«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Քոթանջյանը պատրաստվում է բողոքարկել Քննչական կոմիտեի որոշումը՝ օրերս ավագանու նիստում սեռական բնույթի հայհոյանք հնչեցրած Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի արարքում խուլիգանության հանցակազմ չտեսնելու ու քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ:
«Ընդհանուր առմամբ բովանդակությունից պարզ է դառնում, որ նշված է, որ կան քրեական տարրեր պարունակող հանգամանքներ, բայց չեն որակում խուլիգանություն: Մենք բողոքարկում ենք այս որոշումը եւ կխնդրենք նաեւ քննեն այդ խոսքերի մեջ նաեւ ատելության խոսքի հանգամանքը: Մենք որակում ենք, որ կա նաեւ ատելության խոսք․ հնչեցվել էր միտք, թե Երեւանում ունեք այս կամ այն, գնացեք ձեր Երեւանում բան արեք, այսինքն՝ խմբերի միջեւ նաեւ ատելության խոսք էր դա պարունակում: Սկզբնական շրջանում մենք չէինք բարձրաձայնել դրա մասին, որովհետեւ ենթադրում էինք, որ եթե արդար քննություն իրականացվի, այդ ամենը պետք է Քննչական կոմիտեն տեսներ ու արձանագրեր: Բայց, ցավոք սրտի, կոմիտեն դա չարձանագրեց: Գուցե պրոֆեսիոնալիզմը թույլ չտվեց, որ արձանագրեն»,- Aravot.am-ին ասաց հ/կ նախագահ Քոթանջյանը:
Թե ինչու կոմիտեում խուլիգանություն չեն տեսել համայնքապետի պաշտոնակատարի արարքում, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ, ըստ երեւույթին, որ հայհոյանքը ավելի լայն հասարակությանը չի վերաբերում, որովհետեւ խուլիգանության հոդվածը վերաբերում է լայն տարրերին. «Մեր դիտարկումն այն է, որ այն ոչ թե մեկ կամ երկու հոգու է վերաբերում, այլ ամբողջ քաղհասարակությանը: Հետեւաբար, ինքը լայն հասարակություն է: Իսկ թե ինչ քրեական այլ տարրեր էր տեսնում կոմիտեն, մեզ համար պարզ չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ