«Օրրանն» այն կազմակերպությունն է, որ անապահով երեխաների եւ մեծահասակների համար տուն է դարձել եւ ամեն օր տաք սննդով, հագուստով է ապահովում, տարբեր կրթական եւ մշակութային ձեռնարկներով է օգնում: 44-օրյա պատերազմից հետո նաեւ Արցախի տասնյակ մեր հայրենակիցներին ենք օգնել»,- «Հայելի» ակումբում ասաց «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր, տնօրեն Արմինե Հովհաննիսյանը՝ խոսելով կազմակերպության դեմ շինարարական ոտնձգության մասին:
«Այն շենքը, որ մենք ենք կառուցել եւ որը գրանցված է «Օրրանի» անունով, կառուցվել է մեր սփյուռքահայ հայրենակիցների նվիրատվություններով: Այդ շենքը կառուցվել է 2003 թվականին՝ Եկմալյան փողոցում: Այդ ժամանակ շենքերը շատ հին էին, կարիք կար նորոգման, եւ «Օրրանն» առաջիններից էր, որ կարողացավ այդպիսի գեղեցիկ տուն կառուցել երեխաների համար: Հետո կամաց-կամաց սկսեցին այլ շենքեր կառուցվել մեր շրջապատում, եւ մենք շատ ուրախ էինք եւ ողջունում ենք դա:
Երբ մի 4 տարի առաջ մեզ մոտեցավ կառուցապատողներից մեկը եւ ասաց, որ երկու հարկանի հասարակական նշանակության շենք է կառուցելու «Օրրանի» կողքին, մենք ուրախացանք, որովհետեւ մտածեցինք, որ այդպիսով մեր շրջապատն ավելի գեղեցկանում է: Այդ ժամանակ ինձ խնդրեցին թուղթ ստորագրել, ես ստորագրեցի՝ ասելով, որ դեմ չեմ, որ իրենք 2 հարկանի կառույց կառուցեն: Մենք նաեւ ստորագրեցինք մեկ այլ փաստաթուղթ, որով կառուցապատողը վստահեցրեց, որ ոչ մի վնաս չի պատճառվի «Օրրանի» շենքին:
Համարյա 4 տարի անցավ, եւ երբ արդեն սկսեցին բետոնե սյուները դնել, մենք նկատեցինք, որ իրենք այնքան մոտ են մեզ կառուցում, որ եթե պատուհանը բացենք, ձեռքով կդիպչենք իրենց պատին: Եվ անմիջապես, արդեն հոկտեմբերի 4-ին քաղաքապետարանին նամակ գրեցինք, Կառավարությանը դիմեցինք, վերահսկողական, հակահրդեհային մարմիններին գրեցինք, որ խնդրում ենք՝ եկեք եւ նայեք, արդյոք այս շենքն օրինական է: Ոչ մի պատասխան չենք ստացել: Քաղաքապետարանը 4-5 նախադասությամբ պատասխանեց, որ տվել է շինթույլտվություն:
Կարդացեք նաև
Ես չգիտեմ՝ իրենք սխա՞լ են հասկացել, թե դիտմամբ են այդպես պատասխանել կամ կարծում են, որ մենք չենք հասկանում: Մենք չենք հարցնում՝ իրենք ունե՞ն շինթույլտվություն, մենք ասում ենք՝ անօրինական շինարարություն է գնում: Քաղաքապետարանը կառուցապատողին թույլտվություն է տվել կառուցել մեզանից 2,5 մետր հեռավորության վրա, մինչդեռ օրենքով դա պետք է լինի ոչ պակաս, քան 6 մետրը: Կառուցապատողն էլ իր հերթին ոչ թե 2,5 մետր հեռավորություն է պահել, այլ 1,6»,-նշեց տիկին Հովհաննիսյանը:
Նրա խոսքով. «Նրանք փակում են «Օրրանի» մի մասը, որովհետեւ եթե հրդեհ լինի, չենք կարողանա այդ պատուհաններն օգտագործել: Օրենքները հենց այնպես չեն ստեղծվել, եթե օրենքն ասում է 6 մետր, ուրեմն պետք է 6 մետր հեռավորությունը պահպանվի, եւ քաղաքապետարանում, կառավարական կամ այլ մարմիններում ոչ մի անձ չի կարող որոշել՝ վտանգել մեր երեխաների կյանքը, ինչ է թե իրենց համար ավելի հարմար է մեր շենքին շատ մոտ շինություն կառուցել: Ամեն օր «Օրրան» հարյուրավոր մարդիկ են մտնում՝ երեխաներ, ծերեր, մեր արցախցի հայրենակիցները, աշխատակիցներ, կամավորներ, հյուրեր՝ Հայաստանից եւ Սփյուռքից…Այսքան մարդու կյանքը վտանգելու գնով ավել փող վաստակելն անբարոյական եմ համարում»:
«Օրրանի» տնօրենն ասաց, որ ապօրինի շինարարությունը կասեցնելու խնդրով դիմել են հնարավոր բոլոր մարմիններին՝ սկսած վարչապետի վերահսկողականից մինչեւ քաղաքապետարան: Ասաց նաեւ, որ ահազանգը շուտ են ուզում հնչեցնել, որպեսզի օրենքի շրջանակում խնդիրը լուծվի, եւ որեւէ մեկը մեծ կորուստներ չունենա. «Մեր նպատակը մարդկանց վնասելը չէ, այլ մեր երեխաների անվտանգությունն ապահովելը»:
Նա ասաց, որ փաստաբանների թիմ է աշխատում խնդիրը լուծելու համար. «Սա մեծ դրամական միջոցների վատնում է «Օրրանի» համար, որովհետեւ այսքան աշխատանքի, ծառայությունների համար պետք է վճարենք: Այս դրամը, որ մենք կարող էինք օգտագործել երեխաներին ավելի համով ուտելիք ու տաք հագուստ գնելու համար, շուտով նաեւ մեր արցախցի երեխաներին տաք բաճկոններ եւ կոշիկներ ենք նվիրելու Ձմեռ պապիկի ձեռքով: Եվ եթե հիմա դա անելու ենք 100 երեխայի համար, այն փողով, որ վատնում ենք շինարարական քաշքշուկի վրա, կարող էինք նվերներ գնել 200 երեխայի համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ