոք այդ հայտարարությունները հակառակ լսարանի, կամ սեփական լսարանի նկատմամբ: Կարող եմ միանշանակ ասել, որ հակամարտության հետ կապված ցանկացած նարատիվ եւ խոսույթ միաժամանակ ունի երեք լսարան` ներքին, որով հիմնականում նպատակ ունեն կոնսոլիդացնել շրջանառվող գաղափարի շուրջ եւ հնարավորինս շատ կողմնակիցներ դեպի իրենց քաշել: Սա վերաբերում է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմադիր ուժերին: Թեեւ մենք ասում ենք Հայաստանում քաղաքական մշակույթ չկա, սակայն, այնուամենայնիվ, կա ներքաղաքական պայքար, մրցապայքար, ընդ որում՝ շատ խիստ արտահայտված, նույնիսկ շատ տգեղ դրսեւորումներով: Եվ ցավոք, այդ մրցապայքարը քանի տարի շարունակ հիմնականում ընթանում է հակամարտության թեմայով:
Իսկ, օրինակ, Ադրբեջանի նման ավտորիտար, բռնապետական երկրում այդ դիսկուրսները հիմնականում սեփական լսարանին, իշխող կուսակցության վարած քաղաքականության մեջ համոզելու համար են տարվում: Թեեւ, ըստ էության, 2020թ. պատերազմից հետո Ալիեւը բացարձակ խնդիր չունի սեփական լսարանի առջեւ միավորներ հավաքելու, որովհետեւ 2020-ից հետո նա ձեռք է բերել` «Ալիեւ հաղթողի» տիտղոսը եւ բոլորը, անգամ ընդդիմադիր ուժերը, որոնք քիչ թե շատ մրցակցություն էին ներկայացնում, կամ ինչ-որ բաների հետ համաձայն չէին, եւ կարողանում էին այդ մասին հայտարարել, 2020թ. պատերազմից հետո հիմնականում միահամուռ կերպով սատարում են իշխանություններին:
Հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում ադրբեջանական նույնիսկ ամենաանհեթեթ նարատիվները, խոսույթները նրանք առաջին հերթին ուղղում են սեփական լսարանին, հետո միայն հակառակ` հայկական կողմի լսարանին եւ ինչպես նաեւ միջազգային հանրությանը: Հակառակ կողմի լսարանին հակամարտության հետ կապված խոսույթները հասցեագրվում են կոնսոլիդացիան քանդելու, խժդժություններ առաջացնելու, ներքաղաքական տրամադրությունների վրա ազդելու համար, առհասարակ, ապատիա, դեպրեսիվ տրամադրություններ սերմանելու նպատակով:
Միջազգային հանրությանը հիմնականում ուղերձները հղվում են սեփական մոտեցումների ճշմարտացիությունը եւ միջազգային նորմերին համապատասխան լինելը ապացուցելու նպատակով: Օրինակ, ի տարբերություն հայկական իշխանությունների, Ադրբեջանի նախագահը շատ հաճախ կրկնում է` մեր բոլոր գործողությունները համապատասխանում են միջազգային նորմերին, անգամ սեպտեմբերի 19-ի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ նա ներկայացնում է որպես միջազգային նորմերին համապատասխանող գործողություն: Ամենահետաքրքիրն այստեղ, սակայն, այն է, որ իրականում հայկական եւ ադրբեջանական հարթակները, որոնց միջոցով շրջանառվում են հակամարտության վերաբերյալ, այս խոսույթները հակառակ կողմում այդքան մեծ լսարաններ չեն ունենում: Թվում էր, թե առաջին հերթին Հայաստանի լսարանին կհետաքրքրի, թե ինչ են գրում, օրինակ, Ադրբեջանի ԶԼՄ-ները, իսկ ադրբեջանական հասարակությանը պետք է հետաքրքրի, թե ինչ են գրում հայերն իրենց մասին եւ ընդհանրապես ինչով են նրանք զբաղված»,- ասաց բանախոսը:
Նախկինում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում եւ Ադրբեջանում այդքան զարգացած չէին, առցանց լրատվամիջոցներ չկային, ինտերնետ հասանելիությունը բավական ցածր էր, ըստ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի իրականացրած հետազոտության, եւ այն ժամանակ, երբ դեռեւս հնարավոր էր Ադրբեջանում սոցիոլոգիական հարցումներ իրականացնել, այդ հետազոտության արդյունքներով պարզվել էր, որ հայկական եւ ադրբեջանական լսարանները միմյանց մասին տեղեկատվություն հիմնականում ստանում են ռուսական աղբյուրներից: «Դրանից հետո, երբ հիմա արդեն ամեն ինչ, կարծես, աչքի առաջ է տեղի ունենում` ե՛ւ պատերազմները, ե՛ւ մարդասպանությունները, ե՛ւ գերեվարված զինվորներին մասնատելը եւ այլն, երբ կան առցանց ԶԼՄ-ները, երբ սոցցանցերում բոլորը կարծիք են հայտնում` որպես ականատես, որը շատ ազդեցիկ ու գրգռիչ է, երբ բացի դասական ԶԼՄ-ներից, կան սոցցանցային ալիքներ, տելեգրամյան ալիքներ եւ այլն, այս դեպքերում բավական դժվար է տարբերակել, թե որ խոսույթին, որ նարատիվին մարդը հավատա, որին` ոչ: Այստեղ արդեն առաջ է գալիս վստահելիության հարցը: Այսպես ասած` բոլորը խոսում են, աղմուկ է, բոլոր հայերը խոսում են բոլոր հայերի մասին, հայաստանյան լրատվական դաշտում բազմաթիվ մեկնաբաններ են հայտնվել, որոնք, օրինակ, կարող են օրը երեք տարբեր ԶԼՄ-ների հարցազրույցներ տալ: Հայկական մեդիայի համար արտասահմանյան տեղեկատվության ներմուծումը բավական բարդ է: Այս պարագայում ծայրահեղ մեծ խզվածքներ են առաջանում»,- նշեց բանախոսը:
Լաուրա Բաղդասարյանը հայտնեց, որ հոկտեմբեր-նոյեմբերի իր ղեկավարած կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն` հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների լսարանները բավական փոքր են, կան ընդամենը 3 ադրբեջանական ԶԼՄ-ներ, որոնք Հայաստանից ընթերցում են, դիտում են տեսանյութերը, եւ դրանք կազմում են մեկուկեսից մինչեւ վեց տոկոս: Հայկական ԶԼՄ-ները եւս ադրբեջանական լսարանի համար չնչին տոկոսներ են կազմում, հայաստանյան երկու լրատվամիջոցներ են Ադրբեջանից լսարանի վեց եւ տասը տոկոսը կազմում:
«Սուտ է, չի համապատասխանում իրականությանն այն պնդումը, թե մենք չենք կարողանում ազդեցություն ունենալ ադրբեջանական հասարակության վրա: Այդպես է, թեկուզ միայն դատելով այն հանգամանքից, որ ադրբեջանական լրատվամիջոցները բավական ինտենսիվ հայկական կոնտենտներ են տանում իրենց էջեր, օրինակ, ցիտում են հայկական տարբեր լրատվամիջոցների: Չնայած այն բանին, որ ինքնասիրահարված Ալիեւը համարում է, որ ինքն է «հայրենական պատերազմը հաղթողը»` անհեթեթ, քաղաքակրթական մակարդակից բավական ցածր իր վարվեցողությամբ, միեւնույն է, նրանց գլխավոր խնդիրն այսօր հայերն են, պարտված հայերը, եւ անգամ ղարաբաղցիները, որոնք թողեցին իրենց տները եւ եկան: Ադրբեջանում ընդհանրապես բավական տարօրինակ ուղերձներ են շրջանառվում բռնի տեղահանության հետ կապված»,- նկատեց Լաուրա Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ տարեսկզբից մինչեւ հուլիսի կեսերը հետազոտություն էին իրականացրել հայկական եւ ադրբեջանական հարթակներում շրջանառվող նարատիվների համեմատական վերլուծության թեմայով` բլոկադա, խաղաղության համաձայնագիր, այսպես կոչված` «Արեւմտյան Ադրբեջանի», որը հիմա Ադրբեջանում բավական ակտիվ առաջ է մղում, պատերազմի վերսկսման, արտաքին դերակատարների մասին ընկալումները եւ այլ թեմաներով: «ԼՂ-ից բռնի տեղահանումն ամեն ինչ փոխեց եւ փոխվեցին նաեւ նարատիվները: Բայց հիմնական առանցքն այն է, որ ամեն ինչ Ադրբեջանում կառուցվում է ակն ընդ ական սկզբունքով, այսինքն` հայելու էֆեկտով, երբ նրանք ասում են` «բա, լա՞վ էր, որ 30 տարի շարունակ հայերը մեր տները, մզկիթները քանդեցին…»: Նույն սկզբունքով նրանք կառուցում են իրենց բոլոր նարատիվները: Օրինակ, բռնի տեղահանության հետ կապված Ալիեւը օտարերկրացի պաշտոնյաների հետ հանդիպումներում ներկայացրել է, թե հայերն ինքնակամ են հեռացել, նրանց ոչ ոք դուրս չի արել ԼՂ-ից: Այսինքն, այն, որ իրենք սեպտեմբերի 19-ին ագրեսիա իրականացրեցին, այդ բլոկադայի ժամանակ մարդկանց գրեթե սովամահության հասցրեցին, «կրկես» ցուցադրեցին, իբր թե ցանկանում են Աղդամով հումանիտար բեռներ անցկացնել… Ինչո՞ւ ես փակել ճանապարհը, որ հիմա էլ ուզում ես իբր «օգնել»: Կամ, որ ասում էին` «ճանապարհը բաց է, ոչ ոք նրանց ճանապարհը չի փակել»:
Տիկին Բաղդասարյանը` ներկայացնելով մի շարք այլ ծիծաղելի ու անհեթեթ խոսույթներ, որոնք ներկայացվում են Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների կողմից, հավելեց, որ դրանք չեն կարող ազդել հայկական լսարանի վրա. «Իսկ, եթե որեւէ մեկը նույնիսկ չի հավատում, օրինակ, հայկական մեդիային, որը գերքաղաքականացված է, ապա նա հաստատ կարող է հավատալ ղարաբաղցիներին, որոնք այդ ամենը վերապրածներն են: Ընդհանրապես, ամենաազդեցիկ գրգռիչը` դա որեւէ իրադարձության վերապրողն է, երբ մարդը պատմում է, թե ինչ էին նրանք անում բլոկադայի ժամանակ, ինչ պայմաններում էին նրանք ապրում»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 13.12.2023