Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսաք, որ պատիժը կապված է քաղաքական գործունեության սահմանափակման հետ». Ավետիք Չալաբյան

Դեկտեմբեր 13,2023 15:57

Պատժաչափը՝ 1 տարի 11 ամիս եւ 4 օր, որն այսօր հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանն առաջարկեց «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի համար, ինքը՝ Ավետիք Չալաբյանը, համարում է, որ ունի բացառապես քաղաքական տրամաբանություն եւ հիմք։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեցին լրացուցիչ դատական լսումները։ Հանրային մեղադրողը դատարանին միջնորդեց, որպեսզի Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառվի 2 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում։ Սա ամենախիստ պատժաչափն է, որը նախատեսված է Չալաբյանին մեղսագրվող արարքի համար։ Նման պատժամիջոց կիրառելու համար դատախազը նկատի է ունենում նաեւ այն հանգամանքը, որ նախաքննության եւ դատաքննության փուլում Ավետիք Չալաբյանն ընդհանուր առմամբ 3 ամիս եղել է կալանավորված. կալանքի յուրաքանչյուր օրը հաշվվում է 2 օր։

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ավետիք Չալաբյանն ասաց. «Դուք տեսաք, որ պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ։ Նրանք փորձելու են, որ ես երկու տարի հավաքներ չկազմակերպեմ, հավաքների չմասնակցեմ, քաղաքական գործունեության չմասնակցեմ»։

Արդյունքում ինչ էլ կորոշի դատավորը, Ավետիք Չալաբյանը պնդում է, որ չի ընդունելու իր մեղքը եւ անպայմանորեն բողոքարկելու է դատարանի վճիռը. «Հատուկ ուզում եմ նշել դատախազի շատ պարադոքսալ միտքը այ, որ եթե ես իմ մեղքը չեմ ընդունում, դա ծանրացուցիչ հանգամանք է, իսկ Էմմա Սարգսյանն ընդունել է իր մեղքը, համագործակցել է իրականությունը բացահայտելուն, ուստի մեղմացուցիչ պատիժ է առաջարկվում»։

Ավետիք Չալաբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ինքը եւս համագործակցել է, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի՝ դատական նիստերից չի խուսափել, ակտիվ հարցադրումներ է արել դատավարության մասնակիցներին, իսկ Էմմա Սարգսյանը, որն իր դեմ իբրեւ ցուցմունք է տվել, այդպես էլ դատական նիստերին չներկայացավ, իհարկե, օգտվելով իր իրավունքից, մինչդեռ նրան էլ բազմաթիվ հարցեր կային ուղղված։

Լրագրողներից մեկի հարցին՝ խոսվում է առաջիկայում արտահերթ ընտրությունների մասին, ինչպե՞ս է Չալաբյանը դրանց մասնակցություն ունենալու քաղաքական գործունեության սահմանափակման պարագայում, Ավետիք Չալաբյանը պատասխանեց, որ չի ցանկանում առհասարակ մեկնաբանել արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները, քանի որ ինքնալուծարվել կամ շարունակել գործել, դա խորհրդարանի որոշելիքն է, իսկ մնացածը ցույց կտան քաղաքական գործընթացները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031