«Ինչ վերաբերում է մեր ազգային հավաքականին, խաղի մակարդակը որոշ չափով բարձրացել է եւ որոշակի հույսեր է տալիս: Բայց արդյունքում մենք, միեւնույն է, զբաղեցրինք 4-րդ հորիզոնականը ու այդպես էլ եզրափակիչ չանցանք: Մինչդեռ խոստացվել էր, որ այս տարի ինչ-որ բան կփոխվի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Փյունիկ» ՖԱ սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
«Սա ֆուտբոլասերների համար վատ չէ: Բայց եթե նայենք պրոֆեսիոնալի աչքով, բոլոր հանդիպումներում, որ անցկացրել է մեր հավաքականը այս ընտրական մրցաշարում, հայկական ֆուտբոլի սան 3-ից ոչ ավելի ֆուտբոլիստ է հանդես եկել: Որքան հիշում եմ, մեկ խաղում է չորս ֆուտբոլիստ խաղադաշտ մտել: Մյուսները հրավիրված ֆուտբոլիստներ են Ռուսաստանից, Գերմանիայից, Արգենտինայից ու այլ երկրներից: Նրանք այլ դպրոցների ներկայացուցիչներ են, ու լավ է, որ հայերը համաձայնում են խաղալ հավաքականում:
Բայց եթե մենք խոսում ենք հատկապես, ազգային ֆուտբոլից, ազգային ֆուտբոլը զարգացնելուց, ինչը, կարծում եմ, հետաքրքիր է բոլորին, ովքեր ապրում են այս երկրում, ազգային հավաքականը ցույց է տալիս, որ մենք ազգային ֆուտբոլ գործնականորեն չունենք: Խաղում է 3-4 մարդ, որոնց մեջ նաեւ 30-ից բարձր տարիք ունեցող, ինչպես, օրինակ, մեր Արտակ Դաշյանը: Հերթափոխի վիճակն էլ երեւում է տարիքային հավաքականների խաղերի արդյունքից՝ խոշոր հաշիվներով կրած պարտություններից, ինչը նշանակում է՝ մոտակա 3-4 տարում մենք հավաքականում այս առումով ոչ մի լավ բան չենք տեսնելու:
Իսկ ամենատխուրն ինձ համար այն է, որ Հայաստանի ամբողջ պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը, այսօր հավաքականի կազմում չէ, չնայած փայլուն է խաղում Իտալիայում, «Ինտերի» առաջատարներից մեկն է: Ու բոլորը գիտեն, որ դա կապված է հատկապես ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության անվան հետ:
Կարդացեք նաև
Նման վիճակ է նաեւ կանանց թիմում: Վերջերս այնտեղ էլ սկանդալ եղավ, թիմի ավագը հեռացավ հավաքականից՝ հայտարարելով, որ հայկական ֆուտբոլում չկա մարզական սկզբունք, որ այստեղ աշխատում են ուրիշ սկզբունքներ: Անձամբ ես գտնում եմ, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում ներուժ ունի: Բայց որ թիմը պարտվում է 0:19 հաշվով Բելգիային, ինչը նույնպես եղել է ֆեդերացիայի ներկայիս ընկերների ղեկավարման շրջանում, դա արդեն ամեն սահմանից այն կողմ է: Սա, պարզապես, որակազերծում է, որից հետո ինքդ քեզ պրոֆեսիոնալ համարելը բարդ է: Ցավոք, սա միայն լուսատախտակի վրա թիվ չէ: Տեսեք, Հայաստանի կանանց առաջնությունում «Փյունիկն» ընթանում է 1-ին տեղում, սակայն հավաքական հրավիրել են միայն երկուսին, մեր լավագույն ֆուտբոլիստին չեն հրավիրել, թեեւ մեր թիմում խաղում են միայն հայ աղջիկներ: Ցավով եմ ասում, բայց այս երեւույթը տարածվում է նաեւ բոլոր տարիքային խմբերի վրա՝ սկսած պատանեկաններից: Հավաքական թիմեր հրավիրելը, ինչը շատ մեծ մոտիվացիա է ուժեղ երեխաների համար, մարզական սկզբունքով չի կատարվում»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ