«Ես՝ որպես սահմանամերձ շրջանի բնակիչ, այս մոլորակի վրա ամենաշատն եմ ուզում, որ մենք հաստատենք խաղաղություն եւ ապրենք իրապես խաղաղության մթնոլորտում։ Բայց իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այնքան մենք ավելի շատ ենք ստանում ագրեսիա թշնամու կողմից։ Ես Վարդենիսում շատ հաճախ լսում եմ կրակոցներ, նույնիսկ դրանք անվանում եմ խաղաղության կրակոցներ, եւ այդ խաղաղության կրակոցների տակ գիշերում են սահմանամերձ շրջանների բնակչությունը։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ ես խաղաղություն շատ եմ ուզում, բայց չեմ հավատում այդ խաղաղությանը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ չի հավատում, որ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հետո խաղաղություն կապահովվի, որովհետեւ դրա փորձն ունենք։ «Ուղիղ մեկ տարի առաջ շրջափակվեց Արցախը եւ այդ օրվանից սկսվեց Արցախի հայաթափումն ու բռնի տեղահանումը։ Ու այն արձագանքը, որ տվեց Հայաստանի իշխանությունն այդ դեպքերին, դուք շատ լավ հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Մինչդեռ, մենք նույնիսկ ունեինք երեխաների սպանության դեպքեր»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի հայտարարությանը, թե գերիներ են վերադարձվելու, Թագուհի Թովմասյանն ասաց․ «Ես ուրախ եմ, որ մեր գերիները վերադառնում են, բայց շատ տխուր է արձանագրել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որեւէ ներկայացուցիչ այդ ցուցակում չկա։ Եվ ես չեմ տեսնում դրա հեռանկարը, որեւէ տեղեկություն այդ մասին չեմ ստացել՝ չնայած տարբեր հարցումներին։ Եվ մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե ինչի՞ հիման վրա է այդ բարի կամքի դրսեւորումը, որովհետեւ մինչ այս պահը մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը «բարի կամք» է դրսեւորել եւ բաց է թողել հայ գերիներին, հետո մենք պարզել ենք, որ դրա դիմաց քարտեզներ են տրվել, տարբեր զիջումների ենք գնացել։ Պետք է թերեւս որոշ ժամանակ անցնի, որ մենք հասկանանք, թե այս անգամ ինչ զիջումներ են գնացել Հայաստանի իշխանությունները»,- հավելեց Թովմասյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ