Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Գյումրու համայնքապետարանում կա՞ ստվերային կառավարում, ինչպես որ պնդում է ՔՊ-ն, պատասխանեց․ «Բերեք հասկանանք ստվերային բառը։ Ի՞նչ է նշանակում ստվերային կառավարում, ես երկու տեսանկյունից եմ դիտարկում․ դա տերմինոլոգիա է իմ համար՝ իրավական և նաև քաղաքական։ Քաղաքական առումով դա անհիմն է, ընդունենք դա վերաբերվում է «Բալասանյան դաշինքին» կամ ցանկացած այլ կուսակցությանը, կուսակցությունը կարող է խորհուրդ ունի։
Քաղաքապետն էլ իրավունք ունի չէ՞ խորհրդատվություն ստանալու իր կուսակցության ղեկավարի կողմից։ Այդտեղ չի կարող ստվերային դիտարկվել, քաղաքական առումով ստվերային կառավարումը ես գտնում եմ՝ անիմաստ է։ Չկա նման բան։
Որպես իրավապահ մարմինների նախկին աշխատակից՝ ես կարող եմ դիտարկել բառի իրավական նշանակությունը։ Քաղաքապետի վրա առերևույթ, հանցավոր ճնշումներ կարող են եղած լինել, օրինակ եմ ասում, այդ ձևով կարող ենք դիտարկել, որ ապօրինի որոշում կայացնի»։
Լրագրողներից մեկի հիշեցմանը, թե ՔՊ-ն հենց այդպես էլ գրել է իր հայտարարության մեջ, թե Գյումրու համայնքապետարանը ՀՀ օրենքներից դուրս է կառավարվում, Վարդևան Հակոբյանն ասաց․ «Եթե անօրինական է, ինչո՞ւ ՔՊ-ն չի դիմում իրավապահ մարմիններին, կներեք, հանցագործություն է թաքցնո՞ւմ, իրենք պիտի ասեն»։
Կարդացեք նաև
Վարդևան Հակոբյանի կարծիքով՝ գյումրեցին ամեն ինչ տեսնում ու հասկանում է, գիտի՝ ով ով է։
Նա նշեց, որ հուշագրի ստորագրման պահից է ասել, որ ՔՊ-ի ու «Բալասանյան դաշինքի» միջև նման հուշագիր ստորագրելը ճիշտ չէ, կառավարման սխալ ձև է, ուշ, թե շուտ տուժելու է ժողովուրդը, և այդ համագործակցությունը գնալու է փլուզման։
«Զարթոնք» խմբակցության ղեկավարը նշում է՝ որևէ կոալիցիա չպիտի ձևական բնույթ կրի, որ չփլուզվի, ինչպես եղավ այժմ։
Վարդևան Հակոբյանը նաև ասում է, երբ ինքը պայմանավորվածություններ է ունեցել Գյումրու համայնքային ղեկավարության հետ, եթե դա դրանք չեն կատարվել, բավարար հիմնավորումներ է պահանջել ու ստացել․ մինչև վերջ է գնում։
Այժմ չի կիսում գործընկերների օգտագործած «անհնարինություն» բառը։
Հարցնում է՝ նրանք երբևէ փաստաթղթով շրջանառություն ունեցե՞լ են, որ խոսում են անհնարինությունից։
«Քաղաքացիական պայմանագիրը» երբեք չի ասում ընդդիմություն եմ, ասում է՝ մենք 11 մանդատ ունեցող խմբակցություն ենք, բայց «Բալասանյան դաշինքը» երեկ իր տարածած հայտարարության մեջ նշել էր․ «Քաղաքացիական պայմանագիրը» գնում է ընդդիմության։ Այսինքն « Բալասանյանն դաշինքն» ասաց, որ իրենք ընդդիմություն են արդեն, իրենք չեն ասում։ Նորմալ է, իմիջիայլոց, եթե այսպես էլ մնա, լավ է, որովհետև այս իրավիճակում կարող է մեր քաղաքի զարգացումն ավելի շատ ապահովենք»,- ասում է Վարդևան Հակոբյանը
Նա վստահ է՝ «Բալասանյան դաշինքի» համար դժվար է լինելու, քանի որ ընդդիմությունը մեծամասնություն է կազմում։
Իսկ իրենք շարունակելու են նույն ձևաչափով, որևէ մեկի հետ միանալու մտադրություն չունեն, կմիանան միայն արդարությանն ու օրենքին։
«Ով ում կմիանա, պարզ չէ, պատրաստ ենք նաև՝ թող լինի ընտրություն, ժողովուրդն էլ ավելի լավ կհասկանա՝ ձայնը ում պիտի տա», -ասում է «Զարթոնք» խմբակցության ղեկավարը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ