Անցած տարվա դեկտեմբերի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում ընդունեց դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: 2023 թվականի հունվարի 4-ով սկսվեց Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական վարույթներով որոշումների կայացումը դատավորների նկատմամբ:
Հունվարի 4-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը 18 որոշում է կայացվել դատավորների վերաբերյալ գործերով:
Դրանք են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյան (հունվարի 5), Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյան, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյան, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյան (փետրվարի 7), Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյան (փետրվարի 13), Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան (փետրվարի 14), Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյան (փետրվարի 16), Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյան, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյան (մարտի 13), Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյան (մարտի 20), Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյան, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյան (հունիսի 30), Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյան, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյան, սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյան, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյան, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյան, Տիգրան Պետրոսյան (հուլիսի 25), Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեւորգ Բալյան (սեպտեմբերի 26), սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյան, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյան (նոյեմբերի 11):
Ինչպես նկատեցիք, կարգապահական վարույթներով ամենաշատը՝ 8 որոշում կայացվել է Երեւան քաղաքի դատավորների նկատմամբ:
Կարդացեք նաև
Իմ կողմից ուսումնասիրված 18 որոշումներով տրվել է նախազգուշացում` 2, նկատողություն` 5, խիստ նկատողություն՝ 1, կարճում՝ 1, լիազորությունների դադարեցում` 8, մերժել են ենթարկել կարգապահական պատասխանատվության` 4 (մեկ որոշման մեջ կային երկու դատավոր-Ռ.Մ.):
Կարգապահական վարույթներին հետեւեցին դատավորների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը: Մասնավորապես, հունիսի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ՄԻԵԴ դիմեց նրա ներկայացուցիչը՝ Զորայր Հարությունյանը: Դիմումը միջանկյալ միջոց կիրառելու մասին էր, ԲԴԽ-ում կարգապահական վարույթի շրջանակներում խախտումների՝ դռնփակ ընթացակարգով քննելու որոշման, արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ:
Դեռ հուլիսին տեղեկացրեցի, որ ՄԻԵԴ-ում առկա է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանի, սնանկության դատարանի դատավորներ Սամվել Թադեւոսյանի, Արտակ Բարսեղյանի, դատավորներ Սիմա Իսկանդարյանի, Նաիրա Մխիթարյանի, Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Զարուհի Նախշքարյանի գանգատները: Սա Զարուհի Նախշքարյանի թվով երկրորդ գանգատն է («Առավոտ», «Հայ դատավորներն ամենաշատն են դիմում ՄԻԵԴ», հուլիս 11): Լիազորությունները դադարեցված 7 դատավորների՝ Ռուբեն Վարդազարյանի, Ալեքսեյ Սոքոյանի, Զարուհի Նախշքարյանի, Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Սիմա Իսկանդարյանի եւ Ռաֆայել Մելքոնյանի գործերը ՄԻԵԴ-ը միացրել էր եւ ըստ էության, դրանք քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ էր …
Բարձրագույն դատական խորհրդի ժամանակացույցում փոփոխություն եղավ:
Դեկտեմբերի 6-ին նշանակվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Այն հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի 21-ին:
Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել գլխավոր դատախազի հաղորդումը: Այս տարվա սեպտեմբերի 22-ին արդարադատության նախարարի թիվ 69-Ա որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
«Վերջին» որոշումներից մեկին, որին չէի անդրադարձել, փաստաբաններ՝ Նարինե Բեգլարյանի, Սոֆյա Խառատյանի եւ Մարիամ Սանթրոսյանի հաղորդման հիման վրա էր կարգապահական վարույթը հարուցվել: Դատավոր Արմինե Սաֆարյանի գործով, ըստ այդ հաղորդման, դատավորը ԵԴ /49750/ 02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը՝ հայցադիմումը վերադարձնելու մասին, «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում տեղադրել էր 1 տարի 9 ամիս անց, իսկ մեկ այլ գործով՝ ԵԴ/45275/02/21 հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը համակարգում տեղադրել եւ կողմերին տեղեկացրել էր 1 տարի 4 ամիս հետո:
Սա այն դեպքում, երբ օրենսդիրը սահմանել է ողջամիտ ժամկետներ, ամբողջությամբ դատական որոշումները ստանալու համար, այն երաշխիք է դատական մատչելիության:
Այս դատավորի գործով 20 առանձին քաղգործեր էին վկայակոչվել, 54 կատարողական վարույթներ: Նրան նույնպես հայտարարվել էր նկատողություն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի յոթին ՀՀ ՍԴ նախկին երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատները ճանաչել է անընդունելի: Նրանք դիմել էին 2020 թվականի հուլիսին: Իսկ ՄԻԵԴ-ն էլ որոշել էր նրանց դիմումը քննել «արագացված ընթացակարգով»: Հիշեցնենք, որ 2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետեւանքով ՍԴ երեք դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը, պաշտոնանկ արվեցին, իսկ Հրայր Թովմասյանը հեռացվեց ՍԴ նախագահի պաշտոնից:
«Առավոտ» օրաթերթ
12.12.2023