Դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքի ավագանին արտահերթ նիստում անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամ՝ համայնքապետ Արկադի Թամազյանին։ Ավագանին նոր համայնքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին:
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը»:
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ հաստատեց, որ ՀԿ-ների մտահոգությունը տեղին է: Ընդգծեց, որ ճնշումները կարող են լինել տարբեր տեսակի՝ սկսած բարոյահոգեբանականից մինչեւ մարդկանց անձնական դաշտ մտնելը: Նրա խոսքով. «Մի որոշակի ընթացք աշխատանքներ են տարվել ինչ-որ շրջանակների կողմից, գրեթե երկու ամիս ամբողջ քաղաքում խոսակցություններ էին գնում, որ ՔՊ խմբակցությունն իր անդամներից մեկին ստիպում է վայր դնել մանդատը, որպեսզի գնա անվստահություն հայտնելու գործընթացի: Այս ամենի մասին խոսում էին ամբողջ համայնքում, եւ սա իսկապես մտահոգում էր հասարակությանը»:
Օլեգ Դուլգարյանը հավելում է. «Երբ «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկը դուրս եկավ, անմիջապես քաղաքում սկսեցին խոսել, որ միանալու է ՔՊ-ին՝ անվստահության գործընթաց իրականացնելու համար: Այսինքն՝ այսպես կոչված քաղաքական օպերացիան այնքան փնթի էր արվում, որ ողջ հասարակությունը դրա մասին իրազեկվում էր, ինչը որոշակի բարոյահոգեբանական ֆոն էր ստեղծում համայնքում, որ իշխանությունն ամեն գնով վերցնելու գործընթաց է գնում»:
Կարդացեք նաև
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի խոսքով. «Պետք է նախ ուշադրություն դարձնել այն փաստերին, թե ինչ իրադարձություններ էին նախորդել այս ամենին՝ ավագանիում եւ ինչ նախագծերի շուրջ է եղել գաղափարական պայքարը: Եթե անգամ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է, ժողովրդավարական ձեւով է ընտրվել ավագանի, հետո ավագանին որոշել է քաղաքապետ փոխել, դա էլ է օրենքով թույլատրվում, բայց պետք է նայել, թե ինչ արգումենտներ, մոտիվացիաներ, ծրագրային մտքերի բախումներ կան դրա տակ…Պետք է դիտարկել, թե բեմի հետեւում ինչեր են կատարվել»:
Օլեգ Դուլգարյանը հավելում է. «ՔՊ-ն ընդդիմադիր էր տվյալ պարագայում, եւ տարբեր խնդիրներ են եղել սկսած ընթացակարգայինից: Օրինակ, խմբակցությունը պնդում էր, որ քաղաքապետի տեղակալներին համայնքապետը անօրինական է նշանակել՝ խախտելով ՏԻՄ օրենքը, համայնքապետն էլ դրան հակադրում էր ՏԻՄ օրենքի այլ կետեր: Ուզում եմ ասել, որ այնտեղ համայնքի զարգացման տեսլականների վերաբերյալ խոսակցությունները քիչ էին, գլոբալ խորքային տարաձայնություններ, որոնք ուղղված էին համայնքային զարգացմանը, կարծես թե ես չեմ նկատել:
Ամեն դեպքում մի քանի ամիս շարունակ, երբ հասարակությունն արդեն տեղեկացավ, որ պետք է լիներ անվստահության գործընթաց, սկսեցին ավագանու նիստեր էլ բոյկոտվել..․ Համայնքի բնակիչներին եւ քաղհասարակության ներկայացուցիչներին տվյալ դեպքում այդքան չի հետաքրքրում թե ավագանու խմբակցությունների միջեւ ինչ տարաձայնությունների աշխարհագրություն կա: Մեզ համար կարեւոր էր, որ լիներ կառուցողական աշխատանք՝ ուղղված համայնքի զարգացմանը: Ի վերջո` այդ պայքարի ընթացքը, որը սկսվել է մեկ տարի առաջ՝ ընտրություններից հետո, չի նպաստել համայնքի զարգացմանը»:
Հավելենք, որ քննարկմանը մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն նա չէր ներկայացել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի