Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին խմբագրումները, որոնք Հայաստանն ուղարկել է Բաքու, եթե այդ տեսքով խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնություն լինի, չեմ բացառում, որ փաստաթուղթ կստորագրվի»

Դեկտեմբեր 13,2023 13:48

«Հայաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Եթե սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանը բարձրացնում է եւ որոնց շուրջ եղել է համաձայնություն` վերահաստատվեն եւ տեղ գտնեն խաղաղության համաձայնագրում, ապա դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեխնիկայի հարց է արդեն»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փաստաթուղթ ստորագրվի։

«Նաեւ հաշվի առնելով այն վերջին խմբագրումները, որոնք Հայաստանն ուղարկել է Բաքու, եթե այդ տեսքով խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնություն լինի, այո, չեմ բացառում, որ դա տեսականորեն հնարավոր է։ Բայց թե գործնականում ինչպես կդասավորվեն հանգամանքները, պետք է սպասել»,- հավելեց նա։

Խանդանյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունից հետո ինչո՞ւ է ուշանում հայ գերիների վերադարձը։

«Նախ ես չէի ուզենա ինչ-որ կոնկրետ ժամկետներ ու օրեր նշել։ Տրամաբանությունը, ընկալումն այն է, որ շատ մոտ ժամանակահատվածում պիտի տեղի ունենա գործընթացը։ Որեւէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պարտավորությունից, ի վերջո դա գրավոր ստանձնած պարտավորություն է՝ ներկա ժամանակով արված, որ Ադրբեջանը վերադարձնում է 32 գերիներին։ Եվ ենթադրում եմ, որ կան որոշակի կազմակերպչական հարցեր, որոնք ընթացքի մեջ են։ Եվ մենք պետք է ակնկալենք, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա։ Ուղղակի հաշվի առնելով հարցի զգայունությունը եւ գերիների ընտանիքների հուզական վիճակը՝ ես չէի ցանկանա շատ մանրամասներ քննարկել այս հարցը»,- ասաց Խանդանյանը։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց․ «Ես տեսա, որ հայտարարությունից հետո տարբեր լրատվական կայքերում, նաեւ տարբեր օգտատերեր, այլ աղբյուրներից տեղեկատվություն ստանալով, մեր հայրենակիցների անուններ ու նկարներ հրապարակեցին։ Եվս մեկ անգամ պետք է խնդրեմ բոլորիդ՝ չանել նման բաներ, քանի դեռ մեր հայրենակիցները չեն հատել ՀՀ պետական սահմանը։ Այս հրապարակումները կարող են նաեւ որոշակի ազդեցություն ունենալ գործընթացների վրա, որոնք անթույլատրելի են։ Շատ կարեւոր համաձայնություն է ձեռք բերվել ադրբեջանական հանրապետության հետ, եւ կսպասենք մինչեւ մեր հայրենակիցները կվերադառնան հայրենիք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ․ Գ․ Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031