«Ջազ» բառը բառացի թարգմանություն չունի։ Երաժշտական այս ոճի ծագումը մինչ օրս էլ վեճերի տեղիք է տալիս։ Արեւմտյան մամուլում ասվածի ամենահավանական վարկածներից մեկը հետեւյալն է. նախկինում «ջազ» նշանակում էր «պոռնկություն», «սեքսով զբաղվել», «ջազբո» եւ այլն։ Որոշ հետազոտողներ էլ ենթադրում են, որ այդ բառն առաջացել է «ջազմ» ժարգոնից, որը մեկնաբանվում է որպես ուժ, ոգի, էներգիա։ Ավելի քան 100 տարի առաջ ստեղծված այդ ժանրը, ուղղությունը ի սկզբանե համարվում էր «սեւ երաժշտություն» եւ ըստ ոչ պաշտոնական վիճակագրության՝ աշխարհում ջազային երաժիշտների եւ գործիքավորողների կարծես ամենամեծ «կենտրոնացումը» Լուիզիանայում է, ինչի վկայությունն է աշխարհահռչակ Ալան Ժաֆեի կարծիքը. «Նյու Օռլեանը միակ տեղն է երկրի վրա, որտեղ եթե փոքրիկ երեխային հարցնեն, թե ինչ է ուզում դառնալ ապագայում, կպատասխանի՝ ոչ թե ոստիկան կամ հրշեջ, այլ երաժիշտ»։
Ջազի շնորհիվ է, որ Ամերիկայում հայտնվեցին չարլսթոնը, ֆոքսթրոտը, արգենտինյան տանգոն, նույնիսկ վալսն է ջազի ծնունդ։ Ի դեպ, մեկ-երկու հետաքրքիր փաստ. աշխարհում ջազի ծաղկման շրջանում կանայք սկսեցին ավելի համարձակ հագնված այցելել բարեր, խմել, ծխել… Հենց այդ ժամանակ էլ նրանք ստացան ընտրությունների մասնակցելու իրավունք։
Ջազը մինչ օրս անընդհատ փոփոխության է ենթարկվում։ Այս երաժշտությունը ի սկզբանե ընդունվեց ու սիրվեց աշխարհի ժողովուրդների կողմից։ Մինչ օրս արեւմտյան մամուլում կարելի է հանդիպել հետեւյալ արտահայտությանը՝ ջազի մասին ամեն ինչ բարդ է. որտեղից է այն եկել, ինչպես նվագել, ինչպես գրել դրա մասին եւ այլն։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այս սյուրռեալիստական հատկությունն է նրան թույլ տալիս երաժշտական աշխարհում զբաղեցնել հսկայական տարածք։ Հայերս էլ ջազ սիրող ժողովուրդ ենք։ Մեր դիտարկմամբ՝ երեւանյան համերգասրահներում (չհաշված ջազ ակումբները) ավելի շատ հնչել է ջազային, քան հայկական ժողովրդական երաժշտություն։ Սա, իհարկե, մտածելու տեղիք տվող փաստ է, բայց ինչպես ասվում է՝ դա այլ օպերայից է։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 23-ին կկայանա ամանորյա նախատոնական երեկո՝ «Ջազի սերունդ» խորագրով, որն իրականացնում է Շմավոն Գրիգորյանի հիմնած New Generation Project-ը, մասնակցությամբ Անի Մելքոնյանի, Հռիփսիմե Բաղդասարյանի, Լուսինե Խաչատրյանի, Լիա Հարությունյանի։ Համերգին կմասնակցեն հնչեղ անուններ՝ ջազ դաշնակահարներ Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Կարեն Գրիգորյանը, Նիկողայոս Վարդանյանը (բաս) եւ Արմեն Մնացականյանը (հարվածային գործիքներ)։
Կարդացեք նաև
Ջազը «բացահայտելու» եւ մեզ հետաքրքրող մեկ-երկու հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք մաեստրո Լեւոն Մալխասյանին:
– Դուք ինչպե՞ս կթարգմանեք «ջազ» բառը։
– Ջազն ունի մի քանի թարգմանություն, օրինակ՝ հոգու երաժշտություն… կամ պարզապես՝ կյանք։ Իմ կարծիքով՝ ամենահաջողվածը «կյանքն» է, քանի որ հենց կյանքն է ամենաշատ փոփոխությունների ենթարկվում եւ, ի վերջո, ջազում տարբեր պայմանականություններ կան՝ ինչպես չկրկնվող կյանքում։
– Դուք շուրջ կես դար ջազ եք ներկայացնում, որն ունի շուրջ 20 հայտնի ոճ՝ բի-բոփ, լաունջ, թույն ջազ, ճոճանակ, ֆանկ եւ այլն։ Հետաքրքիր է՝ ջազում ունե՞ք ձեր ստեղծած ոճը։
– Արդեն 60 տարի ջազում եմ։ Նվագել եմ բի-բոփից մինչեւ քուլ ջազ եւ այլն։ Բայց իմը դասականն է, ես ավանդական ջազի ներկայացուցիչ եմ։
– Մաեստրո, ջազային երեկոները, առանց բացառության, անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։
– Արդեն ասացի, որ 60 տարի ջազ եմ նվագում եւ առաջին համերգից հանդիսատեսի պակաս չեմ ունեցել։ Այո, հանդիսատեսի պակաս չենք ունեցել, երբ նոր էինք սկսել Երեւանում ջազ հնչեցնել Ակսել Բակունցի, Ալեքսանդր Զաքարյանի, Արմեն Թութունջյանի հետ։ Այդ տարիներին հիմնականում նվագում էինք Կոմպոզիտորների տան դահլիճում, ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում՝ այժմ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Մեր ժողովուրդը սիրում է ջազ, ինչի մասին կարելի է օրերով խոսել առանց ընդմիջման։
– Եվ վերջին հարցը. մշտապես հարց է դրվում՝ հայկակա՞ն, թե՞ հայաստանյան ջազ։
– Մեզանում ջազային խմբերը, որոնք բավական հաճախ են օգտագործում դուդուկ, քամանչա եւ տարբեր հայկական ժողովրդական գործիքներ, ասում են, թե հայկական ջազ ենք նվագում։ Մինչդեռ պարտադիր չէ, որ ջազային ստեղծագործության մեջ դուդուկ կամ այլ ժողգործիք հնչի, որ ասեն, թե հայկական ջազ են նվագում։ Տեսեք՝ հյուրախաղերի ժամանակ ինքս, եթե նույնիսկ նվագել եմ ամերիկյան ստանդարտ, մի քանի րոպե անց հանդիսատեսը զգացել է ու բարձրաձայնել, թե դաշնակահարը Արեւելքից է։ Եվ դա ճիշտ է ու բնական, քանի որ չեմ կարող նվագել ամերիկյան ջազ՝ առանց հայկական մելոսի, որն արյանս մեջ է։ Կրկնվեմ՝ դեմ եմ, որ օգտագործելով ընդամենը դուդուկ, ասում են, թե հայկական ջազ են նվագում։ Ես դրան դեմ եմ։
Վերջում՝ մի փաստի մասին. ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսորների կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ երբ ջազ երաժիշտները իմպրովիզներ են անում, նրանց ուղեղը անջատում է թիկունքային նախաճակատային եւ կողային ուղեծրային հատվածները, որոնք պատասխանատու են ինքնաքննության, արգելակման եւ ներդիտման համար, միացնելով նախաճակատային կեղեւը. ուղեղի մի մասը, որը պատասխանատու է ազատ ինքնարտահայտման համար։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2023