Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոռի մասին պատմելու շատ բան կա։ Ամեն տեղ առաջինն էր ու լավագույնը, բայց երբեք իր արածի համար չէր պարծենում»

Դեկտեմբեր 13,2023 11:37

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկած լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ուղեկցվեց հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով։

Երկու օրվա ընթացքում հայկական կողմն ունեցավ 180-ից ավելի զոհեր։ Հազարավոր անմեղ մարդիկ հայտնվեցին դրսում՝ հետևում թողնելով սեփական քրտինքով կառուցած տունն ու հայրենի հողը։

Գայանե Աբրահամյանը, որը 2020 թվականին կորցրել էր ամուսնուն, սեպտեմբերին ստացավ ցավալի լուր Գոռի՝ որդու զոհվելու մասին։

Գոռ Անտոնյանը ծնվել է 2002 թվականի հուլիսի 20-ին։ 2020 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետը, սակայն ընդունվելու լուրն իմանալուց մեկ շաբաթ անց մոր՝ Գայանե Աբրահամյանի հորդորով ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի նույն ֆակուլտետում։

Նույն տարվա փետրվարին Գոռը անցավ ծառայության Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում և զորացրվեց 2023-ի փետրվարին։ Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվեց աշխատանքի Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես ենթասպա։

Սեպտեմբերի 19-ին՝ ողջ գիշեր կատաղի մարտեր մղելուց հետո, սեպտեմբերի 20-ի լուսադեմին Գոռ Անտոնյանը զոհվեց։

«Գոռի մասին պատմելու շատ բան կա։ Ամեն տեղ առաջինն էր ու լավագույնը, բայց երբեք իր արածի համար չէր պարծենում», – պատմում է քույրը ՝ Մերին։

Գայանեն է ՝ Գոռի մայրը։ Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյանի

Գոռի մայրը՝ Գայանեն գնալու էր Եռաբլուր. որդու զոհվելու երկու ամիսն էր լրացել։

«Ես չէի ուզում, որ Գոռս բանակում աշխատի, բայց ինքն ամեն անգամ ասում էր ՝ մամա, որ օրը գա, բոլորին էլ տանելու են՝ բանակում ծառայեն թե ոչ»,- նշում է Գայանեն։

Տիկին Գայանեն ցույց է տալիս Գոռի մանկության նկարները։ Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյանի

«Գոռս շատ լավ էր սովորում ու բոլոր տեղերում առաջինն էր։ Գոռիս բոլորը սիրում էին»,- ասում է տիկին Գայանեն։

Գոռի լուսանկարների ալբոմը ՝ տիկին Գայանեի ձեռքին։ Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյանի

«Ամբողջ օրը սպասում էի, որ Գոռս դուռը կբացի, բայց բոլորն արդեն գիտեին էդ լուրն ու քարացած դեմքիս էին նայում»,- պատմում է տիկին Գայանեն։

Գոռի դպրոցական լուսանկարն է ՝ 5-րդ դասարան։ Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյանի

Գոռի տատիկն է ՝ Իրա Հարությունյանը։ Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյանի

Գոռը Իրա Հարությունյանի առաջին թոռն է ու իրար հետ շատ կապված են եղել։ Ասում է ՝ Գոռս հետս շատ էր կիսվում։

«Գոռս էկավ, հաջող արեց, որ դիրքեր պիտի գնա, բայց էս ինչ իմանայի, որ էդ վերջին հաջողն է իմ Գոռի։ Ամեն տեղ իրեն եմ փնտրում, ու ոչ մի տեղ չկա իր նմանը »,- պատմում է Իրա տատիկը:

Իրա տատիկը ամեն անգամ այս ամանով Գոռին կոնֆետներ է տվել, որ հետը դիրքեր տանի։ Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյանի

Իրա տատիկը ամեն անգամ Գոռին կոնֆետներ է տվել, որ հետը դիրքեր տանի։ «Սեպտեմբերի 13-ին տվեցի, որ հետը տանի, ասեցի՝ կուտես, որ ժամանակդ սպառվի, մի քիչ ցրվես»,- ասում է Իրա տատիկը։

Գոռի բերած անմոռուկը։ Լուսանկարը՝ Վիկտորյա Մկրտչյանի

«Արցախի բարբառով այս բույսը կոչվում է անմոռուկ։ Իրենից հիմնականում թեյ են պատրաստում։ Գոռը, որ դիրքերից եկավ, հետը բերեց, տվեց տատիկին ու ասաց՝ տատի, մենք էնտեղ սրանով թեյ ենք խմում, հանգստացնում է, դու էլ կխմես»,- պատմում է քույրը՝ Մերին։

Այժմ Գոռի ընտանիքն ապրում է Երևանում՝ հարազատ Մարտակերտից հեռու։ Գոռն ունի նաև փոքր եղբայր ՝ տասնմեկամյա Գևորգը։

 

Վիկտորյա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031