Քննադատելով Հայաստանի պահվածքը Ռուսաստանի նկատմամբ, որոշ ընդդիմադիր գործիչների «արգումենտացիան հանգեցնում է նրան, որ իրենց փափագը ընդամենը այն է, որ ռուսական վերահսկողությամբ միջանցքն ի վերջո բացվի», նկատում է Արմեն Գրիգորյանը:
Անցյալ շաբաթ Քաղաքականության հետազոտական կենտրոնը` ՔՀԿ-ն, «Ապատեղեկատվություն եւ կեղծ խոսույթներ. հիբրիդային սպառնալիքներ» թեմայով համաժողով անցկացրեց` «Մեդիագրագիտության եւ ժողովրդավարական դիմակայունության առաջխաղացում» նախագծի շրջանակներում, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքացիական հասարակության համագործակցության դրամաշնորհային ծրագրի օժանդակությամբ, Ճգնաժամային մոդելավորում հանուն խաղաղության (CRISP) կազմակերպության հետ համատեղ:
ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը նախ ներկայացրեց ծրագիրը: Այն նախատեսում է զինված հակամարտությունների եւ ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ ապատեղեկատվությանը, հակաժողովրդավարական քարոզչությունում ինքնության խնդիրների չարաշահմանը եւ սոցիալական ցանցերի դերին առնչվող հոդվածներ հրապարակել։ Այդ խնդիրներին անմիջականորեն առնչվող քննարկումից բացի, կունենան նաեւ առցանց քննարկումներ օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակում ՔՀԿ-ի եւ գործընկեր փորձագետները հնարավորություն են ունեցել այցելել Գերմանիա: Ըստ Ա.Գրիգորյանի` Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների եւ կարիքների առումով, անհրաժեշտ է առավե՛լ հետեւողականորեն ներկայացնել խնդիրները, գնահատել կարիքները, եւ իրենք պատրաստվում են քննարկումների շարք անցկացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմամբ շահագրգիռ գործընկերների հետ։ Անդրադառնալով ծրագրի շրջանակում կատարված ապատեղեկատվության մասին հետազոտություններին եւ մեդիագրագիտության զարգացման հետ կապված խնդիրներին` Ա.Գրիգորյանը փաստեց, որ այս ոլորտում աշխատանքը շարունակական է լինելու։
Այնուհետեւ, «Անվտանգության հակադրումը ժողովրդավարությանը. քաղաքական իրավիճակի եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ կեղծ խոսույթները՝ ընթացող հակամարտությունների համատեքստում։ Ովքե՞ր են դերակատարները, որո՞նք են դիմակայունությունն ամրապնդելու հնարավորությունները», այս թեմայի շրջանակում որպես բանախոս հանդես եկավ ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը, որը նկատեց, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման նախնական փորձեր են տեղի ունենում, դեռեւս չափազանց զգուշավոր, որոնք ուղղորդվում են քարոզչությամբ. «Մասնավորապես, դա վերաբերվում է ե՛ւ միջնորդական ջանքերին, ե՛ւ ԵՄ դիտորդական առաքելությանը, ինչպես տեղի է ունենում տարիներ շարունակ` ԵՄ-ի եւ Արեւմուտքի հետ համագործակցության բոլոր ասպեկտների առնչությամբ: Հայաստանում անվտանգությունը ժողովրդավարությանը հակադրելը նորություն չէ: Գաղափարը, թե ժողովրդավարությունը հակասում է անվտանգությանը, մի քանի անգամ կրիտիկական պահերի ի հայտ է եկել. 2013թ. մեկ գիշերում Մաքսային միությանը միանալու որոշումն էր, որը նույնպես բացատրվում էր, թե անվտանգության համար է արվում: Մի քանի անգամ այն ընտրությունների ժամանակ օգտագործվել է ընդդիմության դեմ քարոզչության նպատակով, մեղադրելով, թե ընդդիմությունը ցանկանում է խախտել անվտանգային համակարգը, ինչպես ասվում էր` 2003թ., 2008թ., 2009թ., 2013թ. ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմից հետո, 2021թ. ընտրություններից առաջ նմանօրինակ քարոզչությունը ինտենսիվ էր, երբ խոսվում էր Արեւմուտքի իբր բարոյական անկման, նյութապաշտության մասին: Սա հայաստանյան քաղաքական դիսկուրսում վաղուց կա, առնվազն ԵԽ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկից, երբ 1996թ. ՀՀ-ն հայտ էր ներկայացրել` միանալու այդ կառույցին, 2001-ից, երբ անդամակցեց կառույցին»: Ըստ բանախոսի` գոյություն են ունեցել «ունիվերսալ քարոզչական նարատիվներ», որոնք կիրառվել են Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, «ունիվերսալությունը» բավական նկատելի է, օրինակ, Վրաստանում, որը լայն տարածում է ստացել` «Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի» մասին խոսակցությամբ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «հատուկ» Հայաստանի համար մշակված քարոզչական թեզերին, ապա, ըստ բանախոսի, դրանցից է հետեւյալը, երբ Արեւմուտքը հիմնականում Թուրքիայի հետ է նույնականացվում: 44-օրյա պատերազմից հետո, եւս, բանախոսը հիշատակեց սահմաններին արտալարվածության օգտագործումը` անվտանգությունը ժողովրդավարությանը հակադրելու նպատակով, միաժամանակ` ինքնիշխանությունը հարցականի տակ դնելով, եւ հավելեց, որ ԵՄ-ից ՀՀ-ին օգնությունը ընդդիմադիր դաշինքներից մեկի ղեկավարն է նույնիսկ ներկայացրել որպես ընդդեմ Ռուսաստանի ուղղված քայլ: Նա Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին մեղադրանքները մատնանշեց, որոնք հնչում են նաեւ Ռուսաստանում: Ըստ բանախոսի` Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու, կամ միութենական պետության թեման եւս որպես քարոզչական թեզ ժամանակ առ ժամանակ ներկայացվել է, օրինակ` 2022թ. ընտրություններից առաջ եւ հետո` որպես տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը: «Շարունակում են ասել, որ Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի, անցյալ տարվա փետրվարից, նույնիսկ` Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ հարձակումից հետո: Նույնանման նարատիվներ օգտագործվել են Դիմադրության շարժման ցույցերի ընթացքում, եւ անգամ այդ քաղաքական ուղղվածության ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ այո, կոռուպցիա եղել է իրենց ժամանակ, բայց դա դրական ազդեցություն ուներ, քանի որ բանակն այն ժամանակ ավելի ամուր էր եւ պատրաստ էր պաշտպանել սահմանները, եւ հիմա, իբրեւ թե` ժողովրդավարությունն է խնդիրներ առաջացրել»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
Այս համատեքստում, բանախոսը նշեց, որ քաղաքական այդ ուժերը Հայաստանի կառավարությանն անընդհատ մեղադրում են Ռուսաստանի հետ կապերը թուլացնելու, կամ այդ հարաբերությունները բարդացնելու համար. «Միաժամանակ ասվում է, որ Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունները չկատարելը իր թուլանալու պատճառով է` Ուկրաինայի դեմ պատերազմի հետեւանքով: Ինչո՞ւ այդ պարտավորությունները Ռուսաստանը չէր կատարում այդ պատերազմից առաջ, դեռեւս առնվազն 2021թ. մայիսից, այդ խոսույթի դեպքում պարզ չի դառնում, սակայն, նրանք, ովքեր դա օգտագործում են` այդ հարցին չեն պատասխանում: Ցավոք, արեւմտյան որոշ փորձագետների, քաղաքական որոշ գործիչների մոտ էլ կա այդ ընկալումը, թե իբր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետեւանքով է այդ թուլացումը խնդիրներ առաջացրել»:
«Քանի որ, ռուսական պրոքսի համարվող ընդդիմադիր խմբավորումները չեն կարող իրենք իրենց ուժերով հասնել կառավարության հրաժարականին, նրանք, թերեւս, կախված են նրանից, թե ինչքանով Ռուսաստանը կարող է տնտեսական եւ այլ գործիքներ կիրառել այդ նպատակով` հօգուտ իրենց»,- նշեց Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով օրեր առաջ խորհրդարանական ընդդիմադիր դաշինքներից մեկի անդամ Աղվան Վարդանյանի` Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին, որի ընթացքում նա պարզաբանել է, թե ինչ նպատակով էին իրենք հանրահավաքներ, նստացույցեր անցկացնում եւ պատրաստվում են կազմակերպել ապագայում: «Ի վերջո, ըստ էության, նա խոստովանեց, որ իրենց նպատակը ռուսական վերահսկողությամբ միջանցքի բացումն է: Որոշ այլ ընդդիմադիր գործիչներ էլ պնդել են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, միեւնույն է, կստանան այդ միջանցքը` լինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի միջոցով: Եվ քանի որ միաժամանակ քննադատում են Հայաստանի պահվածքը Ռուսաստանի նկատմամբ, «խելոք չպահելը», նրանց արգումենտացիան հանգեցնում է նրան, որ իրենց փափագը ընդամենը այն է, որ ռուսական վերահսկողությամբ այդ միջանցքն ի վերջո բացվի եւ իրենք թեթեւացած շունչ քաշեն»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
Քննարկման մյուս բանախոսը՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը, թեմայի շրջանակներում անդրադարձավ հարցին` արդյոք անվտանգությունը եւ ժողովրդավարությունը հակադրելի են: «2015-ից մեր ջանքերը կենտրոնացրեցինք հասարակությանը բացատրելու, որ ճիշտ հակառակը, ոչ ժողովրդավարությունն է պետության թուլացման ռիսկեր ծնում, սակայն, այնուամենայնիվ, աղետը թակեց մեր դուռը, եւ այս հարցադրումը կրկին օրակարգում հայտնվեց` 44-օրյա պատերազմից հետո: Անունը չեմ տա, բայց Հանրային խորհրդում իմ գործընկերներից մեկը, որը հասարակության համար երեւելի անձերից է, ասաց` ավելի լավ էր մենք կոռուպցիայի մեջ երկիր ունենայինք, քան` տարածքային կորուստներ ունենայինք»:
Ըստ բանախոսի, քանի որ նման գնահատական հասարակության սերուցքի հատվածից է հնչել, նշանակում է` «ունեցել ենք աղճատված մտածողությամբ վերնախավ»: «Ժողովրդավարության ամենաառաջին, բայց ոչ բավարար պայմանը ազատ ընտրություններն են, եւ ոչ միայն ժողովրդավարության, այլեւ` ինքնիշխանության ամենակարեւոր ատրիբուտներից մեկը դա ժողովրդի իշխանությունն է` ժողովրդի կողմից իր ճակատագիրը որոշելու իրավունքն է: Պատկերացնենք մի պահ այն Հայաստանը, երբ 1995-ին Հայաստանում հանրաքվե չէր կեղծվում, 1996թ. նախագահական ընտրություններ չէին կեղծվում, 1998թ. իշխանության զավթում տեղի չէր ունենում, 1999թ. Հոկտեմբերի 27-ի նման սպանդ` պետության գլխատում տեղի չէր ունենում, 2003թ. ընտրություններ չէին կեղծվում, 2008թ. Մարտի 1 տեղի չէր լինում, բնականաբար, չէր լինում նաեւ 2018թ. հեղափոխություն, չէր լինում բողոքի կուտակվող էներգիա, որը պարպելու համար լուցկու ընդամենը մեկ հատիկ էր պետք»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը: Նրա համոզմամբ` երկրում սահմանադրական կարգը վերականգնելու բոլոր տապալված փորձերը, տապալված բոլոր քաղաքական շարժումները, եթե հաջողեին` 1996-ից սկսած, 1998-ին, 1999-ին, 2003-2004թթ., 2008-ին, 2013-ին, ապա մենք բացարձակապես այլ Հայաստանում կլինեինք: «Կլինեի՞ն, արդյոք, պաշտպանության բյուջեի մսխումեր, եթե իշխանության ճյուղերը միմյանց հակակշռեին, եւ օրենսդիրը չլիներ գործադիր իշխանության կցորդը, դատական իշխանությունն էլ չլիներ հեռախոսային արդարադատություն: Կլինեի՞ն բանակի հաշվին հարստացած գեներալներ…Կլինե՞ր «Պատրոն Դավոյի» գործ… Չէ՛ր լինի, եթե լիներ ԶՈՒ-ի նկատմամբ պատշաճ քաղաքացիական վերահսկողություն»:
Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ, ցավալիորեն, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով երկու եւ ավելի տասնամյակ մեր հասարակությանը ներշնչվեց, որ եւ գուցե այդպես ասողներն էլ դրան հավատում էին, թե` Ռուսաստանին եւ հետխորհրդային պետություններին պետք է ոչ թե արեւմտյան տիպի ժողովրդավարություն, այլ` «կառավարելի ժողովրդավարություն»: Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ «կառավարելի ժողովրդավարություն» արտահայտությունը 2000-ականներին հենց Վլադիմիր Պուտինը շրջանառության մեջ դրեց. «Նա էր, որ շրջանառության մեջ դրեց վերտիկալով, ուղղահայացով ինտեգրված, այսպես ասած` կառավարման բուրգի գաղափարը, որը գեղեցկագույնս տարածվեց հետխորհրդային երկրներում»:
Ինչո՞ւ են հիմա ռուսաստանահայ որոշ պրոպագանդիստներ զայրացել, հարցրեց Ստյոպա Սաֆարյանն ու պատասխանեց. «Կուրղինյաններ, Մարգարիտա Սիմոնյաններ, Անդրանիկ Միհրանյաններ…
Որովհետեւ նրանք նախկինում, օրինակ` 2003-ին, կարող էին գալ, նստել եւ որեւէ հեռուստատեսության եթերում, նախընտրական շրջանում ասել, թե` Ռուսաստանի համար ձեռնտու կլինի եւ ՌԴ-ի հետ կկարողանա աշխատել միայն Ռոբերտ Քոչարյանը, եւ դրանով ազդել հանրային տրամադրությունների վրա, եւ ուղղորդել ընտրություններն ու դրանց ելքը: Ու սա 2003թ. «Արդարություն» դաշինքի ՍԴ ներկայացրած բողոքի փաստերից մեկն էր` որպես արտաքին միջամտություն, որն արգելված էր: Այն ժամանակ, իսկապես, մեկ ելույթով, ձեւակերպումներով կարող էին ազդել հասարակության ընտրության վրա, մանավանդ որ անվտանգության կոնցեպցիան հենվում էր նրա վրա, թե` «Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է», որ` «Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի ստատուս-քվոն փոխվի», «Ռուսաստանը կզսպի Թուրքիային միջամտելու Արցախի շուրջ նոր պատերազմի բռնկման դեպքում, եթե Ադրբեջանը այդպիսի փորձ անի», «Ռուսաստանը ետ կպահի Ադրբեջանին հարձակումից»: Կատարյալ ստերի վրա հենված անվտանգային կոնցեպտում գեղեցկագույնս ներառված մի նարատիվ, ըստ որի` Ռուսաստանը, որպեսզի կատարի իր պարտականությունները, հետեւաբար Հայաստանի ղեկավարը պետք է լինի Ռուսաստանի հետ աշխատելու ունակ, ՌԴ-ի համար ցանկալի որեւէ գործիչ, ինչպես 2003-ին Միհրանյան եւ Կուրղինյան դուետն էր ներկայացնում` դա Ռոբերտ Քոչարյանն էր, ի տարբերություն մյուս հավակնորդների»:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով, այսպիսի աղետ, մեծ կեղծիք ստեղծեցին մեր շուրջ. «Եվ 2020թ. հանկարծ հայտնաբերեցինք, որ բոլոր միֆերը ուղղակի փուչիկներ են եղել, որովհետեւ Ռուսաստանը Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծած պատերազմն իրենը չի համարում, ինչպես Լավրովը առաջին շաբաթը հայտարարեց, թե այդ հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, երբ ակնհայտորեն թուրքական Զինված ուժերին պատկանող սպառազինությունը մնացել էր Ադրբեջանում զորավարժություններից հետո, եւ ոչ միայն թուրք խորհրդականները, այլեւ ողջ այդ տեխնիկան ներգրավվեց պատերազմի մեջ, իսկ Ռուսաստանը չտեսնելու էր տալիս այդ ամենը: Ես շատ լավ հիշում եմ ռուսական պրոպագանդիստական հերթական թոք-շոուները, որտեղ ասում էին` «իսկ ո՞ւր են F16-երը, որի մասին խոսում են հայերը…»: Այսինքն, ակնհայտ դարձավ, որ Թուրքիային, Ադրբեջանին զսպելու, ՀՀ անվտանգության երաշխավորը լինելու Ռուսաստանի դերակատարման մասին խոսակցություններն ընդամենը միֆ են»:
Բանախոսը ամփոփեց. «Անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն դիլեման, որն, իրականում, դիլեմա էլ չէ, այս հարցի պատասխանը մենք 1991թ.-ին պետք է սպառիչ փակած լինեինք, եւ այլեւս հետագա տարիներին երբեւէ չանդրադառնայինք` արդյո՞ք մենք արեւմտյան քաղաքակրթություն են, թե՞ արեւելյան, արդյո՞ք մենք իրավունք ունենք ինքնուրույն քաղաքականություն վարել, թե` ոչ, արդյո՞ք մենք պետք է լինենք լիակատար ժողովրդավարություն, թե՞ կիսաժողովրդավարություն: Այդ դեպքում մենք բացարձակապես այլ հետագծով, պատմության քաղաքական ժամանակի այլ հատված հասած կլինեինք»:
Շարունակությունը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 12.12.2023