«Ազգային ժողովի վեցերորդ գումարման 8-րդ նստաշրջանի վերջին ճեպազրույցն անցկացվում է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար չափազանց ողբերգալի եւ նվաստացուցիչ պայմաններում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ ողջ աշխարհը պետք է իմանա, որ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործ քաղաքականության շարունակականության պատճառով՝ 2022 թվականի դեկտեմբերից Արցախի 10-ամսյա շրջափակումն ավարտվեց եւս մեկ կեղծ, ապօրինի «հակաահաբեկչական գործունեությամբ», ինչի հետեւանքով Արցախի ժողովրդի նկատմամբ փաստացի իրականացվեց ցեղասպանություն՝ տեղահանմամբ։
«Սա մեր բազմադարյան պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, որտեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անգործության եւ կրավորական կեցվածքի հետեւանքով Արցախը ոչ միայն հանձնվեց, այլ ամբողջովին հայաթափվեց։ Եվ 150 հազար հայ՝ մեր ժողովրդի մի մասը, այսօր գտնվում են Հայաստանում, անտուն են։ Կարծում եմ, որ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանությունները չունեն եւ հրաժարվում են ծրագիր կամ ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար՝ փաստորեն հրաժարվելով Արցախից։ Այս քառօրյայի ընթացքում նրանք նաեւ հրաժարվեցին ընթացք տալ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրինագծին, որով Քրեական օրենսգրքում լրացումներ էին նախատեսվում՝ հատուկ նորմով քրեորեն պատժելի արարք որակել ՀՀ անունից Արցախը որեւէ պետության կազմում ճանաչելը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումը կամ դրա վտանգավորության նսեմացումը»,- ասաց նա։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել։ «Միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝ ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության, անվտանգության երաշխավորը, սահմանապահը։ Եվ Արցախյան ազատագրական պայքարը մեր նորօրյա պատմության ամենասուրբ մաքառումն էր։ Իսկ դա նշանակում է, որ այսօր պետք է շարունակել այդ պայքարը, քանի որ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս երեք կետերի վրա, հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, եւ Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա։ Երկրորդ, Արցախը եղել է գործոն, եւ այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի եւ ժողովրդի հետ վերադարձի պայմանների լուծումը։ Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որեւէ ընդունելի նոր ձեւաչափով, այլընտրանք չունեն։ Այս ռազմավարության պատասխանատուն ՀՀ եւ Արցախի Հանրապետության իշխանություններն են, առավելապես ՀՀ իշխանությունները, որոնք իշխանության գալու առաջին օրվանից վերցրել են իրենց վրա պատասխանատվությունը, իսկ հիմա կամաց-կամաց այդ պատասխանատվությունը գցում են Արցախի իշխանությունների կամ այլ մարդկանց վրա։ Սա նշանակում է, որ եթե նրանք հրաժարվեն որեւիցե ռազմավարությունից, մեր բազմադարյան պատմության ընթացքում հենց նրանց ճակատին գրված է լինելու Արցախի հայաթափման փաստը»,- հավելեց Օհանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ