Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտյալների մտահոգություններն օբյեկտիվ են». «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ

Դեկտեմբեր 13,2023 14:06

ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 դատապարտյալներ նոյեմբերի 27-ից հացադուլ էին սկսել՝ ի աջակցություն ցմահ մեկ այլ դատապարտյալի: Խոսքը 27 տարի անազատության մեջ Արթուր Մկրտչյանի մասին է, որի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ, մերժվել էր ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից։

Դատապարտյալները հացադուլը դադարեցրել են, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության տվյալների՝ ներկա պահին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 87 ցմահ դատապարտյալներից 2-ը պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում, 50-ը՝ բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 14-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, 16-ը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 4-ը՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում, իսկ 1-ը՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։

Իրավապաշտպանների կարծիքով՝ պետությունը, կարծես, չի ցանկանում ցմահ դատապարտյալներին պատիժը կրելուց հետո հնարավորություն կամ հույս տալ գոնե ռեժիմի փոփոխության՝ բաց ռեժիմի, որը թույլ կտա ժամը 08։00-20։00-ն անցկացնել ազատության մեջ։

Ծովինար Թադեւոսյանը՝ աջից

«Մենք ունենք 3 անվտանգային գոտի՝ բարձր, միջին եւ ցածր: Ամեն անվտանգային գոտի ունի պատժի կատարման 2 պայման՝ խիստ եւ մեղմ: Անվտանգային գոտու փոփոխությունն իրականացվում է Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից, որն ունի 11 անդամ… Թե անվտանգային գոտու, թե պատժի պայմանների փոփոխման դեպքում մեծ դեր ունեն ՔԿՀ-ներում գործող սոցիալականացման գնահատման հանձնաժողովները, որոնք օրենքի փոփոխությունից հետո եւս գործում են: Այս հանձնաժողովում անձինք են, որոնք անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ, իրենք դատապարտյալի վերաբերյալ տալիս են եզրակացություն, որը լինում է դրական կամ բացասական»,- «Պատժել պետք չէ ներել. որտե՞ղ է պետությունը դնում ստորակետը» թեմայով Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ընթացակարգը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադեւոսյանը:

Նրա խոսքով. «Առանց անձի դրական վարքագծի՝ տեղաբաշխման հանձնաժողովը ըստ օրենքի չի կարող անձին տեղափոխել առավել ցածր անվտանգային գոտի: Հնարավոր է, որ լինեն նաեւ մերժումներ, որովհետեւ տեղաբաշխման հանձնաժողովի կողմից տրված կարծիքն ունի ընդամենը խորհրդատվական նշանակություն»:

Նարե Հովհաննիսյան

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը չհերքեց, որ համակարգում կան դրական փոփոխություններ: Ապա անդրադարձավ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների խնդրին. «Հացադուլ էին հայտարարել այն դատապարտյալները, որոնք փակ կամ կիսափակ ռեժիմներից նախկին Քրեակատարողական օրենսգրքի տրամաբանությամբ տեղափոխվել էին կիսաբաց ռեժիմ, որը բավականին մեծ տեղաշարժ էր՝ նրանց քրեական պատժի կրման պատմության մեջ: Նաեւ այս վերասոցիալականացման քաղաքականության որդեգրման սկզբունքները կյանքի կոչելու համատեքստում կարեւոր ձեռքբերում էր այն, որ նրանք տեղափոխվեցին նաեւ Սեւան ՔԿՀ:

Այդ դատապարտյալները հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ի կիսաբաց ռեժիմից պատժի պայմանների մեղմացման արդյունքում Սեւան ՔԿՀ-ում հայտնվածներն էին: Սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ ոչ պակաս օբյեկտիվ են նաեւ դատապարտյալների մտահոգությունները: Քրեակատարողական նախկին օրենսգրքի տրամաբանությամբ՝ կար պատժի կրման 4 ռեժիմ՝ փակ, կիսափակ, կիսաբաց եւ բաց: Այս դատապարտյալները հայտնվել էին կիսաբաց ռեժիմում եւ նախկին Քրեակատարողական օրենսգրքի տրամաբանությամբ՝ իրենց պատժի մեղմացման վերջին փուլին անցնելուն մնացել էր մեկ քայլ: Վարքագծում դրական դինամիկայի դեպքում հաջորդ փուլը լինելու էր բաց ռեժիմը:

Քրեակատարողական նոր օրենսգրքի տրամաբանությամբ 3 անվտանգային գոտիներ կան՝ ցածր, միջին, բարձր: Եվ յուրաքանչյուրն էլ իր հերթին ունի 2 պայման՝ խիստ եւ մեղմ: Հացադուլ հայտարարած դատապարտյալներից երկուսն էին, որ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում էին, այսինքն՝ դեռեւս կիսաբացում, իսկ մյուսները միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում էին: Նախկին Քրեակատարողական օրենսգրքի տրամաբանությամբ՝ երկու դեպքում էլ նրանք կիսաբաց ռեժիմին են համապատասխանում, բայց փաստացի անցումները կրկնապատկվել են: Կիսաբացի դեպքում հիմա կարծես թե երկու պայման է գործում՝ միջինի մեղմը եւ ցածրի խիստը: Այսինքն, այդ երկուսից հետո էլ պետք է անցնեն ցածրի մեղմին: Հացադուլ հայտարարած դատապարտյալների մտահոգություն այն էր, որ ինչ-որ առումով դա վատթարացրել է իրենց վիճակը, որովհետեւ եթե նախկինում մնում էր մեկ քայլ այդ անցումը կատարելու համար, հիմա պետք է կատարեն 2-3 անցում՝ մինչեւ հայտնվեն ավելի մեղմ պայմաններում»:

Նարե Հովհաննիսյանը հավելում է. «Ինչո՞ւ է բաց ռեժիմ կամ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրելն ավելի նախընտրելի, որովհետեւ այնտեղ արձակուրդ գնալու ու հիմնարկից դուրս աշխատելու հնարավորություններն ավելի շատ են: Դատապարտյալներին նաեւ մտահոգում էր, որ միջին անվտանգային գոտու՝ մեղմ եւ ցածր անվտանգային գոտու՝ խիստ պայմաններն օրենսգրքով տարբերակված են, բայց դրանց տարբերությունները շատ չեն: Օրինակ` կա 2 տեսակցության տարբերություն: Այսինքն, էական տարբերություններ կարծես թե չկան, բայց գործընթացը կրկնապատկվում ու եռապատկվում է, իրենցից հավելյալ ջանքեր է պահանջում»: Նա նաեւ նշեց, որ մտահոգությունների մյուս մասը կապված է վերասոցիալականացման գործընթացի հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031