ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 13-ին այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գրիգորյանի տուն:
Մխիթարի ծնողների՝ Կորյուն Զաքարյանի, Նազելի Գրիգորյանի և հորեղբոր՝ Ալբերտ Զաքարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել Մխիթարի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Մխիթարի հարազատները վարչապետի տիկնոջը մանրամասներ են պատմել իրենց զավակի սպորտային կարիերայից: Մխիթարը զբաղվել է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, հաղթել բազմաթիվ մենամարտերում:
Հարազատները պատմում են՝ Մխիթարը անհամբեր սպասում էր 18 տարին լրանալուն, ասում էր՝ պարտավոր է բանակ գնալ ու հայրենիքը պաշտպանել:
Կարդացեք նաև
44-օրյա պատերազմի ժամանակ Մխիթարը 2 ամսվա ծառայող է եղել, սակայն հասցրել է առանձնանալ խիզախությամբ: Տարբեր իրադրություններում մի քանի անգամ փրկել է ընկերների կյանքը, ապա վերադարձել առաջնագիծ՝ մարտը շարունակելու: Մխիթարը զոհվել է հոկտեմբերի կեսին, հայրն ու հորեղբայրը շուրջ երկու ամիս մասնակցել են որոնողական աշխատանքների:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարի հարազատներին՝ խիզախ որդի լույս աշխարհ բերելու և դաստիարակելու համար:
Վարչապետի տիկինն այցելել ու ծաղիկներ է խոնարհել Մխիթարի, ինչպես նաև նույն բնակավայրից պատերազմ մեկնած և անմահացած մյուս հերոսների շիրիմներին: