Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը, զուտ խոսքերից դուրս, պատրաստ կլինի՞ հայցեր ներկայացնել միջազգային ատյաններ՝ պաշտպանելու արցախահայության սեփականության իրավունքները. Հարութ Սասունյան

Դեկտեմբեր 13,2023 14:10

Հայաստանի կառավարությունն անհեթեթ բեռ է ավելացնում արդեն իսկ տառապյալ արցախցիների վրա

Կարծես թե բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները քիչ էին, հաշվի առնելով նրանց հարկադրաբար հեռացումն իրենց հայրենի հողից և նրանց կրած հետագա զրկանքները Հայաստան ժամանելուց հետո՝ բնակարանի, սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների բացակայության պատճառով, այժմ էլ Հայաստանի կառավարությունն է ավելորդ խնդիրներ ստեղծում նրանց համար:

Երկար ժամանակ Հայաստանի քաղաքացի հանդիսացող արցախահայերին Հայաստանի կառավարությունը հանկարծ հայտնեց, որ իրենք Հայաստանի քաղաքացի չեն, թեև ունեն Հայաստանի Հանրապետության կողմից տրված անձնագրեր։ Բազմաթիվ արցախահայեր տարիներ շարունակ օգտագործել են իրենց հայկական անձնագրերը՝ առանց որևէ խնդրի արտասահման մեկնելու համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի և այլ երկրների իշխանությունները նրանց անձնագրերն ընդունել են որպես իսկական հայկական անձնագրեր։ Ինչպե՞ս է հնարավոր, որ արցախցիները Արցախում ապրելու ժամանակ եղել են Հայաստանի քաղաքացիներ, սակայն Հայաստան ժամանելուց հետո՝ ոչ։

Ավելի մեծ խառնաշփոթ ստեղծելով, Հայաստանի կառավարությունն այժմ արցախահայերին ասում է՝ քանի որ իրենք Հայաստանի քաղաքացի չեն, կարող են հետագայում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Սա կատարյալ անհեթեթություն է։ Ինչպե՞ս կարող է Հայաստանի քաղաքացին երկրորդ անգամ դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Եթե ես՝ որպես Միացյալ Նահանգների քաղաքացի, երկրորդ անգամ դիմեմ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, ամերիկյան պետական պաշտոնյաներն ինձ կհամարեն խենթ և դուրս կհրավիրեն։

Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թաքնված օրակարգ ունի արցախահայերին որպես ոչ քաղաքացի վերաբերվելու հարցում։ Նա ցանկանում է արգելք հանդիսանալ, որ արցախահայերը չեն կարողանա քվեարկել Հայաստանում առաջիկա ընտրությունների ժամանակ՝ իմանալով, որ նրանցից շատերը չեն քվեարկելու իր կուսակցության թեկնածուների օգտին, քանի որ Փաշինյանն է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այժմ մենք ունենք լրացուցիչ ապացույց, որ երկրի ղեկավարը ոչ միայն կոմպետենտ չէ, այլև խախտում է երկրի օրենքները՝ հանուն քաղաքական շահերի։ Սա հաստատում է ՀՀ ներքին գործերի նախարարության հայտարարությունը՝ «Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի համապետական ​​ընտրություններում ընտրելու և ընտրվելու իրավունք»։

Անցյալ շաբաթ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ «Բռնի տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ձևաչափով։ Այս առաջին նախադասության մեջ արդեն սխալ կա։ Արցախահայերը Հայաստանի քաղաքացիներ են, ոչ թե Արցախի կամ Ադրբեջանի։

Նախարարությունը փորձել է համոզել արցախահայերին ընդունել փախստականի կարգավիճակ՝ ասելով նրանց, որ փախստականի կարգավիճակ ունեցողները պարտավոր չեն ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Այսինքն՝ արցախահայերը, որոնք պետք է ծառայեն Հայաստանի զինված ուժերում որպես Հայաստանի քաղաքացիներ, սխալմամբ ազատվում են զինծառայությունից, ինչը Հայաստանի օրենսդրության խախտում է։

Նախարարությունը նաև հայտարարել է, որ որպես փախստական՝ արցախահայերն իրավունք չունեն ունենալ գյուղատնտեսական նշանակության հողեր։ Այս դրույթը նրանց զրկում է սեփական հողամասում սննդամթերք աճեցնելու հնարավորությունից, մինչդեռ նրանք անհրաժեշտ միջոցներ չունեն սնունդ գնելու համար։

Նախարարությունն այնուհետև հայտարարել է, որ փախստականները չեն կարող մեկնել օտար երկիր։ Սա նույնպես կեղծիք է, քանի որ արցախահայերն իրենց հայկական անձնագրերով կարող են անհրաժեշտ մուտքի արտոնագիր ստանալուց հետո մեկնել ցանկացած երկիր։ Որոշ երկրներ Ռուսաստանի նման մուտքի արտոնագիր չեն պահանջում Հայաստանի քաղաքացիներից։ Հազարավոր արցախահայեր արդեն լքել են Հայաստանը՝ պարզապես ցույց տալով իրենց հայկական անձնագրերը, ինչը նշանակում է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ այլ երկրներ ճանաչել են նրանց անձնագրերը որպես օրինական ճամփորդական փաստաթղթեր։

Նախարարությունն այնուհետև հակասել է ինքն իրեն՝ նշելով, որ «փախստականի անձնագրի ժամկետը լրանալու դեպքում այն կարելի է թարմացնել՝ ներկայացնելով երկու լուսանկար և ժամկետանց անձնագիրը»։ Ինչպե՞ս կարող են արցախահայերը Հայաստանում երկարաձգել իրենց անձնագրերը, եթե նրանք Հայաստանի քաղաքացի չեն և չունեն հայկական անձնագրեր։

Մեկ այլ հակասության մեջ նախարարությունը հայտարարել է, որ այն արցախահայերը, որոնք դառնում են Հայաստանի քաղաքացի, չեն կորցնում փախստականների համար սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը։ Միակ պահանջն այն է, որ նրանք դասակարգվեն որպես «տեղահանվածներ»: Եթե ​​նրանք չեն վտանգում օգնություն ստանալու իրենց իրավունքը Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո, ապա ինչո՞ւ են նրանց հայտարարում փախստականներ և չեն ճանաչում որպես քաղաքացիներ:

Անհավատալի է, որ Արցախը հանձնելուց և Հայաստանում Արցախի անունից որևէ քաղաքական գործունեություն իրականացնելու արցախահայության իրավունքները ճնշելուց հետո ՆԳՆ-ն հայտարարում է, որ Արցախում նրանց ունեցվածքի կորուստները «չեն անհետանում կամ դադարում գոյություն ունենալուց մարդու իրավական կարգավիճակի փոփոխության հետևանքով», նկատի ունենալով Հայաստանի քաղաքացիության ձեռք բերումը։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք Հայաստանի կառավարությունը, զուտ խոսքերից դուրս, պատրաստ կլինի՞ հայցեր ներկայացնել միջազգային ատյաններ՝ պաշտպանելու արցախահայության սեփականության իրավունքները։

Արցախահայերը, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, չափից դուրս տառապել են և չպետք է նրանց ծանրաբեռնել նման ավելորդ բյուրոկրատական ​​անհեթեթություններով։

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031