Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սողոմոնյան. «Իմ կարծիքով ԲԿՄԱ-1 ակումբը վերածվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի անձնական թիմի»

Դեկտեմբեր 13,2023 18:30

«Փյունիկ» ՖԱ նախագահ Արթուր Սողոմոնյանը դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ գնահատական տալու անցած չորս տարում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի,  նրա թիմի գործունեությանը եւ իր վերաբերմունքն արտահայտելու Արմեն Մելիքբեկյանի՝ նույն պաշտոնում վերընտրվելու  մտադրությանը:

Արթուր Սողոմոնյանը թվարկեց բազմաթիվ խնդիրներ, սկսած ֆեդերացիայի նախաձեռնությամբ մարզերում կառուցված  խաղադաշտերի որակից, մանկապատանեկան ֆուտբոլի խայտառակ վիճակից, որը ազգային հավաքականի համար հերթափոխ պատրաստելու միջավայրն է, ոչ յուրային ակումբների հետ անառողջ մթնոլորտի ձեւավորումից ու վատ հարաբերություններից, վերջացրած կազմակերպական բազմաթիվ խնդիրներով, այդ թվում նաեւ արդար մրցակցային պայմանների բացակայություն, որոնք միայն ու միայն վնաս են հասցնում հայկական ֆուտբոլին:

Հայկական ֆուտբոլում առկա ամենամեծ խնդիրներից մեկը, որը ոլորտը տանում է կործանման, իմ կարծիքով ԲԿՄԱ ակումբի ստեղծման գաղափարի ամբողջական խեղաթյուրումն է: Հայաստանը, հասկանալի է, պատերազմի մեջ գտնվող երկիր է: Ֆուտբոլիստ դառնալ ցանկացող երեխաները 18 տարին լրանալով պետք է գնան ծառայելու: Այդ երկու տարիները նրանց համար կարող են բեկումնային լինել ֆուտբոլային կարիերան շարունակելու իմաստով: Այդ նպատակով էլ 2019 թվականին ստեղծվել է  ԲԿՄԱ ակումբը եւ նույն տարի  համալրվել է 23 ֆուտբոլիստով: 2021 թվականի նոյեմբերին այդ տղաներն ավարտել են ծառայությունը ԲԿՄԱ-ում: Եվ այս տարի, այդ տղաներից 14-ը հեռացել է ֆուտբոլից, մնացած 9-ից միայն երեքն է հիմնական կազմերում խաղում: Մյուսներն առաջին լիգայում են, կամ նստած են պահեստայինների նստարանին:

Ես հարց ունեմ, որը ինքն իրեն պիտի տար  ֆեդերացիայի ղեկավարությունը. իմաստ կա՞ այս արդյունքով այդպիսի ակումբը պահել, երիտասարդներին ազատել ծառայությունից, երբ մյուսները գնում են իրենց պարտքը կատարելու: Բայց ֆեդերացիան այս մասին չի մտածում: Ընդհակառակը. ստեղծել է ԲԿՄԱ-2-ը եւ Հայաստանում հիմա բանակային երկու ակումբ կա, որոնցից առաջինը իմ կարծիքով վերածվել է Արմեն Մելիքբեկյանի անձնական թիմի: Այնտեղ խաղադաշտ է մտնում զորակոչային տարիքի 3-4 ֆուտբոլիստ, մնացածը հրավիրված ֆուտբոլիստներ են այլ ակումբներից: Հետեւաբար, ինչի է ֆեդերացիան սեփական թիմ պահելու վրա ծախսում այն գումարներ, որոնք պետք է ուղղվեին ֆուտբոլի զարգացմանը:

Ինչ ես հիմա ասացի, դա սառցալեռան միայն գագաթն է, իսկ ներքեւում այն է, որ ծնողներից շատերը հասկանալով, որ ֆուտբոլի միջոցով հնարավոր է բանակից ազատվել, արդեն զավակների 16-17 տարին լրանալուց ինչ-որ ձեւով պայմանավորվում են եւ իրենց երեխաներին խցկում հավաքականներ: Եվ եթե նայեք հավաքականներին, այնտեղ հիմնականում Ֆուտբոլի ակադեմիայի սաներն են, որը պատկանում է ֆեդերացիային: Եվ ես գտնում եմ, որ սա է պատճառներից մեկը, որ մեր հավաքականները այդքան թույլ են»,-ասաց ակումբի նախագահը, որի խոսքերից հասկացվում է, որ  ֆեդերացիայի գործունեության արդյունքում ֆուտբոլը դարձել է բանակից ազատվելու միջոց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031