Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ստվերային կառավարչի անունը կհնչեցնեն, եթե հրավիրվեն դատախազություն՝ ցուցմունք տալու

Դեկտեմբեր 13,2023 20:10

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Բալասանյան դաշինքի» տարածած հայտարարությանը, որտեղ խոսվում է ՔՊ-ի՝ ընդդիմադիր դառնալու մասին, մեկ անգամ ևս նշեց․ «Ես նորից պիտի կրկնեմ, մեր ասուլիսի ժամանակ ես նշել եմ՝ մենք մեր գործունեությունն իրականացնում ենք 11 մանդատի ուժով։ Սա նշանակում է՝ կլինեն նախագծեր, որոնց օգտին, մենք, այո՛, դեմ կքվեարկենք, բայց կլինեն նախագծեր, որոնց օգտին կողմ կքվեարկենք։

Այն նախագծերը, որոնք կբխեն Գյումրու շահից, գյումրեցու շահից, բնականաբար, դրանք մեր կողմից ևս կողջունվեն»։

Նա նաև հստակեցրեց՝ եթե կլինեն խելամիտ ծրագրեր, նորից պատրաստ կլինեն համագործակցել «Բալասանյան դաշինքի» հետ։

Քնարիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՔՊ-ի՝ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումից հետո 36 աշխատակից Գյումրու համայնքապետարանից դուրս են եկել աշխատանքից։

«Բոլորը թիմի տրամաբանությունից ելնելով՝ ազատման դիմումներ են գրել, ի սկզբանե հուշագիրը կառուցված էր այն տրամաբանությամբ, որ երկու փոխքաղաքապետերը լինելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, և մեր երկու փոխքաղաքապետերն առաջինն են դիմում գրել ազատման, դա արդեն հուշագրի խզման տրամաբանության մեջ է։ Մնացած աշխատակիցներն իրենք ենք ցանկություն հայտնել չշարունակելու աշխատանքը էլի թիմի գործունեության տրամաբանության մեջ»։

«Որտե՞ղ են աշխատելու, գործազուրկ են դառնում մարդիկ», մեր հարցին ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Այո, մարդիկ այս պահին կորցրել են իրենց աշխատանքը, բայց իրենք բավականին պրոֆեսիոնալ աշխատակիցներ են, կարծում եմ՝ կարճ ժամանակ անց կկարողանան իրենց զբաղվածությունն ապահովել»։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե 36 աշխատակցի դուրս գալու դեպքում համայնքապետարանի աշխատանքը չի՞ պարալիզացվի, կառավարման ճգնաժամ առաջ չի՞ գա, Քնարիկ Հարությունյանն ասաց․ «Այս պահի դրությամբ ես ճգնաժամի ազդակներ ամեն դեպքում չեմ տեսել։ Կարծում եմ « Բալասանյան դաշինքն» այս պահին քայլեր պիտի ձեռնարկի, որպեսզի իսկապես կառավարման ճգնաժամ չստեղծվի, որովհետև այս ամենից մեր քաղաքացիները չպետք է տուժեն»։

Մեր այն հարցին էլ, թե ձեր հայտարարության հետքերով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է դիմել դատախազություն՝ ձեր փոխարեն, գոնե իրավապահ մարմին կհայտնե՞ք Գյումրու ստվերայինն կառավարչի անունը, Քնարիկ Հարությունյանն ասաց․ «Եթե իրավապահների ուշադրությունը գրավի մեր հայտարարությունը, և իրենք որոշեն միջոցառումներ ձեռնարկել՝ բոլոր հանգամանքները պարզելու համար և մեզ հրավիրեն օրինակ՝ ցուցմունք տալու, մենք բնականաբար իրենց հարցերի տրամաբանության մեջ կպատասխանենք իրենց հուզող հարցերին»։

Նա մեկ անգամ ևս ասաց՝ ստվերային կառավարիչը եղել է համայնքապետարանից դուրս՝ կառավարումն իրականացվել է արտաքին ուժերի միջամտությամբ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031