«Մենք բանակ ստեղծեցինք, որը ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայության տվյալներով, 2021 թվականին, աշխարհի 140 երկրների մեջ 97-րդ տեղում է եղել: Մեր բանակը կրճատվել է 2,5 անգամ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք, ոստիկանությունն աճել է երեք անգամ»,- այսօր «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Սյունիքի նախկին փոխմարզպետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ազգային-անվտանգության 6 բաղադրիչները Նիկոլ Փաշինյանը վերացրել է:
Նա նաեւ հիշեցրեց, որ ՀՀ ԶՈՒ եւ ոստիկանության կանոնադրության համաձայն, ոստիկանական ուժերը ունեին երկրի պաշտպանությանը մասնակցելու պարտավորություն, բայց այն նույնպես հանվել է: Նրա գնահատմամբ, բանակը, որպես անվտանգության բաղադրիչ, Նիկոլ Փաշինյանը չեզոքացրել է. «Մենք ունենք 45 հազարանոց բանակ, Ադրբեջանն ունի 120 հազարանոց բանակ: Ընդ որում, ՀՆԱ-ի համեմատ բանակին տրամադրված մեր բյուջեն նվազել է 0,3 տոկոսով, իսկ Ադրբեջանում ավելացել է 1,2 տոկոսով»:
Վոլոդյա Հովհաննիսյանը մեջբերեց նաեւ Լեոյի գրառումները, որոնցից պարզ է դառնում, որ 1800-ականներին Արցախում 100 հազար օջախ է եղել եւ եթե ամեն օջախում, ընդունենք, որ հինգ մարդ է ապրել, Արցախում 500 հազար հայ է ապրել եւ 300 տարի անց, կապիտուլյանտ Նիկոլը Արցախը հանձնեց:
«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն այսօր կլոր սեղան-քննարկում էր նախաձեռնել՝ հիմնավորելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Քննարկման օրակարգային հարցերն էին՝ Արցախի հանձնումը եւ ՀՀ անվտանգության համակարգի, ազգային հաստատությունների կազմաքանդումը։ Քննարկմանը հրավիրված էին տարբեր քաղաքական եւ հասարակական միավորների ներկայացուցիչներ: Շարժման անդամները կարծում են, որ միասին պետք է որոշել՝ ինչպե՞ս հասնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն եւ դա պետք է անել միասին: Քննարկման մասնակիցները հիմնական հարցում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, համամիտ էին:
Կարդացեք նաև
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի անհանգստությունը վերաբերվում է Հայաստանի անպաշտպանությանը. «Ասում են, որ հիմա Ադրբեջանը չի հարձակվի, Մեծ Բրիտանիան ու Թուրքիան զսպում են, Ռուսաստանը թույլ չի տա, և այլն, բա որ հանկարծ հարձակվեց։ Երկիրն անպաշտպան է։ Ալիևը մշտապես ասում է՝ Հայաստանը Կովկասի մարմնի վրա օտար մարմին է, որը պետք է հեռացնել։ Իսկ եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն Երասխով մտնել Երևա՞ն, հո սա կինո՞ չէ, որ ասենք՝ սպասեք, կադրերը հետ տանք։ Այսօր մեզ համար գոյութենական խնդիր է դրված»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ