«ՄԻԵԴ-ի վճռից հետո մեր քննչական մարմինները բացարձակ ոչինչ չեն անում: Մենք դիմել ենք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որովհետեւ մինչեւ դատախազ դառնալը՝ ինքը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց մեր բոլորիս գործերը, ասաց, որ վարչապետի հանձնարարությամբ, իրավաբանների 6 խումբ է ձեւավորվել, որոնք ուսումնասիրում էին մեր հինգ քրեական գործերը: Իրավաբանների խումբը պարզել էր, որ մեր գործերը ո՛չ դժբախտ պատահար են, ո՛չ հիվանդության պատճառով վրա հասած մահ, ո՛չ՝ ինքնասպանություն: Մեր երեխաներին սպանել են: Վարդապետյանը մեզ խոստացավ, որ այդ բոլոր քրեական գործերը վերաորակավորում են ստանալու ու հոդվածները փոխվելու են, որովհետեւ միանշանակ սպանության դեպքեր են: Դեռ այն ժամանակ Վարդապետյանն ասաց՝ ինձ ժամանակ տվեք, երկու ամիս գոնե, մինչեւ ստանձնեմ պաշտոնս ու անձամբ կզբաղվեմ այս գործերով: Մինչեւ այսօր ո՛չ մեզ ընդունել է, ո՛չ էլ մի բառ ասել է, այնինչ ուղարկում է մեզ զինվորական դատախազություն, որտեղ աշխատում են դատախազներ Գուրգեն Հակոբյանը եւ Արշակ Մարտիրոսյանը, որոնք էլ հենց այս քրեական գործերի կոծկողներն են »,- Aravot.am-ին ասաց Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անցած շաբաթ տեղի ունեցած նիստին, որի ժամանակ քննել են, թե ինչպես են անդամ երկրները կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները: Կոմիտեն անդրադարձել է նաեւ Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքով ՄԻԵԴ-ի վճռին:
Հիշեցնենք, որ Վալերի Մուրադյանը մահացել է 2010 թ մարտի 14-ի լույս 15-ի գիշերը: Նրան գտել են կախված վիճակում: Իսկ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության դրդելու հատկանիշներով:
Նանա Մուրադյանի խոսքով, ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Վալերիկ Մուրադյանի գործով ոչ արդյունավետ քննություն է իրականացվել. «Մեր գործով եվրոպական դատարանի վճիռը պետությունը չի կատարում, վճռի հրապարակումից հետո ոչինչ չի արվել: Այդ կապակցությամբ դիմել ենք մեր փաստաբանի միջոցով ԵԽ-ին, հայտնել, որ ոչինչ չի արվում մեր գործով, այդ է պատճառը, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն հնչեցրել է մեր գործի մասին մտահոգություններ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ