Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ Ֆեյսբուքում ստատուս գրելու համար կալանավորվում են, այսպիսի բան ամենավատ ժամանակներում անգամ դժվար էր պատկերացնել»․ Թագուհի Թովմասյան

Դեկտեմբեր 13,2023 15:14

«Հայաստանում մարդու հիմնարար սահմանադրական իրավունքները ոտնահարվում են։ Իհարկե, բոլոր երկրներում կարող են մարդկանց իրավունքները ոտնահարվել, բայց շատ կարեւոր է, թե պետությունն ինչ կամք է ցուցաբերում՝ պայքարելու մարդու իրավունքների խախտումների դեմ։ Եվ հենց այդտեղ է, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա ներկայացրեց մարդու իրավունքների խախտման փաստեր, որոնց չեն հետեւել պատիժներ։

«2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ կիրառվեց դաժան, անմարդկային նսեմացուցիչ վերաբերմունք։ Նրանց բերման ենթարկեցին՝ խախտելով մի շարք հիմնարար իրավունքներ։ Եվ, ահա, օրերս տեղեկանում ենք, որ մեկ տարուց ավելի տեղի ունեցած քննության ընթացքում որեւէ ոստիկանի գործողություններում հանցակազմ չի եղել, եւ կարճվել է այդ գործը։ Համաձայնեք, որ սա նույնիսկ խայտառակություն բնութագրելը չի բավարարում, որպեսզի ամբողջությամբ ներկայացնենք այն պատկերը, որն առկա է։ Եվ կարծում եմ, որ հատկապես զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ նման վերաբերմունքը պետք է արժանանա էլ ավելի մեծ իրավական գնահատականի։ Բայց դրան զուգահեռ` մենք տեսնում ենք, որ, օրինակ, երբ այս տարի ԱԺ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը միասին գնացել էին Եռաբլուր, նրանք վիճաբանություն ունեցան ծնողների հետ, ընդ որում, կադրերում երեւում է, թե ինչպես է Հովիկ Աղազարյանը հայհոյում ծնողներից մեկին եւ ի պատասխան ստանում ապտակ։ Բայց պատժվեց միայն զինծառայողի ծնողը՝ կալանքի տեսքով։ Այսինքն՝ նրան իրավապահներն անմիջապես մեկուսացրեցին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա ասաց, որ Հայաստանում քաղաքացու քվեն ոչինչ չարժե Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետեւ ընտրությունների արդյունքների հետ ՔՊ-ն ուղղակի չի հաշտվում։ Անդրադարձավ ՏԻՄ ընտրություններում արձանագրված խայտառակ խախտումներին։ «Ընտրություններ են կազմակերպում, խոսքս այս դեպքում ՏԻՄ-երի մասին է, բայց որ համայնքում պարտվում է ՔՊ-ն, անմիջապես ձեռնամուխ են լինում բոլոր հնարավոր մեթոդներով, որպեսզի քաղաքացու ձայնը լսելի չդառնա։ Վերջին ամենաաղմկահարույց դեպքն Ալավերդիում տեղի ունեցածն էր, երբ ուղղակի բռնությամբ զավթվեց իշխանությունը՝ կազմակերպելով ֆարս ընտրություններ, որին ներգրավվեց նաեւ ԱԺ պատգամավոր, որը ԱԺ-ում խոսում է ինչ-որ ժողովրդավարության մասին։ Նույն բանը տեղի ունեցավ Բերդ համայնքում, ընտրությունների արդյունքներից հետո կալանավորում եղավ նաեւ Վարդենիսում։ Վեդիում, Սիսիանում, Թալինում, Փարաքարում, Նոր Հաճնում, Պռոշյանում նույն իրավիճակն էր։ Վանաձորը դեռ շարունակվող պրոցեսի մեջ է, որովհետեւ Վանաձորի քաղաքապետը, որն ամենաշատ ձայներն էր հավաքել եւ ենթադրաբար հենց նա պետք է ընտրվեր քաղաքապետ, մինչեւ հիմա կալանավորված է, երկու տարի է՝ գտնվում է կալանքի տակ եւ չի ընդունում իշխանության առաջարկն ու խաղի կանոնները։ Դասական իմաստով Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ է, որովհետեւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը սկսել էր տարիներ առաջ, բայց կալանավորման որոշումը կայացրեցին այն ժամանակ, երբ նա հաղթեց ընտրություններում։ Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության՝ դատարանի վճռից հետո Գորիսում է սպասվում նույն իրավիճակը: Նաեւ տեսանք, որ միակողմանի դաշինքի լուծարում եղավ Գյումրիում։ Այսինքն՝ մենք պետք է սպասենք, որ Գորիսում ու Գյումրիում եւս ՔՊ-ն պետք է օկուպացնի քաղաքապետերի պաշտոնները՝ այդպիսով ոտնահարելով մարդկանց ընտրական իրավունքը։ Եվ եթե այդպես է, թերեւս ճիշտ կլիներ նշանակովի լինեին այդ պաշտոնները, եւ մենք չխոսեինք որեւէ ժողովրդավարական արժեքի մասին։ Միեւնույն է ՔՊ-ն է որոշում, թեպետ տեղական ինքնակառավարման մասին ենք խոսում, եւ պետք է լինի տեղական ինքնակառավարում»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաեւ Երեւանում կայացած ՏԻՄ ընտրություններին՝ հիշեցնելով, որ ՔՊ-ն ընդամենը 9 տոկոս ձայն էր ստացել ավելի քան 1 մլն բնակիչ ունեցող Երեւանում․ «Բայց էլի ակրոբատիկ հնարքներով ՔՊ ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետ է դարձել»։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ մարդիկ Ֆեյսբուքում «ստատուս» գրելու համար կալանավորվել են։ «Այսպիսի բան ամենավատ ժամանակներում ու իրավիճակներում դժվար էր պատկերացնել, որ անձնական էջում հրապարակում անելու համար քաղաքացիները կկալանավորվեն։ Նրանք քաղբանտարկյալներ են, որովհետեւ իրենց քաղաքական մտքի արտահայտման համար են հետապնդել։ Էլ չեմ խոսում Արմեն Աշոտյանի դեպքի մասին, երբ մի քանի տարի առաջվա հարուցված քրեական գործով նրան կալանքի տակ են պահում, որպեսզի նա ուղիղ եթերի ձեւաչափով դաժան քննադատության չենթարկի Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ ազատ խոսքը մեր երկրում վտանգված է, եւ այս համատեքստում պետք է հիշենք նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունները։ Ես եղել եմ լրագրող եւ չեմ հիշում դեպք, որ Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ լինի այսպիսի քամահրական վերաբերմունք, ինչպիսին այսօր է»,- հավելեց նա։

Թագուհի Թովմասյանն ասաց, որ Էդգար Ղազարյանին հրապարակային սպառնալու համար ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը չպատժվեց, դատախազությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի հասցեին նմանօրինակ հայտարարություններ արած ընդդիմադիր գործիչների կամ քաղաքացիների նկատմամբ բռնության կոչերի հոդվածով գործեր են հարուցվում, նրանցից շատերը կալանքի տակ են։ «Այսինքն՝ Հայաստանում կալանքը չի համարվում որպես խափանման, այլ պատիժ։ Ի սկզբանե որոշում են՝ ում պատժել, ում ներել»,- ընդգծեց նա։

Թովմասյանը նաեւ անդրադարձավ հավաքների ժամանակ իրավապահների գործողություններին, ոստիկանների բռնություններին։ Նա ասաց, որ կոնկրետ դեպքերով ինքը դիմումներ է ուղարկել ոստիկաններին, բայց մինչ օրս որեւէ ոստիկան պատժի չի ենթարկվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031