Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն փաստաթուղթը, որը պարտադրվում է Հայաստանին, ունենալու է շատ անորոշ ձեւակերպումներ, եւ Ադրբեջանը նոր պատերազմի առիթ կստեղծի»․ Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 13,2023 11:45

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարց ուղղվեց, թե «խաղաղության պայմանագրի» ո՞ր կետերն է Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր համարում։

«Ես՝ որպես խմբակցության ղեկավար մինչեւ հիմա գաղտնիության թույլտվություն չունեմ, չնայած նրան, որ այդ պայմանագրի շատ-շատ թեզեր հենց իշխանությունը կամաց-կամաց բացահայտում է։ Խաղաղության պայմանագրի կամ որոշ դեպքերում կարելի է ասել՝ խաղաղության խաբկանքի պարտադրված եւ արագ տեմպերով գնալը դա ՀՀ իշխանությունների վրա միջազգային հարթակից եւ Ադրբեջանից ճնշումների շարունակությունն է։ Եվ այսօրվա պայմանները՝ արագ տեմպերով խաղաղության գնալու, չեն համապատասխանում երկու տեսանկյունից, առաջինը՝ Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել, նրանց գործողությունները ՀՀ եւ Արցախի տարածքում չեն փոխվել։ Եվ Արցախի այս ցեղասպանությունից հետո ինչպե՞ս կարելի է ձեռք մեկնել ցեղասպանին»,- ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ասաց․ «Ինքս այդ փաստաթուղթը չեմ տեսել, բայց այս իշխանությունների եւ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները համադրելով՝ կարծում եմ՝ հստակ է, թե այդ փաստաթղթում ինչ է գրված, ընդհանրապես փաստաթուղթ կա, թե ոչ»։

«Ալիեւի վերջին հայտարարությունները, որ՝ մոռացեք Արցախի հարցը, եւ Հայաստանի իշխանությունների վարքագիծը։ Հայաստանի իշխանությունները նախ Արցախի Հանրապետություն բառն օգտագործելուց են վախենում, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունեությունից են վախենում։ Դրա մասին են փաստում նրանց հայտարարությունները՝ ո՞վ է տեսել, որ Արցախի պատգամավորները հանդիպեն, ի՞նչ է նշանակում կառավարություն, եթե Արցախն այլեւս գոյություն չունի։ Դա Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկել է։ Վերադարձի խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան ի՞նչ է ասում այսօր՝ վերադարձի խնդիր չկա։ Ավելին ասեմ, հավանաբար կհիշեք, որ երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում արտաքին գործերի նախարարը խոսում էր բռնի տեղահանման մասին, Բայրամովը ինչո՞վ հակադարեց՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, որ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում։ Պատահաբա՞ր արեց»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած պահի, երբ իշխանությունը փոխվի, գան այլ իշխանություններ եւ ասեն, որ այդ մարդիկ բռնի են տեղահանվել, ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի խոսքերով են հակադարձելու։ «Նախ այդ խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այն փաստաթուղթը, որն Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին, ունենալու է շատ անորոշ ձեւակերպումներ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031