Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որը տարբերվում էր նախորդներից իր ակտիվությամբ․ ավագանու գրեթե բոլոր անդամները մի մարդու պես ներկայացել էին նիստին։
Գյումրու քաղաքային իշխանության մաս կազմելուց հրաժարված ՔՊ-ականների կողմից ոչ մի լարվածություն չէր ստեղծվում, նրանք օրակարգային հարցերից շատերին կողմ էին քվեարկում։ Այնպիսի տպավորություն էր, թե ոչինչ էլ չի պատահել։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ թեև փոքր-ինչ լարված էր, բայց ինքնավստահ էր։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ո՞վ է կառավարում իրեն, ի վերջո ո՞վ է Գյումրու ստվերային կառավարիչը, որի մասին խոսում է ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ հրաժարվելով «Բալասանյան դաշինքի» հետ ստորագրած հուշագրից։
Կարդացեք նաև
Մենք Վարդգես Սամսոնյանին ասացինք, որ ՔՊ-ն է խորհուրդ տվել իրենից իմանալ ստվերային կառավարչի անունը։
Վարդգես Սամսոնյանը խուսափեց այս հարցին պատասխանել՝ պատճառաբանելով, որ «Բալասանյան դաշինքը» հայտարարությամբ է հանդես եկել, կրկնելն իմաստ չունի։
«Բերեք փորձենք աշխատել, տրամադրված ենք աշխատելու, ավելի շատ ենք աշխատելու, որ կարողանանք մեր քաղաքում առաջացած խնդիրներն օր առաջ լուծել»,-հորդորեց քաղաքապետը։
Քաղաքապետն ասաց՝ ՔՊ-ականների զբաղեցրած պաշտոնները թափուր են, փոխքաղաքապետեր պիտի ընտրեն, քննարկման մեջ են, ծանր փուլ է, յուրաքանչյուր վայրկյանը իր համար թանկ է։
Հարցին՝ մյուս խմբակցությունների հետ համագործակցել պլանավորո՞ւմ եք, Վարդգես Սամսոնյանը պատասխանեց․ «Ոչ»։
Քաղաքապետը նաև հավելեց․ «Իմ մանդատը քաղաքի բնակիչներն են տվել, նրանք էլ կարող են մանդատը վերցնել, պահանջել իմ հրաժարականը»։
Նա նաև նշեց, որ կառավարության հետ ինտեսիվ աշխատում են, որևէ լարվածություն չկա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ