Լրահոս
Օրվա լրահոսը

«7 օր է անցել, Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, Բաքվի հետ որեւէ համաձայնության գալուց առաջ պետք է լինի երաշխիքների ինստիտուտ»

Դեկտեմբեր 13,2023 12:20

«Երկու կողմերի համատեղ հայտարարությունը խոսում է համատեղ պայմանավորվածության մասին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի հայտարարությանը։ 

Նա նշեց, որ գերիների վերադարձի հարցը նաեւ ներառված է եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, բայց մինչեւ հիմա ձախողվել է։ Ձախողման պատճառն այն է, որ ՀՀ-ում ժամանակին չի գործել գերիների, անհետ կորածների եւ պատանդների համապատասխան հանձնաժողով, որը պետք է համադրված աշխատանք կատարեր։

Ըստ Օհանյանի՝ երկու կողմերի համատեղ հայտարարությունը խոսում է համատեղ պայմանավորվածության մասին․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ժեստը կատարել, որպեսզի խաղաղության համապատասխան փաստաթղթի կամ երկու երկրների հարաբերությունների ձեւավորման ընթացքին համապատասխան արագություն հաղորդվի»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, խախտելով այդ փաստաթղթի դրույթները, Ադրբեջանը հայ զինծառայողներ է գերեվարել, միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների կոչերն արհամարհել է։ «Ապօրինի գերեվարված մարդկանց փոխանակում է երկու հանցագործի հետ, դրանից բացի քաղաքական զիջում է պահանջում Հայաստանից, եւ դա մի հատ էլ ցույց է տալիս որպես բարեգթության ժեստ։ Եվ այստեղ ինչ-որ մարդիկ այդ նույն երգը երգում են, որ՝ տեսեք, Ադրբեջանը զիջման գնաց, նշանակում է՝ մենք իր հետ կարող ենք խաղաղություն էլ կնքել»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այն, որ համատեղ հայտարարությունից անցել է 7 օր, եւ Ադրբեջանը դեռ չի վերադարձնում հայ գերիներին, ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ որեւէ համաձայնության գալուց առաջ պետք է լինի այդ համաձայնության ապահովման երաշխիքների ինստիտուտ։ «Մինչեւ Նիկոլ Փաշինյանը բանակցվող փաստաթղթերում կար այդ երաշխիքների ինստիտուտը, այստեղ չկա։ Եվ Ադրբեջանը պահանջում է տետատետ բանակցություններ, որպեսզի չլինի երաշխիք, որպեսզի կարողանա խոսքը ցանկացած ձեւով շրջել, այդ հարցում ինքն ու Փաշինյանն իրա մոտ են, եւ որեւէ մեկը չկարողանա իրեն պարտադրել ստորագրած պարտավորությունը կատարել»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031