Այսօր Ադրբեջանից վերադարձած 32 հայ գերիների հարազատները «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ էին հավաքվել, որտեղ գերիները հետազոտվում էին:
«Տղաները բուժզննում են անցնում, դրանից հետո կտեսնենք, այսօր տուն են գնալու» ,- հոսպիտալից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
Նա դիմեց նաեւ հավաքվածներին՝ խնդրելով, որ պահպանեն հասարակական կարգը: Հարցին, թե վերադարձած գերիները չե՞ն հարցաքննվելու, մարզպետն ասաց՝ այդ մասին տեղեկատվություն չունի. «Մեկ, երկու ժամից դուրս են գալու, դա գիտեմ»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչու է լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի անունը դուրս մնացել վերադարձող գերիների նախապես հրապարակված ցանկից, ի պատասխան մարզպետն ասաց. «Ես չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ այդ մասին»:
Կարդացեք նաև
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ ասաց, որ 32 գերիների դիմաց ՀՀ-ն տվել է միայն երկու ադրբեջանցի գերիների, մյուս գերիների ճակատագիրն ինչ է լինելու հարցին, պատգամավորը վստահեցրեց՝ հերթով գալու են, ինչպես այսօր 32 գերիները եկան. «Գործընթացը ամենօրյա աշխատանք է: Միանշանակ բոլորը տուն են գալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ