Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն դատարանի նախագահը խոշոր գումար, առանձնատուն և բնակարան է նվեր ստացել. «Հետք»

Դեկտեմբեր 13,2023 18:40

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը պարբերաբար ծնողներից նվիրատվություն է ստանում: Դատավորն ասում է, որ դրանք նրանց խնայողություններն են ու գույքի իրացումից ստացված գումարները:

Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2023թ. փետրվարի 17-ին: Ղազարյանը դատավորի կարիերան սկսել է 2022թ. դեկտեմբերի 2-ից, երբ նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ աշխատել է դատական դեպարտամենտում:

Խաչիկ Ղազարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր, ըստ որի՝ 2022թю դատավորն ունեցել է մոտ 36 մլն դրամ և 50 հազ. ԱՄՆ դոլար եկամուտ, որից 1 մլն 850 հազ. դրամն ու 50 հազ. ԱՄՆ դոլարը նվիրատվություն են:

Դատավորին 1 մլն 850 հազ, դրամ և 40 հազ. ԱՄՆ դոլար նվիրել է հայրը՝ Կարապետ Ղազարյանը, իսկ 10 հազ. ԱՄՆ դոլարը՝ մայրը: Դատավորը հորից նվիրատվություն ստացել է նաև 2021թ.՝ 68 հազ. ԱՄՆ դոլար:

Խաչիկ Ղազարյանից գրավոր հետաքրքրվել էինք, թե ծնողներին որտեղից այդքան գումար, որը նվիրատվության կարգով փոխանցել են որդուն:

«Հորս՝ Կարապետ Ղազարյանի կողմից նվիրատվության կարգով ինձ փոխանցված 68 000 ԱՄՆ դոլարը գոյացել է բնակարանի վաճառքից, իսկ 40 000 դոլարը՝ հողամասի վաճառքից, որը հանդիսացել է ծնողներիս համատեղ սեփականությունը: Իսկ 10 000 ԱՄՆ դոլարը և 1 մլն 850 հազ. դրամը եղել են խնայողություններ, որոնք գոյացել են հորս ձեռնարկատիրական գործունեության արդյունքում: Մասնավորապես, հայրս 2000թ. առ այսօր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ մայրս 1978թ. աշխատում է դատական համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ»,- պարզաբանում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահը:

Դատավորի հայրը հանդիսանում է «Տուկան» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընկերությունը ստեղծվել է 2000թ.: Ըստ հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության` ընկերությունն իրականացնում է տրիկոտաժե ներքնազգեստի և գուլպեղենի մանրածախ առևտուր: Ընկերությունը չունի մեծ շրջանառություն:

Պարզվում է` Խաչիկ Ղազարյանը ոչ միայն գումար է նվեր ստանում, այլև բնակարան և առանձնատուն: Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը նվեր է ստացել 2016թ., իսկ Արաբկիրում գտնվող  առանձնատունը՝ 2014-ին:

Խաչիկ Ղազարյանը պարզաբանեց, որ առանձնատունը նվեր է ստացել տատից, իսկ բնակարանը՝ Տիգրան Բոստանջյանից: Թե ով է Տ. Բոստանջյանը՝ դատավորը չի պարզաբանել: Սակայն վերջինիս նվիրած բնակարանը վաճառել է 2021թ.՝ մոտ 79 մլն դրամով:

Դատավորը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ: 2022թ. հայտարարագրի համաձայն՝ Խ. Ղազարյանը բանկային հաշիվներում ունեցել է մոտ 7 մլն դրամ և 73 հազ. ԱՄՆ դոլար:  Իսկ կանխիկ՝ 1 մլն 500 հազ. դրամ և 25 հազ. դոլար:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031