Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնում եւ Բրյուսելում համաձայնեցվել են սկզբունքային հարցերը, եւ շատ կարեւոր է, որ այս գործընթացը շարունակվի»․ Սարգիս Խանդանյան

Դեկտեմբեր 13,2023 13:14

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձավ ռուսական կողմի առաջարկին, որ պատրաստ են կազմակերպել հայ-ադրբեջանական բանակցություններ։ Ըստ նրա՝ շատ կարեւոր է ոչ թե բանակցությունների ձեւաչափը, այլ բովանդակությունը։

«Ձեւավորվել է բանակցությունների որոշակի տրամաբանություն, արդեն որոշակի գործընթաց է տեղի ունեցել, եւ այդ տրամաբանության շարունակականության ապահովումը շատ կարեւոր է։ Եվ խաղաղության համաձայնագրի քննարկումը, եւ այն սկզբունքային հարցերի շուրջ քննարկումներն արդեն իսկ նախորդիվ ժամանակահատվածում ընթացել են։ Եվ դա է պատճառը, որ Հայաստանը նշում է, որ կա արդյունավետության հարց։ Մասնավորապես, եթե բացենք, թե ինչ նկատի ունեմ, ապա գիտենք, որ Վաշինգտոնում եւ Բրյուսելում տեղի են ունեցել բանակցություններ, որտեղ համաձայնեցվել են սկզբունքային հարցերը ակնկալվող խաղաղության համաձայնագրի շուրջ։ Եվ շատ կարեւոր է, որ այս գործընթացը շարունակվի, եւ բանակցությունները հետ չվերադառնան զրոյական կետի։ Եվ այստեղ խնդիրն այն է, որ հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների, բայց, ցավոք սրտի, վերջին ամիսների ընթացքում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն է խուսափում բանակցություններից։ Եվ մեր ակնկալիքը մեր գործընկերներից այն է, որպեսզի կարողանան Ադրբեջանին բերել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Խանդանյանը։

Սարգիս Խանդանյան

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր կողմը Ռուսաստանն էր, եւ այսօր մենք մի իրավիճակում ենք հայտնվել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնական սկզբունքային հարցերը խափանվել են։ Եվ այստեղ ռուսական հարթակի մասով այդ լեգիտիմ մտահոգությունը մնում է։

Արթուր Հովհաննիսյան

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց․ «Գոյություն ուներ նոյեմբերի 9-ի հայտարարություն, հողի վրա ինչ տեղի է ունեցել, բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել։ Եվ թե վստահությունը, թե տրամադրվածությունը բխում են իրողություններից։ ՀՀ համար առաջնայինն այն է, որ սկզբունքները պահպանվեն այն հարթակներում, որտեղ տեղի կունենան բանակցությունները։ Եվ սկզբունքների մասին մենք ոչ մեկ անգամ նշել ենք, դա տարածքային ամբողջականության ճանաչումն է, ճանապարհների ապաշրջափակումն է՝ յուրաքանչյուր երկրի սուվերենության ներքո։ Եվ այս սկզբունքների պահպանման դեպքում մենք չենք տարանջատում հարթակը։ Գոյություն ունեն գործընթացներ, որոնց շարունակականությունը չափազանց կարեւոր է։ Եվ մենք այս տրամաբանությամբ շարժվելու ենք առաջ»,- ասաց նա։

Հարցին, թե կասկածնե՞ր կան, որ ռուսական հարթակում բանակցությունների ժամանակ չեն պահպանվի այդ սկզբունքները Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ցանկացած կողմի նկատմամբ վստահության չափաբաժինը ձեւավորվում է նախորդիվ տեղի ունեցած պայմանավորվածությունների պահպանմամբ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031