Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. Ես Սամվել Շահրամանյանի լավատեսությունը չունեմ, որ տեսանելի ապագայում զանգվածային վերադարձի հնարավորություն կարող է լինել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 13,2023 11:19

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

Արցախի իշխանությունների լռությունն ինչո՞վ եք բացատրում։ Նրանք չեն շփվում մամուլի հետ, փակ դռների ետեւում հանդիպումներ են ունենում, վերջերս էլ Արցախի ԱԺ նիստ են հրավիրել, որը փակ էր լրագրողների համար, եւ տեղեկատվություն էլ չտարածեցին։ Միայն դեկտեմբերի 10-ին հանդես եկան հայտարարությամբ՝ Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի կապակցությամբ, եւ այցելեցին Եռաբլուր։ 

– Չէի ցանկանա շատ խոսել Արցախի իշխանությունների գործողություններից կամ անգործությունից՝ հաշվի առնելով տարբեր զգայուն թեմաներ՝ տեղեկատվական առումով, քաղաքական առումով։ Բայց, այո, խոշոր առումով նկատելի է, որ ակնհայտ պասիվություն կա հրապարակային գործունեության առումով, եւ մյուս կողմից էլ ողջունելի է դեկտեմբերի 10-ին Արցախի ԱԺ հայտարարությունը, որն առաջինն էր՝ Արցախի ժողովրդի տեղահանումից, ցեղասպանությունից ի վեր, եւ այս առումով դրական միտում կա, ընդ որում՝ ե՛ւ հայտարարություն էին արել, ե՛ւ գործողություն էին արել՝ այցելելով Եռաբլուր, որը ցույց է տալիս, որ Արցախի իշխանությունները որոշակի պատասխանատվություն զգում եւ ստանձնում են եւ հրապարակային գործունեությամբ զգացնել են տալիս, որ կա իշխանություն, որը սուբյեկտ է, որը շարունակում է իր պարտականությունը կատարել՝ սահմանափակ կարողություններով, հաշվի առնելով իրավիճակը։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում ավելի ակտիվ կդառնան Արցախի իշխանությունները՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր թեւերը, միտումներն արդեն առկա են, հաշվի առնելով ԱԺ-ի հայտարարությունը, նաեւ օրերս կայացած ԱԺ նիստը, որի մասին հրապարակայնորեն հայտարարել են պատգամավորները․ օրակարգի մասին դեռեւս չեն հստակեցնում, բայց կարծում եմ՝ առաջիկա օրերին անդրադարձ կլինի։ Արցախի իշխանությունների լռության պատճառների մասին խոսում են նաեւ իրենք՝ նշելով, որ կան տարբեր հանգամանքներ, եւ դրանից է, որ մինչ այս պահը չեն հրապարակում հնարավոր անելիքների մասին։ Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին այս հարցերին անդրադարձ կլինի։ Կարծում եմ՝ լինում են հանդիպումներ որոշ դեսպանատների հետ։ Բայց լռության պատճառներից են Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը, Ադրբեջանի դիրքորոշումները։ Արցախի իշխանությունների վրա ազդող գուցե արտաքին ազդակներ էլ կան, չեմ կարող ասել, իրենք պետք է մեկնաբանեն այս ամենը։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իր հարցազրույցում հույս էր հայտնել, թե հնարավորություններ կան, որ արցախցիները ետ վերադառնան։ Դուք տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը, եւ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս գործընթացը։

– Ինքս նման չափերի հնարավորություններ չունեմ, որն ունի Սամվել Շահրամանյանը, այսինքն՝ նույն գնահատականը չեմ կարող տալ՝ ունեցածս տվյալների տարբերության պատճառով, բայց առնվազն հրապարակայնորեն առկա տվյալներով՝ ես այդ լավատեսությունը չունեմ, որ առաջիկայում կամ տեսանելի ապագայում զանգվածային վերադարձի հնարավորություն կարող է լինել։ Գուցե անհատական որոշ դեպքեր լինեն, երբ մարդիկ կընտրեն Ադրբեջանի տիրապետությունը եւ Ադրբեջանի իշխանությունների պայմաններն ու կվերադառնան Արցախ, բայց չեմ կարծում, որ այդ պայմաններով շոշափելի թվով մարդիկ կվերադառնան, քանի որ գրեթե բոլորի մոտ բացարձակ անվստահություն կա Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջարկվող ապրելու պայմանների եւ անվտանգության խոստումների նկատմամբ։ Ինչն էլ գլխավոր պատճառն է, որ մարդիկ չեն ցանկանում վերադառնալ։ Ես չեմ տեսնում նաեւ միջազգային միտում, որ իրենք կապահովեն բավարար անվտանգային պայմաններ Արցախի ժողովրդի համար, այնտեղ ապրելու համար։ Եթե լինեն նման երաշխիքներ, այդ դեպքում հնարավոր է, որ մեծ քանակով մարդիկ վերադառնան Արցախ։

Կարեն ՔԵՐԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031