Լրահոս
Օրվա լրահոսը

Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին

Դեկտեմբեր 13,2023 14:00

Քան թե հավատա տերությունների խոստումներին

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է 2024 թվականի մարտի 17-ին նախատեսված նախագահական ընտրություններին: Ինչպես եւ բոլոր բռնապետերը, նա «երկար էր մտածում». «տատանվում էր»՝ արժե՞ արդյոք մնալ գահին, բայց, ի վերջո, հայրենիքի նկատմամբ պարտքն ավելի կարեւորվեց, քան մնացած բոլոր նկատառումները:  Ընդառաջ գնալով բազմամիլիոնանոց աշխատավորների խնդրանքներին՝ նա որոշեց իշխել եւս 6 տարի՝ այսպիսով երկարաձգելով իր գահակալությունը մինչեւ 2030 թվականը:

Սպասվող ընտրություններում «ֆեյք» թեկնածուները (մրցակցության իմիտացիա ստեղծողները) ցուցադրաբար գորշ են, աննշան, Ժիրինովսկու կամ Զյուգանովի նման չեն՝ հստակ ցույց տալու համար, որ ոչ մի լուրջ մարդու մտքով չի անցնում մրցակցության մեջ մտնել «ցարի» հետ:

Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես գնում է, ապա 2030 թվականին Պուտինին դարձյալ «կհամոզեն» մնալ գահին եւս 6 տարի: Այսպիսով, բրեժնեւյան «պոլիտբյուրոն», որի մասին մենք ժամանակին անեկդոտներ էինք պատմում, Պուտինի, Պատրուշեւի, Լավրովի հետ համեմատ, մեզ կներկայանա որպես կայտառ երիտասարդների մի խումբ:

Այս անգամ Պուտինին «վերջնականապես համոզողը» այսպես կոչված, ДНРի խորհրդարանի խոսնակ Արտյոմ Ժոգան էր, որը ՌԴ նախագահին էր փոխանցել «բոլոր վերամիավորված տարածքների» բնակչության թախանձագին խնդրանքը: Այս խորհրդանշական ժեստը կանխորոշում է ոչ միայն ընտրարշավի օրակարգը, այլեւ հետագա 6 տարվա գահակալության ընթացքը:

2024 թվականին ընտրություններ են անցկացվելու նաեւ Միացյալ Նահանգներում: Ի դեպ, այս պահի դրությամբ հիմնական թեկնածուները՝ Բայդենը եւ Թրամփը, նույնպես, մեղմ ասած, երիտասարդ չեն: Բայց, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն: Փոխարենը բավականին կանխատեսելի են ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք, թեթեւակի երանգներով, նույնն են լինելու՝ անկախ նրանից, թե ով կհայտնվի Սպիտակ տանը:

Ես շարունակում եմ պնդել, որ Միացյալ Նահանգները բացարձակապես շահագրգռված չէ Ռուսաստանի փլուզման կամ մասնատման մեջ: ԱՄՆ-ը եւ հավաքական Արեւմուտքը զարտուղի ճանապարհներով շարունակում են ՌԴ-ի հետ պահպանել առեւտրային լուրջ կապերը: ԱՄՆ-ը Ուկրաինային բավականաչափ զենք չի մատակարարի, որպեսզի այդ երկիրը կարողանա վերականգնել 1991 թվականի իր սահմանները:

Ավելին՝ իմ տպավորությամբ, որոշ դասավորությունների դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է զոհաբերել Ուկրաինան՝ իր համար ավելի կարեւոր ոլորտներում եւ տարածաշրջաններում հաջողության հասնելու համար: Այդ հավանականությունն ավելի մեծ է այն դեպքում, եթե Վաշինգթոնում իշխանության գա հանրապետական վարչախումբը:

Հայաստանում Փաշինյանի «արեւմտամետ» քարոզիչները համաշխարհային գործընթացները ներկայացնում են բավականին պարզունակ ձեւով. մի կողմից՝ վայրագ, հետամնաց Ռուսաստանը, մյուս կողմից՝ առաջադիմության ու բարոյականության շողշողացող գագաթներին գտնվող Արեւմուտքը, եւ քանի որ իրենց «շեֆն» ուղնուծուծով արեւմտյան արժեքների ջատագով է, նա իբր ձգտում է այդ գագաթներին:

Բայց արտաքին քաղաքականությունն այդպես չի աշխատում: Այդ նույն քարոզիչներն ասում են՝ «Ռուսաստանը մեզ քցել է», եւ այդ առումով ճիշտ են, եթե, իհարկե, նման գողական արտահայտությունը պատշաճ է, կիրառելի է միջազգային հարաբերություններում: Բայց ի՞նչ են նրանք ասելու, եթե ԱՄՆ-ը «քցի» Ուկրաինային կամ նույնիսկ՝ Իսրայելին: Ոչ մեզ, ոչ վրացիներին, ոչ ուկրաինացիերին, ոչ էլ իսրայելցիներին խորհուրդ չէի տա ոգեւորվել որեւէ տերությամբ: Նրանք կարող են մղել ինչ-որ քայլերի, խոստումներ տալ, իսկ հետո մի կողմ քաշվել:

Ինչ մնում է արժեքային համակարգին, որով իբր առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները, ապա Փաշինյանի Հայաստանը շատ ավելի մոտ է Պուտինի Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին եւ, առավել եւս, Դանիային կամ Շվեդիային:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031