Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Արդեն 435 մեդալ ունենք եւ հուսամ, որ մինչեւ տարեվերջ 440-ի սահմանը կանցնենք»

Դեկտեմբեր 12,2023 17:17

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց անցնող տարին եւ ներկայացրեց մարզական ոլորտում մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը, որում շարունակվում է մեծ ուշադրություն դարձնել մասսայական սպորտին եւ առողջ ապրելակերպին:

Կարեն Գիլոյանն անդրադարձավ նաեւ մեծ սպորտում արդեն իսկ գրանցված եւ դեռ սպասվող նվաճումներին, որոնք գերազանցել են երբեւէ արձանագրված ցուցանիշները: «Մենք այսօր արդեն ունենք 435 մեդալ եւ դեռ մրցումներ կան, որտեղից եւս ակնկալիքներ ունենք: Հուսամ՝ 440-ի սահմանը կանցնենք: Մեդալների կայուն աճը նշանակում է, որ սպորտը ճիշտ ուղով է ընթանում»,-ասաց փոխնախարարը եւ նշեց, որ այդ ամենն իրականություն է դառնում այն պայմաններում, երբ մենք գրեթե ենթակառուցվածքներ չունենք ու այս առումով շատ խեղճ ենք:

Այս համատեքստում նա նշեց, որ կարեւորվում են հենց ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, համապատասխան գույքի ձեռքբերումն ու բաշխումը: «Շուտով շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցը Արմավիրի մարզում: Գալիք տարի շահագործման կհանձնվեն գեղարվեստական մարմնամարզության եւ հեծանվային սպորտի մարզադպրոցները Երեւանի Շենգավիթ համայնքում: Մեկ տարի հետո Գյումրիում դռները կբացի Արթուր Ալեքսանյանի անունը կրող հսկայական մարզահամալիրը, որը նախապես ծրագրված էր կառուցել որպես մարզադպրոց: Եվ եթե այն նախապես նախատեսված էր մարզումների համար, հիմա նաեւ պատրաստ կլինի ընդունել ամենաբարձր կարգի մրցումներ»,-ասաց Կարեն Գիլոյանը ու թվարկեց նաեւ այլ մարզակառույցներ, որոնց հիմնանորոգումը կամ կառուցումը արդեն իսկ ընթացքի մեջ է եւ պիտի սկսվի առաջիկայում կամ էլ փաստաթղթավորման ու նախագծման փուլում են:

Նրա խոսքով, ենթակառուցվածքների ստեղծումն ու ընդլայնումը դեպի մարզեր հնարավորություն է տալիս Հայաստան բերել միջազգային ամենաբարձր մակարդակի առաջնություններ, մրցաշարեր ու մրցումներ, որոնք նպաստում են տվյալ մարզաձեւերի աշխարհագրության ընդլայնմանը հանրապետությունում, վարպետության բարձրացմանը, ինչն էլ հանգեցնում է մարզական նվաճումների կանոնավոր աճին:

Հայաստանում սպորտի զարգացումը մեծապես պայմանավորված է նաեւ մարզիչների որակից, միջազգային ֆեդերացիաներում հայ մասնագետների ընդգրկվածությունից, որոնց լուծման ուղղությամբ եւս աշխատանքներ կատարվում են:

Aravot.am-ի դիտարկմանը, թե հանրապետությունում բավականին շատ են դեռ խորհրդային տարիներին եւ դրանից հետո կառուցված լողավազանները, որոնք երկար տարիներ չեն օգտագործվում, հնարավոր չէ՞ դրանք վերանորոգել եւ շահագործել, այդ թվում՝ նաեւ որոշ ժամերի հանրակրթական դպրոցների աշակերտներին տրամադրելով որպես ֆիզկուլտուրայի դասի կազմակերպման միջոց, Կարեն Գիլոյանը պատասխանեց. «Ցավոք, լողավազանների վիճակը, իրոք, տխուր է Հայաստանում: Երեւան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, գուցե, մի երկու քաղաք եւս, որտեղ նորմալ գործող լողավազան կա: Բոլոր մարզերում, որտեղ մարզահամալիրներ կկառուցվեն, լողավազան ունենալը պարտադիր պայման է: Եվ դրանց շահագործումն էլ, հիմա մենք բանակցում ենք զանազան կառույցների հետ, պատվիրակելու ենք այնպիսի ընկերությունների, որոնք ի վիճակի կլինեն պետությունից գումար չվերցնելով՝ ինքնածախսածածկմամբ եւ հնարավորություն տալ մարդկանց մարզվելու, եւ գումար աշխատել: Լողը սիրված մարզաձեւ է, առողջարար մարզաձեւ է, ստրատեգիկ մարզաձեւ է: Եվ հնարավորություն ստանալու դեպքում մարդիկ կգնան ու կմարզվեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031