Ներկայացվող անտիպ «Նվիրյալը կամ Անուղղելի ռոմանտիկը» գրքում ՀՀ ԳԽ պատգամավոր Աղասի Արշակյանի հուշերը (մահացել է 2017թ. դեկտեմբերի 25-ին- խմբ.) գրի է առել քույրը՝ լրագրող Գոհար Արշակյանը 1990 թ. փետրվարի 28-ին:
Սումգայիթյան սպանդից մազապուրծ փախստականները Երեւանում հավաքվում էին Գրողների միության շենքում։ Նրանց ընդունում էին Սամվել Շահմուրադյանը, Հրայր Ուլուբաբյանը, Աղասի Արշակյանը եւ այլք, ովքեր անմնացորդ նվիրվեցին փախստականների խնդիրներին։ Նրանց ընդունում էին, լսում, ցուցակագրում, օգնում էին տեղավորվել Աղվերանի, Նորքի եւ այլ պանսիոնատներում։ Երիտասարդներն ամենուր էին՝ եւ օդանավակայանում դիմավորելիս, եւ Ծաղկաձորում նրանց տեղավորելիս, իսկ ավելի ուշ տուժածների հետ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում ընթացող «դատավարություններին» էին մասնակցում։ Ցուցակագրում էին նաեւ տեղի այն բնակիչներին, ովքեր պատրաստ էին փախստականներին իրենց բնակարաններում կացարան կամ անկյուն տրամադրել։
Այս աշխատանքները լավագույնս ներկայացրել է գրող, լրագրող Ասպրամ Ծառուկյանը՝ եղբորս վաղաժամ կորստի առիթով ինձ ուղղված ցավակցական խոսքում։
«Բարի երեկո, սիրելի Գոհար Արշակյան: Երեկվանից հոգիս ցավում է: Երբ կարդացի գույժը, զգացի, որ բառերը, որ պիտի գրեմ, գունատ են ու անհաղորդ: Հիմա, այս պահին այլեւս չեմ կարող չգրել: Ո՜չ, ո՜չ պարզապես ցավակցական խոսքեր…
Կարդացեք նաև
Մեր կյանքում անմոռաց ակնթարթներն այնքան էլ շատ չեն: Ու իմ կյանքի ակնթարթային, բայց միշտ ապրող մի պահ երեկվանից չի հեռանում իմ մտապատկերից:
Շարժման սկիզբն էր: Անհանգիստ, լարված-պրկված օրեր էին: Ադրբեջանի հայկական բնակավայրերից ծայր էր առել գաղթականների երթը: Այդ լարված-պրկված իրավիճակում մեր ամսագրի գլխավոր խմբագիրն ինձ հանձնարարեց գնալ ՀՀՇ-ի գրասենյակ, Վանո Սիրադեղյանից պատմվածք ուզել՝ հաջորդ համարում տպագրելու համար: Ճկուն միտք ունենալով՝ արդեն զգում էր՝ ուր է թեքվում իշխանության ղեկը եւ շտապում էր ամրապնդել իր երերացող աթոռը: Երբ մտա սենյակ, Վանոն լարված զրուցում էր ինչ-որ մարդկանց հետ: Բավական սպասելուց հետո ասաց, որ շատ զբաղված է, վաղը գամ, պատմվածքը վերցնեմ: Պատմվածքն առանձին զրույցի նյութ է: Այդ ընթացքում, որ սպասում էի, թե երբ Վանո Սիրադեղյանն ինձ կլսի, կլանված նայում էի անկյունում նստած տղամարդուն, որի շուրջբոլորը գաղթականներ էին՝ հոգնաբեկ, տխուր, ամայացած հայացքներով… Նա ուշադիր, սրտացավորեն լսում էր նրանց պատմությունները, ճշտում՝ ով ինչի կարիք ունի եւ ցուցակագրում: Հիմնականում կացարանի, պատսպարվելու խնդիրն էր: Ակնհայտ երեւում էր, որ տղամարդն անքուն է, լարված, բայց իր մեջ ուժ է գտնում գորովանքով, համակ ուշադրությամբ հերթով ունկնդրելու բոլորին: Ուզում էի մոտենալ, շնորհակալություն հայտնել, բայց աթոռին գամված շարունակում էի թափանցել այդ մարդու հոգին, որի տառապանքն ավելին էր, քան տուն, հարստություն կորցրած, բնավեր այդ մարդկանց ապրումները: Այդ մարդն Աղասի Արշակյանն էր: Հիշո՞ւմ ես, երբ ծանոթացանք, իմացա, որ եղբայրդ Աղասի Արշակյանն է, խնդրեցի Մոնթեի մասին իմ գիրքը հանձնել նրան: Սիրո ու երախտագիտության ուշացած իմ խոսքը…
Ափսո՛ս, որ դիպվածով չհանդիպեցի նրան՝ Մոնթեի դասի հերոսին, ով անկումի ու հառնումի այդ օրերին աներեր ու ազնիվ իր գործն էր անում՝ ինչպես մարտիկը բարիկադի վրա: Հայացքս, միտքս որոնել են նրան տարբեր կառույցներում ու չեն գտել. արդեն անցել էր զարթոնքի ազնիվ ալիքը, եւ ասպարեզում ուրիշ դեմքեր էին, բոլորովին ուրիշ…
Սիրելի Գոհար, հոգով քեզ հետ եմ, ապրումներիդ հաղորդակից»։
1988թ. օգոստոսի 23-24-ին Սամվել Շահմուրադյանի կոչով Երեւանի հասարակության հավաքած 31 000 հայալեզու գրականությունը Աղասու ուղեկցությամբ տարան Արցախ։ Այնտեղից վերադարձել էր խիստ տպավորված, երբ ԼՂ-ում ճանապարհային ոստիկանը կանգնեցրել էր մեքենան ու ներկայացել՝ «Հայասեր ……յան»։
-Ուրեմն որքա՛ն կարոտ են հայկականին տեղի մարդիկ, որ նման հատուկ անուն են ստեղծել՝ Հայասեր,- ասում էր Աղասին։
1988 թվականի մայիսին Շուշիի շրջկոմի նախաձեռնությամբ հայաթափվեց Շուշին։ Սեպտեմբերին ազերիները սադրեցին Խոջալուի հայտնի դեպքերը՝ իրականացնելով սեփական ժողովրդի սպանդը, որպեսզի այն հետագայում բարդեին հայերի վրա, մինչդեռ հայկական կողմը բնակիչների համար ելքի միջանցք էր թողել։ Նոյեմբերին ողջ ադրբեջանական տարածքում հայ ազգաբնակչության հանդեպ տեղի էին ունենում բռնություններ։ Իսկ ԽՍՀՄ Կենտկոմից ոչ մի քաղաքական, իրավական գնահատական չէր տրվում այդ ամենին։ Սա էր պատճառը, որ Միջին Ասիայի մի քանի երկրներում ազերիները կարողացան կազմակերպել, արթնացնել հակահայկական տրամադրություններ եւ, փառք Աստծո, որ դրանք չվերաճեցին նոր սումգայիթների: Ամենազարմանալին այն էր, որ կենտրոնական իշխանության զայրույթն ուղղված էր ոչ թե ջարդարարների դեմ, այլ իրենց իրավունքները սահմանադրորեն պաշտպանողների դեմ։
Սուտն ու կեղծիքը ԽՍՀՄ քաղաքականության անբաժանելի մասն էր, ԶԼՄ-ներով տարածվում էր ապատեղեկատվություն։ Սումգայիթը նախապես լավ մշակած գործողությունների շղթա էր, որով ցանկանում էին լռեցնել ԼՂ հարցը։ Սումգայիթի թիրախավորումն էլ պայմանավորված էր հայերի ցաքուցրիվ ապրելավայրով, այստեղ հայերը մեկտեղված, կենտրոնացած չէին ինչ-որ թաղամասում։ Սումգայիթյան եղեռնի գլխավոր կազմակերպիչներն ադրբեջանական ղեկավարությունն էր՝ ԽՍՀՄ Կենտկոմի թույլտվությամբ։
1988թ. սեպտեմբերի 18-19-ին Աղասին հերթապահել է Ստեփանակերտի հիվանդանոցում։ Վիրաբույժ Վալերի Մարությանի հետ կազմակերպել էր Խոջալուի դեպքերի ժամանակ վիրավորվածների համար արյուն հավաքելու գործը։ Ավելի ուշ մասնակցել է հայության դեմ Խոջալուում կատարված հանցագործության բացահայտմանը։
Երբ փախստականների հոսքը մեծացավ, արդեն պետական հոգածություն ցուցաբերվեց, ստեղծվեց Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողով՝ Վլադիմիր Մովսիսյանի նախագահությամբ։ Ի դեպ, ՀԽՍՀ ղեկավարությունը շարունակում էր ականջալուր մնալ կենտրոնի ցուցումներին եւ ամեն գնով փորձում էր փախստականներին մեկուսացնել, արգելում էր շփվել տեղի բնակիչների հետ։ Սակայն փախստականների հարցերով զբաղվող կամավորականները, որոնց աշխատանքը համակարգում էր Հրայր Ուլուբաբյանը, ոչ միայն այցելում էին փախստականներին Ծաղկաձորում, Աղվերանի, Հին Նորքի տարբեր հանգստյան տներում, այլեւ մասնակցում էին Մոսկվայում, Վորոնեժում ընթացող դատավարություններին։
Ձայնագրում էին դատական ողջ ընթացքը, տուժողների հետ ունեցած հանդիպումները եւ վերծանում։ «Գրական թերթում», իր հերթին, պարբերաբար նյութեր էր հրապարակում լուսահոգի Սամվել Շահմուրադյանը։ Հետագայում, 1989 թ. սեպտեմբերի 23-ին, երբ Երեւանում Ճարտարապետների տանը կայացավ փախստականների մամուլի ասուլիսը, Բագրատ Ուլուբաբյանը, Սուրեն Զոլյանն ու Աղասի Արշակյանը երեք օր գիշեր-ցերեկ աշխատելով՝ ձայնագրությունները վերծանում, սղագրում էին (շտապում էին հասցնել Մոսկվայում ընթացող ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանին)։ Ստեղծեցին «Сумгаит… геноцид… гласность?» գիրքը, որը լույս տեսավ տպարան հանձնելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, «Հուշամատյան» պատմալուսավորչական ընկերության միջոցներով եւ «Գիտելիք» ընկերության աջակցությամբ։ Գրքում հեղինակները մանրամասն շարադրել էին զեկուցողների ելույթները, տուժածների վկայությունները, ԼՂ Ինքնավար Մարզի համառոտ պատմությունը, իրենց հավաքած նյութերն ու վերլուծությունները, ինչպես նաեւ դեպքերի հաջորդական շղթան, ազերիների վայրագությունների զոհերի լուսանկարներն ու մահվան վկայականների պատճենները, հիմնավորել էին, որ սպանդը կազմակերպել եւ ուղղորդել էր տեղի ղեկավարությունը:
Գրքի առաջին 500 օրինակը Հրայր Ուլուբաբյանը 2 ճամպրուկով անմիջապես հասցրել էր Մոսկվա եւ բաժանել էր պատգամավորներին ու լրագրողներին, իսկ օրեր անց Աղասին 2-րդ 500 օրինակը տարավ։
«Առավոտ» օրաթերթ
13.12.2023