Այն դեպքերում, երբ հայ ժողովուրդը հույսը դրել է իր վրա, ունեցել ենք հաջողություններ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Որքան էլ որ մեր գործողությունները կախված լինեն այլ շահերից, այնուամենայնիվ տեղում, ինչպես ընդունված է ասել, գետնի վրա, եւ մեր ժողովրդի ամբողջ պատմությունն է դա ցույց տալիս, այն դեպքերում, երբ մեր հույսը դրել ենք մեր վրա, այդ դեպքերում ունեցել ենք հաջողություններ։ Արցախյան առաջին ազատամարտի ընթացքում եւ պետականաշինությունը, եւ Արցախի ինքնորոշման գաղափարը, եւ բանակաշինությունը միանշանակ եղել են մեր շահերի շրջանակներում։ Եվ դրա ուղղությամբ ջանք չենք խնայել ամբողջ ժողովրդով՝ Սփյուռք, Հայաստան, Արցախ եռամիասնությամբ։ Եվ դրանով էլ մենք հասել ենք հաջողությունների»,- ասաց նա։
Սեյրան Օհանյանը հավելեց․ «Այն խոսքերը, որ մեր փոխարեն արել են, դրանք սուտ խոսքեր են, որովհետեւ եւ պետականաշինության, եւ հատկապես բանակաշինության ուղղությամբ մենք լուրջ աշխատանք ենք տարել»։ Նա նշեց, որ ակնհայտ է, այս իշխանություններն իրենց տված բոլոր խոստումները, հատկապես Արցախի հարցում, ձախողել են։ Այսինքն՝ այս իշխանությունները լեգիտիմ չեն։
«Ինչ վերաբերում է մեր քայլերին, միանշանակ, չկա որեւէ անձ, նաեւ մենք, որ չենք ուզում խաղաղություն ունենալ։ Բայց այդ խաղաղությանը հասնելու համար պետք է նախ պայքարել։ Դա չպետք է լինի պարտադրանքի միջոցով, իսկ դրա համար պետք է լուրջ կառավարման համակարգ ձեւավորվի, որը համակողմանիորեն կուսումնասիրի իրավիճակը՝ եւ ազգային հարթակում մեր դիրքերն ամրապնդելու համար, եւ նաեւ միջազգային հարթակում խելացի արտաքին քաղաքականություն ու բանակցություններ կվարի»,- հավելեց Օհանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ