Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի կարծիքով՝ Գյումրիում այս պահին կա ճգնաժամ, սակայն այն կառավարելի է։
Ըստ նրա, այս պահին Գյումրին չունի փոխքաղաքապետեր, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել մի քանի ՔՊ-ական բաժնի պետեր ու աշխատակիցներ, հետևաբար՝ անկարելի է ասել, թե կառավարման ճգնաժամ չկա։
«Եթե կարողանանք ճիշտ կառավարում կազմակերպել, այս ճգնաժամից մենք դուրս կգանք»,- ասաց Կարեն Մալխասյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց՝ իրենց խմբակցության օրակարգում չկա որևէ քաղաքական ուժի հետ համագործակցելու հարց։
«Ապրելու երկիրը» հանրապետության որ ՏԻՄ-ում որ ներկայացված է, չի համագործակցում «Քաղաքացիական պայմանագրի» հետ», -հավելեց նա։
Նա նաև ասաց, որ Գյումրու ավագանիում այնպիսի բացառիկ մթնոլորտ է ձևավորված, որ ի շահ քաղաքի՝ իրենք համագործակցել են բոլորի հետ, չի եղել քաղաքի բարօրությունից բխող այնպիսի մի հարց, որին նեղ անձնական, կուսակցական շահերից ելնելով՝ դեմ գնան։
Մենք նրանից հետաքրքրվեցին, թե ո՞վ է Գյումրու ստվերային կառավարիչը։
Կարեն Մալխասյանը ժպտալով պատասխանեց․ «Տեսեք ՔՊ-ի հայտարարության մեջ կար երկու դրվագ․ համայնքը չի ղեկավարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և կա ստվերային կառավարիչ։
Երկու դրվագով էլ, ըստ էության, կա իրավական գնահատական տալու անհրաժեշտություն, որին ես չէ, որ պիտի տամ։ Ենթադրենք պնդումը ճիշտ է, այդ պարագայում մենք հրաժարվեցինք մեր պաշտոններից, աշխատակիցները դիմում գրեցին, գնացին, խնդիրը մենք լուծեցի՞նք։
Իհարկե, չլուծեցինք, ի՞նչ ենք առաջարկում այդ խնդիրը լուծելու, գոնե ինձ համար պարզ չէ։
Հետևաբար` այնպիսի քայլեր պիտի ձեռնարկվեին, որ տրամաբանությունը հանգեցներ նրան, որ այս քայլերի արդյունքում ենք գնում ենք այդ խնդիրը լուծելու»։
Ըստ նրա, ՔՊ-ի մամուլի ասուլիսն ու դրան հաջորդած «Բալասանյան դաշինքի» հայտարարությունը հարցը չի պարզաբանել, այլ լրացուցիչ հարցեր է առաջացրել, հետևաբար և «Ապրելու երկիր» խմբակցությունը, գտնելով, որ Գյումրիում տիրող ներկայիս իրավիճակը հասարակությանն անչափ հուզում է, նախաձեռնել է քննարկում, որպեսզի պարզաբանումներ լինեն, սակայն ավագանու խմբակցություններից ընդամենը «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն են ստորագրել, կողմ եղել։
Նա վստահեցնում է՝ Գյումրու համայնքապետարանում առողջ աշխատանքային մթնոլորտ է եղել․ կոնկրետ իր գլխավորած խմբակցության հետ բոլոր պայմանավորվածությունները Գյումրու քաղաքապետը կատարել է, նմանապես և ՔՊ-ական երկու փոխքաղաքապետերը, իսկ թե ՔՊ-ի ու «Բալասանյան դաշինքի» միջև ինչ է տեղի ունեցել, որ ՔՊ-ն մեղադրում է « Բալասանյան դաշինքին» պայմանավորվածությունները չկատարելու մեջ, չի կարող ասել։
Մեր հարցին՝ ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» ստվերային համագործակցության են գնացել, թե՞ իրականում խնդիրներ կային, այլևս չէին կարողանում իրար հետ իշխանություն կիսել, Կարեն Մալխասյանը պատասխանեց․ «Իրականում միշտ խոսակցություններ եղել են, որ կա որոշակի խնդիր, այդ ամբողջ քաղաքին է հայտնի, ոչ միայն ինձ, բայց երբ նախագիծը եկել, հասել է ավագանու նիստ, սինքրոն քննարկվել է, ոչ մի հարց չի բարձրաձայնվել, չի քննադատվել ու այսօր հուշագիր է խզվում, այդ ձեր հարցի պատասխանը իրենք են տալու»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ